Ի՞նչ թեմա է ցանկանում «փակել» Ալիևը ԵԱՀԿ ՄԽ լուծարմամբ և արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է երբևէ ունենալ նախկին դերակատարությունը
Ի թիվս մի շարք այլ խնդիրների՝ Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցի վերաբերյալ։ Սա լրջորեն մտահոգում է ադրբեջանական կողմին։ Թուրքիայի ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում անհասկանալի է։
Ալիևն ընդգծել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն անցյալի մասունք է, և դրա հետ կապված ինստիտուտները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի գոյության պահպանման վերաբերյալ լիովին անհասկանալի է։
«Եթե հակամարտությունն անցյալում է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ կարիք կա պահել Մինսկի խումբը»,- նշված էր Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն օրերս տված ասուլիսում ասել էր՝ ընդհանրապես խաղաղության համատեքստում հնարավոր է նման որոշում կայացնել:
«Խաղաղությունը երբ որ կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, կարծում եմ, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք չի կառքը ձիուց առաջ դնել, և հարց է, թե արդյո՞ք արդյունավետ ու ճիշտ ճանապարհ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք»,- նշել էր Փաշինյանը։
Մինսկի խումբը լուծարելու պահանջ Բաքվից պարբերաբար է հնչում, այս փուլում Հայաստանից ակնկալվող քայլերի մեջ Ադրբեջանի նախագահը հուլիսի վերջին Սահմանադրության փոփոխությունից բացի՝ նաև Մինսկի խումբը համատեղ լուծարելու պահանջ էր դրել։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։
2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություն դիմում է հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գործող նախագահ Յան Բորգին։ Փաստաթղթում, մասնավորապես, կոչ հղելով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գործի։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով Ադրբեջանի կողմից մանրակրկիտ պլանավորված և իրագործված ռազմական ագրեսիայի զոհ, դիմում է ԵԱՀԿ-ին՝ միջազգային մանդատով ստանձնած իր պարտավորություններն արժանապատիվ կատարելու պահանջով և չտրվելու Ադրբեջանի նման պետության քմահաճույքներին, որտեղ ատելությունը և հայատյացությունը մշակվում և կիրառվում են պետական բարձր մակարդակով։
Ադրբեջանն ի սկզբանե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վիճելի լինելը և այդ կարգավիճակը միջազգային խորհրդաժողովում որոշելու համաձայնություն է տվել։ Հետևաբար՝ նրա կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիմնախնդրի առկայության անտեսման փորձերը որևէ իրական հիմք չունեն։
ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը պարտավոր են ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրը։ Հակամարտության գոտում ոչ մի ուժային փոխակերպում չի կարող օրինական համարվել և փոփոխել ԵԱՀԿ առաջնային գործառույթները, որ սահմանվել են 1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԽ խորհրդի Հելսինկիի լրացուցիչ հանդիպմանը, մասնավորապես, Միջազգային խաղաղ խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով։ Տվյալ տարածքի կարգավիճակի հարցը այդպես էլ մնացել է չլուծված, ինչը պահպանում է հակամարտության արմատական պատճառը։
Մինսկի խմբի գործառույթներում ոչ մի իրավաբանական փոփոխություններ չեն կատարվել։ Ուկրաինայում պատերազմի պատճառով համատեղ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի չկամությունը չի կարող ՄԽ գործունեության սառեցման արդարացում լինել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումն ու անցկացումն առաջվա պես մնում է ԵԱՀԿ խնդիրը և պահպանում է իր արդիականությունը»,- ասված էր դիմումում, խնդրելով համապատասխան վերաբերմունք և հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղին առնչվող ԵԱՀԿ որոշումների նկատմամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այսօր ժամանակավրեպ է: «Իմ անձնական կարծիքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս արդիական չէ։ Չեմ տեսնում հնարավորություն, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն արդյունավետ աշխատեն որևէ ձևաչափում»,- ասել է նախկին դիվանագետը:
Ուորլիքը, սակայն, չի գտնում, թե կարիք կա պաշտոնապես կազմալուծել ձևաչափը:
«Չեմ կարծում, որ պետք է պաշտոնապես վերացնել Մինսկի խումբը։ Այն շարունակում է գոյություն ունենալ։ Եվ ո՞վ գիտի, գուցե կարող է պահ լինել, երբ օգտակար կլինի վերակենդանացնել Մինսկի խումբն ու ինչ-որ համանախագահության գործընթաց սկսել: Չեմ բացառում դա»,- նշել է Ուորլիքը:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը ձևավորման առաջին իսկ օրվանից ունեցել է հստակ օրակարգ։ Ըստ նրա՝ այդ օրակարգը եղել է ԼՂ հակամարտության կարգավորումը։
Նրա խոսքով, եթե Երևանն ու Բաքուն ունեն կոնսենսուս, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված է, ապա հատկապես Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների բացակայության և պատերազմի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործել վերջին շրջանում ու չի էլ գործի ապագայում։ Ուստի, նրա խոսքով, առանձնահատուկ անդրադառնալ սրան չարժե։ Սակայն, ըստ վերլուծաբանի, այնուամենայնիվ, կան մտավախություններ, որ մի օր այս ձևաչափը կարող է վերականգնել իր գործունեությունը, վերականգնելով նաև դրա օրակարգը գուցե, կամ դրա որոշ բաղադրիչներ։
«Ուստի համատեղ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը լուծարելն այդ ձևաչափի օրակարգի սպառված լինելու մասին համատեղ ակտ է լինելու երևի թե, հիմնական մտահոգությունը, իհարկե, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ ղարաբաղահայության կարգավիճակի հարցերին։ Սակայն վերացող աշխարհակարգի ձևաչափերի վերացումը և լուծարումն ամենևին չի նշանակում, որ նոր օրակարգեր չեն կարող ձևավորվել կամ միջնորդություն չեն կարող իրականացնել այլ կառույցներ ու ձևաչափեր։ Օրինակ՝ նոր այդպիսի հնարավոր հեռանկարային ձևաչափերից կարող է լինել 3+3-ը և այլն։ Ուստի ԵԱՀԿ ՄԽ-ի նկատմամբ մեծ ուշադրությունն այդքան էլ տեղին չէ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
168․am-ի հետ զրույցում վրացի կովկասագետ Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն առաջիկա երկար ժամանակահատվածում չի կարողանալու գործել, ինչն ակնհայտ է։ Ըստ նրա, այդ ձևաչափը չի կարող աշխատել, որևէ գործոն իրենից չի ներկայացնում։
«Այլ հարց է՝ արդյո՞ք կարիք կա այն պաշտոնապես վերացնել, քանի որ այն, առանց այն էլ, չի գործում։ Սա, թերևս, երկու կողմերի մակարդակում լուծվելիք հարց է։ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ոչ տասը տարուց, ոչ էլ քսան տարուց չեն կարողանալու միասին նստել մեկ սեղանի շուրջ և երկխոսել, առավել ևս՝ միասնականորեն զբաղվել ինչ որ հակամարտության միջնորդությամբ, կարծում եմ՝ այդ շրջափուլն ավարտվեց, աշխարհը մտել է տևական առճակատման և մրցակցության փուլ, որտեղ յուրաքանչյուրը, հատկապես՝ աշխարհաքաղաքական բևեռները հնարավորինս անջատ են գործում։ Սա ունի իր բացասական կողմերը, որը լավագույնս տեսնում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման դեպքում։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգին, ապա վերջին տարիների ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուրջ տրանսֆորմացիաներ է կրել, որքան խնդիրներ իբրև թե վերացել են կողմերի միջև, սակայն այդքան խնդիրներ էլ դեռ կան, օրակարգերի բովանդակությունը ևս կարծես փոխվել է։ Ուստի այստեղ ԵԱՀԿ ՄԽ-ն այլևս նախկին դիրքերն ու դերակատարությունը չի պահպանում»,- ասաց նա։