«Ինչ որ Արմեն Մուրադյանն ու Շուշանն ինձ հետ խոսում էին, մեկ օր հետո քննիչները նույն հարցերն էին բառացի ինձ տալիս, ու հասկացա՝ էս ամեն ինչի մեջ կապ կա… Մուրադյանն ինձ ասում էր՝ շենքը առել եք, որ Աշոտյանի հետ ուտեք». Աշոտյանի գործով վկա
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին շարունակվեց առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը: Վկայի հարցաքննությունն իրականացվեց փակ ռեժիմում:
Հիշեցնենք, որ հենց Կարեն Ակոպյանի նկատմամբ կիրառված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում է Արմեն Աշոտյանն արդեն մեկ տարի 2 ամսից ավելի կալանավորված:
Նախորդ նիստին Կարեն Ակոպյանին հարցեր էին տալիս Արմեն Աշոտյանի պաշտպանները:
Վկայի հարցաքննությունը կրկին չավարտվեց: Դատական նիստն ընդհատվեց. Մարթա Սիմոնյանն ընդմիջումից հետո չէր ներկայացել:
Մինչ նիստն ավարտելը Ռուբեն Մելիքյանը 2 հայտարարություն արեց, որոնցից մեկը վերաբերում էր Աշոտյանին դատարան ուշ բերելուն, մյուսը կապված էր ԱԱԾ-ի գրության հետ: Արմեն Աշոտյանին մինչև հիմա չեն տրամադրել Կարեն Ակոպյանի արտաքին ու ներքին դիտման նյութերի այն հատվածները, որոնք վերաբերում են իր անձին:
Այսօրվա դատական նիստին Կարեն Ակոպյանին հարցեր էին ուղղում Լարիսա Բարսեղյանի պաշտպանները: Վկան ասաց՝ հարգալից հարաբերություններ է ունեցել Բարսեղյանի հետ, երբեք չեն փորձել միջամտել միմյանց աշխատանքին:
Ավարտից հետո հանրային մեղադրողները կրկին ցանկացան հարցեր ուղղել Կարեն Ակոպյանին. հակասություններ էին գտել: Օրինակ՝ վկայի ու Արմեն Աշոտյանի հանդիպման մասին ցուցմունքներում՝ Կարեն Հարությունյանի տան բակում միակ հանդիպման մասին դատախազները Կարեն Ակոպյանին հարցեր ուղղեցին, թերևս, արդեն 3-րդ անգամ:
Բացի դրանից, Կարեն Ակոպյանը ստիպված եղավ հերթական անգամ ասել, որ քննիչներն իրենից պահանջել են ասել միայն ճշմարտությունը, և երրորդ անգամ հաստատել՝ այո՛, թեպետ Մարթա Սիմոնյանի գործողություններն իրավաչափ են եղել, բայց ինքը պատրաստ էր անգամ սուտ ցուցմունք տալ, միայն թե Մարթա Սիմոնյանը չկալանավորվի:
«Ես քննիչներին պատմում էի բացարձակ ճիշտը, բայց քննիչներն ինձ անընդհատ ասում էին՝ սուտ ես ասում, սուտ ես ասում… Ես էլ ասացի՝ լավ, ի՞նչ եք ուզում՝ ասեք՝ ասեմ, էդ մարդուն մի տարեք, նստեցրեք: Ի՞նչ եք ուզում, ո՞նց եք ուզում, ասե՛ք, տենց գրեմ, էդ մարդուն մի՛ նստեցրեք: Ինքն էլ ասում էր՝ մեզ պետք է ճիշտը, բայց ճիշտը սա է: Ու ասում էին իրենց մեկնաբանությունը, ինչը կոգնիտիվ դիսոնանս էր առաջացնում: Փաստորեն, «իրենք ավելի լավ գիտեին», քան ես… Դրա համար ես պատրաստ էի այդ ցուցմունքը տալ ու հետագայում այդ պատասխանատվությունը կրել: Ի՞նչ կլիներ, ինձ հետաքրքիր չէր, մենակ թե՝ էդ մարդուն չտանեին, չնստեցնեին»,- ասաց վկա Կարեն Ակոպյանը:
Վերջինս նաև ասաց՝ իրենց կյանքում եղել է շրջան, երբ իր համար Մարթա Սիմոնյանը կարևորություն չի ունեցել, և այդ շրջանը շարունակվում է մինչև այսօր, և եթե այդ շրջանում ինքը որևէ բան հիշեր նրա ենթադրյալ անօրինական գործողությունների մասին, անպայման կասեր, բայց այդպիսիք չեն եղել:
Ի վերջո, դատախազների «ջանասիրությունը» նյարդայնացրեց նաև դատավոր Վահե Դոլմազյանին, ով պահանջեց հարցերը հստակ ու ըստ էության ձևակերպել:
Ամեն դեպքում դատախազները պնդեցին՝ վկայի նախաքննական ցուցմունքների ու դատարանում տված ցուցմունքների միջև հակասություններ կան, և միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Դատավոր Դոլմազյանն ասաց՝ իր հարցերից հետո հնարավորություն կտա վկային հակասությունների հատվածներից հարցեր տալ:
«Ուսման վարձս մուծելու հարցում ինձ օգնել է Արմեն Աշոտյանը և ոչ միայն ինքը, նաև Մարթա Սիմոնյանը»,- ասաց վկան՝ հավելելով՝ Մարթա Սիմոնյանի հետ հետո է մտերմացել, Արմեն Աշոտյանին ճանաչում է 2010-2011 թվականներից:
Վերջինս նկատեց՝ 2017-2018թթ. ինքը եղել է Մոսկվայում:
«Վերադարձել եմ կա՛մ 2018թ. օգոստոսին, կա՛մ սեպտեմբերին: Ինձ աշխատանքից ազատել է Արմեն Մուրադյանը, որի հետ իմ հարաբերությունները շատ վատ էին, ու դա նրա նախաձեռնությունն էր: Երբ Մուրադյանը եկավ, 15 րոպեում ինձ ազատեց աշխատանքից՝ պատճառաբանելով, որ իրեն պատուհանի տակ եմ նստեցրել, մինչդեռ ռեկտորի կողքն էի նստեցրել, որն էդ ժամանակ ամենապատվարժան տեղն էր: Հետո սկսեց զզվեցնել՝ էս բանը ծուռ եք կառուցել, էդ շենքը («Նավասար» հյուրանոցի սենյակները,- Կ. Ա.) առել եք, որ Աշոտյանի հետ ուտեք: Ես ոչինչ չեմ պատասխանել, անադեկվատ մարդու անադեկվատ հարցերին պատասխան չունեի: Մուրադյանի դեմքին նայում էի, որպես պացիենտի էի վերաբերվում: Ես սա վիրավորելու համար չեմ ասում: Ուսումնասիրություն եմ արել ու հասկացել, որ մարդը տառապում է նարցիսիզմով: Ու կտեսնեք բոլորդ, որ հիմա էլ է որպես դասախոս ինձ աշխատանքից ազատելու, դա անելու համար կգտնի տարբերակ ու ձև»,- Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ կապված դրվագները ներկայացրեց Կարեն Ակոպյանը:
Դատավորի հարցին՝ ո՞ւմ հետ է նա քննարկել գործի հանգամանքները, Կարեն Ակոպյանն ասաց՝ չգիտի՝ ինչպես պատասխանի այդ հարցին:
«Բայց ասեմ: Ռեկտորի աշխատակազմի ղեկավա՞րն էր, թե՞ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Շուշանիկի հետ (Շուշան Դանիելյան,- Գ.Ս.) այս թեմայի մասին շատ ենք խոսել: Ինքը ինչ հարց տալիս էր, ես պատասխանում էի: Հասկանում էի, որ ինքը պիտի տիրապետի իրավիճակին: Ստուգող մարմինների հետ աշխատանքներն ինքն էր անում: Նաև Մարթայի հետ եմ քննարկել, մեր իրավաբանական վարչության պետի՝ Մելիք Սողոմոնյանի հետ, օրինակ, լիազորագրի մասով»,- ասաց Կարեն Ակոպյանը:
Դատավորը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ հարցեր է իրեն տվել Շուշանիկը:
«Ինքն ինձ հարցնում էր՝ ինչի՞ համար եք առել, ո՞վ է նախաձեռնել: Մինչև հիմա էլ վստահ եմ, որ ես եմ նախաձեռնել պանսիոնատ ունենալու առումով»,- նշեց վկան:
Վերջինս նաև նկատեց՝ ինքն աշխատանքից ազատվելուց որոշ ժամանակ անց նշանակվել է Արմեն Մուրադյանի օգնական:
Դատավորի հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ լարված հարաբերություններից հետո Մուրադյանն իրեն նման պաշտոն առաջարկեց, վկան արձագանքեց՝ «Անկեղծ ասե՞մ», ինչին Վահե Դոլմազյանը պատասխանեց, որ ճիշտ ցուցմունք տալը վկայի պարտավորությունն է:
«Կարիքս ուներ, որովհետև նոր ռեկտոր էր, լիքը մարդիկ էին հեռացել, և իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից: Բայց հետո էլի սկսեց Աշոտյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել ու անընդհատ ասում էր՝ միասին եք արել: Ինչ լիներ, միշտ ես էի մեղավոր: Հետո հասկացա, որ էս մարդը 2 բան է ուզում՝ լինես սև, որ ինքն իմ ֆոնին սպիտակ լինի, հետո բուհ-ի ողջ գումարը տվեց, վարկը փակեց, որ ասի՝ եկա, կարճ ժամանակ անց բուհ-ի պարտքերը մարեցի: Ինչի՞ մնայի, հանդուրժեի, թողեցի, դուրս եկա»,- ասաց Կարեն Ակոպյանը:
Դատավորի հարցին՝ Արմեն Մուրադյանի՝ ռեկտոր դառնալու ժամանակ այլ քաղաքական իրավիճակ էր, ինչո՞ւ էր նա թիրախավորել Աշոտյանին, վկան պատասխանեց.
«Լայվերի մասին ասածս վերաբերել է հատկապես Աշոտյանի կալանավորվելուց առաջ վերջին շրջանին: Բայց ինչո՞ւ Ձեր հարցն ինձ հուշում թվաց: Երբ քննիչները այս գործով սկսեցին աշխատանք տանել, իրենք նույն նախադասություններն էին ասում բառացի: Ինչ որ Շուշանն ու Մուրադյանն ինձ հետ խոսում էին, մեկ օր հետո քննիչները նույն հարցերն էին ինձ տալիս, ու հասկացա, որ էս ամեն ինչի մեջ կապ կա: Ու հիշեցի, երբ դեռ ինքը նոր էր եկել, ինչ գտնում էր, ամեն բան կապում էր Արմեն Աշոտյանի հետ: Հասկացա, որ Մուրադյանը համաձայնության է եկել, ու երբ Աշոտյանը քաղաքական գործունեություն է ծավալում, շատ հարմար ժամանակ է, որ Արմեն Մուրադյանն այդ խարույկի վրա իր ձեռքերը տաքացնի, իշխանությունն էլ իրենը ստանա»:
Վկան պնդեց՝ բազմիցս է Արմեն Աշոտյանին ասել, որ իր քաղաքական ուղիղ հեռարձակումների՝ լայվերի պատճառով շատ մարդիկ են տուժելու և առաջին հերթին՝ ինքն ու Մարթան:
«Հետո, երբ եղավ լայվեր, որոնք փաստացի մարդկանց անձնականին էին վերաբերում, ես արդեն ամեն վայրկյան սպասում էի, որ այդ ծանրությունը կրելու եմ իմ ուսերի վրա: Մանավանդ այդ հայտնի մարդկանցից մեկի հետ որոշակի հեռակա բարեկամություն կա իմ կնոջ կողմի հետ և իմ ընկերոջ փեսան է նաև: Խոսքը Արգիշտի Քյարամյանի մասին է: Արդյունքում՝ ես ինձ շատ մոտ մարդկանց կորցրեցի: Իմ ընտանիքի անդամ կորցրեցի: Խոսքս Մարթա Սիմոնյանի մասին է: Կորցրեցի մեծ շրջապատ, որոնց մեջ կային շատ ազնիվ, պարկեշտ, հայրենասեր մարդիկ: Ու ես էդ ամեն ինչը կորցրեցի»,- ասաց վկան:
Նրա խոսքով՝ երբ գործը հարուցվել է, ինքը հասկացել է, որ դրա կիզակետում պահելու են Արմեն Աշոտյանի անունը՝ այս գործը թեժ պահելու համար: Ինքը հարցաքննության գնալուց առաջ զանգել է Արմեն Աշոտյանին, խնդրել իրեն տալ փաստաբան Տիգրան Աթանեսյանի համարը:
«Արմեն Աշոտյանին ասել եմ՝ ինձ ինչ հարցեր է տվել Արմեն Մուրադյանը: Եվ ասել եմ՝ դու ինձ ասում ես՝ Մուրադյանն ինձ ընկեր է, օգնի՛ր իրեն, նոր է եկել, քո կարիքը կլինի, բայց ես գնում եմ իր մոտ, ինքը լրիվ ուրիշ բան է խոսում ու հատկապես՝ քո մասին»,- ասաց Կարեն Ակոպյանը:
Վկայի խոսքով՝ ինքն Աշոտյանին ասել է, որ այս ամենը լավ տեղ չի տանելու, և, որ մեկին անպայման մի օր կնեղացնեն:
«Երբ ծանուցում ստացել եմ, միանգամից զանգել եմ պարոն Աշոտյանին, հարցրել՝ կարո՞ղ եմ իր պաշտպանի ծառայությունից օգտվել… Տիգրան Աթանեսյանի գալը մեծ հաշվով օգուտ չտվեց ինձ: Երբ հարցնում էի՝ ինչ պետք է ասեմ, ինձ ինչ են հարցնելու, նա տեղյակ չէր, ու ես հրաժարվեցի նրա ծառայություններից: Հետո ինձ խորհուրդներ էին տալիս Բժշկական համալսարանի իրավաբանները»,- ներկայացրեց վկան:
Նա նաև ասաց՝ պատկերացում չի ունեցել, որ իրեն այս գործով մեղադրանք կառաջադրեն, մտածել է՝ գնման գործընթացի հետ կապված ինչ-որ խնդիր կա:
«Ես ինձ մեղավոր չէի զգում, առաջին անգամ հասկացա՝ էս ամենը լուրջ է, երբ Համալսարանում բարևեցի Մարթային, իսկ նա խնդրեց հեռու մնալ, որ միմյանց չվնասենք, ասաց՝ բոլորիս հետևում են հիմա, հեռու մնանք իրարից, կասկածի տեղիք չտանք»,- ասաց վկան:
Կարեն Ակոպյանը շեշտեց՝ ինքն ու Աշոտյանը չեն հանդիպել, և միայն մի անգամ ինքը գնացել է՝ նրան ներկայացնելու իրավիճակի լրջությունը:
«Իմ պատկերացմամբ՝ Աշոտյանը երևի չգիտեր, որ Մարթայենց ընտանիքում լուրջ իրավիճակ է: Ասել եմ՝ Արմեն ջան, Մարթայենց տանը լուրջ խնդիր կա այլևս, առողջական հարցեր կան, չեմ ուզում փակագծերը բացել: Վաղուց էն հարաբերությունները չունենք, ու քո նկատմամբ էլ էն ջերմությունը չկա, ինչը, ենթադրում եմ, դու պիտի պատկերացնես: Ես ու Գոռը (Մարթա Սիմոնյանի ամուսինը,- Գ.Ս.) արդեն համարյա թշնամացած վիճակում ենք իրար հետ: Իրար հետ բարձր տոներով ենք խոսում: Անընդհատ հարցաքննում ենք իրար, ինձ թվում է՝ սենց որ շարունակվի, վերջը իրար ծեծելու էլ ենք: Խնդրում եմ, մի բան արա՛, էս հարցը քո քաղաքական լայվերն են սրել, դու էս հարցին լուծում տուր»,- պատմեց Կարեն Ակոպյանը:
Հայտարարվեց ընդմիջում, որից հետո Կարեն Ակոպյանն ասաց՝ նոր բան չունի ասելու, այլևս չի ցանկանում ցուցմունք տալ:
«Անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք, ու իմ հասանելիքը ինչ կլինի, ես այլևս չեմ ցանկանում ցուցմունք տալ: Անիմաստ ես ինձ տանջում եմ, նոր բան չունեմ ասելու: Ոչինչ չի փոխվել այս 1 ժամվա ընթացքում»,- ի պատասխան դատավորի հարցի՝ ինչո՞ւ նման որոշում կայացրեց, ասաց Կարեն Ակոպյանը:
Մինչ քննարկվում էր հարցը, վկան արձագանքեց՝ «Ի՞նչ, հիմա ինձ պետք է բռնի հարցաքննե՞ն»:
Դատարանը որոշեց՝ վկային հարցեր կտան, սակայն վերջինս կորոշի՝ պատասխանե՞լ, թե՞ ոչ:
«Բժշկական համալսարանն ընտանիք էր: Մենք բոլորս իրար գիտեինք ու ամեն ինչով օգնում էինք: Եթե պետք էր լինում ինչ-որ մեկին օգնել, նիստ էինք անում, հարցը քննարկում»,- պատասխանելով դատավորի հարցին՝ ինչպես էին լուծվում ներբուհական սոցիալական խնդիրները, ասաց Կարեն Ակոպյանը:
Նա նաև ասաց՝ բուհ-ի արտերկրյա հյուրերին իրենց գումարով հյուրասիրել են, ու գտնում է, որ ճիշտ են արել:
«Պետք էր լավ իմաստով կաշառել, որ այդ մարդիկ բուհ-ի մասին լավ տպավորություն ունենային: Միքայել Զախարիչը (Նարիմանյան,- Գ.Ս.) հետագայում իմանում էր, ասում էր՝ ինչո՞ւ չեք ասել: Բայց մենք դա անում էինք, ճիշտ էր, դա հետագայում իր պտուղները տալիս էր: Նոր երկրներից ուսանողներ էինք ունենում: Ես, օրինակ, հյուրերից մեկի համար նկար եմ առել»,- ասաց Կարեն Ակոպյանը:
Դատավորի մյուս հարցին՝ ինչի՞ց է վկան հասկացել, որ իրեն գաղտնալսում են, վերջինս պատասխանեց՝ զգում էր:
«Ես քննիչին ասել էի, որ տուն ծանուցում չուղարկեն. ասել էի՝ զանգեք, կգամ: Մի օր զանգեցին, կանչեցին, գնացի, ինձ քննիչը պատմեց՝ երեկ ուր եմ եղել, ինչ եմ խոսել: Հետո մի օր գիշերը ժամը 04:00-ին պատուհանիս վրա կանաչ լազեր ընկավ: Մի անգամ էլ հայրս ասաց՝ քննիչին տեսել է մեր շենքի մոտ, հետո Շոխոյանն ինքը ինձ ասաց՝ մեր շենքում շատ է լինում: Ես հասկացա, որ եթե անգամ մեքենան փոխած, առանց հեռախոսի ինչ-որ տեղ եմ գնում, իմանում են»,- ասաց վկա Ակոպյանը:
Նա կրկին պնդեց՝ իր նկատմամբ նախաքննության փուլում Արմեն Աշոտյանի կամ նրա մերձավոր շրջապատի կողմից բացարձակ որևէ ապօրինի ազդեցության փորձ, հոգեբանական ճնշում, միջամտություն չի եղել:
«Արմեն Աշոտյանն այն մարդն էր, որ որևէ մեկին ոչինչ չէր համոզի: Ինքն էն մարդն էր, ով լինելով նախարար, թռչում էր էկոնոմ դասով, որ պետությանը վնաս չպատճառի»,- ասաց Կարեն Ակոպյանը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին: