«Աշոտյանին խնդրել եմ՝ լայվ անի, ներողություն խնդրի, հանդիպի էսօրվա քաղաքական իշխանության հետ, որովհետև իրեն պատժելու համար մարդ է տուժում». Աշոտյանի գործով վկան պնդեց՝ Աշոտյանին հետապնդում են նրա լայվերի համար

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին շարունակվեց առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը: Վկայի հարցաքննությունն իրականացվեց փակ ռեժիմում: Կարեն Ակոպյանի պատասխանները թերևս սառը ցնցուղ էին հանրային մեղադրողների համար, որովհետև ըստ էության դրանք փլեցին ողջ քրեական վարույթը, որը «կարվել էր»՝ մեկուսացնելու համար ընդդիմադիր քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանին:

Հիշեցնենք, որ հենց Կարեն Ակոպյանի նկատմամբ կիրառված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում է Արմեն Աշոտյանն արդեն մեկ տարի 2 ամսից ավելի կալանավորված:

Այսօր Կարեն Ակոպյանի հարցաքննությունը շարունակվում էր: Հարցեր էին տալիս Արմեն Աշոտյանի պաշտպանները:

Կարդացեք նաև

Վկան նախ ասաց, որ չունի տեղեկություն այն մասին, որ Արմեն Աշոտյանը հանձնարարություն է տվել «Նավասարդ» հյուրանոցային համալիրի սենյակները ձեռք բերելու վերաբերյալ:

Հարցին՝ երբ ձայնագրության մեջ վկան Մարթա Սիմոնյանի ամուսնու՝ Գոռի հետ զրույցում ասում է՝ «Հիմա ես սենց եմ մտածում. Գնամ, ասեմ՝ ես եմ Մարթային ասել՝ ստորագրի, ինձ ասել է Նարիմանյանը, որ էդ բանը պիտի արվի, Արմեն Աշոտյանն է ասել», դա իր ենթադրությո՞ւնն է, վկան պատասխանեց՝ այո:

Վկան նաև ասաց՝ չի տիրապետում որևէ փաստի, որ Արմեն Աշոտյանը ռեկտոր Նարիմանյանին հանձնարարություն է տվել արհմիության համար բնակարաններ ձեռք բերելու համար: Նման հանձնարարություն Արմեն Աշոտյանը չի տվել նաև իրեն, ինչպես նաև նրա հետ տարածքներ գնելու մասին խոսակցություն նույնպես չի ունեցել:

«Իրենց պատկերացմամբ՝ սենց ա եղել. Մենք պրոֆկոմը դիտմամբ ստեղծել ենք, որովհետև էն մյուս պրոֆկոմով չենք կարողացել էդ առևտուրն անենք: Որպեսզի էս պրոֆկոմով գնումը կազմակերպվեր, ու հետո էդ պրոֆկոմը ցրվեր: Էդ բանը Աշոտյանը իրացներ… Իրենց պատկերացմամբ՝ Աշոտյանը կազմակերպել է Մարթայի հետ, Մարթան համոզել է ինձ, երկուսով գնացել ենք, Նարիմանյանին համոզել, Աշոտյանն էլ Նարիմանյանին ստիպել է, ու էդքան բան արել ենք»,- այս մեջբերումը ձայնագրությունից բարձրաձայնելով՝ Ռուբեն Մելիքյանը վկային հարցրեց՝ «Իրենց պատկերացմամբ» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի՞՝ քննիչի՞ն…

Վկան շնորհակալություն հայտնեց հարցի համար ու հստակեցրեց՝ «Իրենք»-ը քննիչներն են, մեկ քննիչ չի եղել, մի քանիսն են եղել:

Կարեն Ակոպյանը չբացառեց նաև, որ այս վարույթի վերաբերյալ ինքը զրուցել է իր ընկերների, կնոջ ու ծնողների հետ, ինչպես նաև ասաց, որ Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրան հանդիպել է մեկ անգամ:
«Հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանին խնդրանք եմ ուղղել: Ասել եմ, որ խնդիրը քաղաքական է, և նրա պատճառով տուժում է մարդ (Մարթա Սիմոնյանը.- Կ.Ա.), ով բացարձակապես կապ չունի: Խնդրել եմ, որ թեկուզ լայվ անի, ներողություն խնդրի, գնա-հանդիպի էսօրվա քաղաքական իշխանության հետ, որովհետև իրեն պատժելու համար տուժում է մարդ»,- ասաց վկան, ապա հավելեց՝ Աշոտյանն ասել է՝ ինչ ուզում եք, գրեք, ոչինչ չթաքցնեք:

Կարեն Ակոպյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանն իրեն ասել է, որ առանց փաստաբանի՝ հարցաքննության չգնան, բայց կոնկրետ փաստաբան չի առաջարկել: Այդ միակ հանդիպումից հետո Արմեն Աշոտյանը չի փորձել իր հետ կապ հաստատել, թեկուզ միջնորդավորված. Միշտ ինքն է փորձել հանդիպել:

«Աշոտյանն ինձ ասաց՝ ես ասե՞լ եմ՝ առնենք, Մարթային ասե՞լ եմ՝ առնենք: Պատասխանս եղել է՝ չէ: Աշոտյանն ասաց՝ գնացեք, ասեք, որ ես եմ ասել, փրկեք Մարթային, եթե դա իրեն կօգնի: Դա է եղել»,- ասաց Կարեն Ակոպյանը:

Ինչ վերաբերում է Կարեն Ավագյանի կողմից իրեն փաստաբան առաջարկելուն, Կարեն Ակոպյանն ասաց՝ դա Կարեն Ավագյանի խոսքն է, Աշոտյանը կապ չունի, նա չի իրեն առաջարկել փաստաբան: Ասաց նաև, որ իրեն հայտնի չէ, որ Աշոտյանը այս գործով որևէ վկայի կամ մեղադրյալի վրա փորձել է ազդել:

Արմեն Աշոտյանի պաշտպաններից հետո վկային հարցեր ուղղեցին մյուս մեղադրյալների պաշտպանները:
Վերջինս ասաց՝ ինքը և ԵՊԲՀ աշխատակիցները հանգստացել են բուհի կողմից ձեռք բերված հյուրանոցային սենյակներում, սնվել են 2-3 անգամ, վճարել են միայն սնունդի համար, սենյակների կեցության համար չեն վճարել, նպատակային է օգտագործվել նաև դահլիճը, համարում է, որ գնումը նպատակային է, և դրա կարիքը միանշանակ կար, որովհետև իրենք հանգստանալու տեղ չեն ունեցել, անհրաժեշտության դեպքում վարձել են Շորժայի ափում հանգստյան գոտի:

«Շատ տղամարդիկ կերազեն Մարթայի նման բնավորություն ունենալ: Եթե նա իմանար՝ այս գնումը խնդրահարույց է, երբեք նման բան չէր անի»,- ընդմիջումից հետո Մարթա Սիմոնյանի մասին ասաց վկա Ակոպյանը: Վկային հարցեր ընդմիջումից հետո տալիս են Մարթա Սիմոնյանի պաշտպանները:

Նա նաև նշեց, որ ո՛չ Մարթա Սիմոնյանը, ո՛չ նրա ամուսինը երբեք իրեն չեն ուղղորդել իր տված ցուցմունքների բովանդակության հարցում, նաև երբեք հանդիպում չեն փնտրել իր հետ:

Վկայի հարցաքննությունն այսօր էլ չավարտվեց: Դատական նիստն ընդհատվեց. Մարթա Սիմոնյանն ընդմիջումից հետո չէր ներկայացել: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին:

Մինչ նիստն ավարտելը Ռուբեն Մելիքյանը 2 հայտարարություն արեց, որոնցից մեկը վերաբերում էր Աշոտյանին դատարան ուշ բերելուն, մյուսը կապված էր ԱԱԾ-ի գրության հետ: Արմեն Աշոտյանին մինչև հիմա չեն տրամադրել Կարեն Ակոպյանի արտաքին ու ներքին դիտման նյութերի այն հատվածները, որոնք վերաբերում են իր անձին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս