Բյուջեում ճեղքված չկա, բայց խնդիրն այն է, որ փողը երբեք շատ չի լինում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Armenia today լրատվական կայքի լրագրողը մասնավորապես անդրադարձավ կառավարության այն օրենսդրական նախագծերին, ՊԵԿ-ի առաջարկներին, որով խստացվում է հարկային դաշտը, ինչպես նաև՝ պետական պարտքի ավելացման խնդրին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք հարկային քաղաքականությամբ կառավարությունը փորձում է ցածր ու միջին խավի միջոցով փակել բյուջեի ճեղքվածքները։
Նշենք, որ մասնագիտական տարբեր շրջանակներ ևս ահազանգում էին ՝ գործող իշխանությունների որդեգրած հարկային տեռորի քաղաքականության միակ նպատակը պետական բյուջեի եկամուտները նախատեսվածի չափով ապահովելն է, քանի որ արտաքին գործոնները, որոնց վրա հույս էր դրել այս կառավարությունը, աստիճանաբար թուլանում են։
«2019 թվականից մենք համահարթ եկամտային հարկի համակարգին ենք անցել, և ես կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, և այդ համակարգը փոխելու պատճառ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է ընդհանրապես հարկային օրենսդրությանը, ապա այն մի համակարգ է, որի շուրջ պետք է անընդհատ մտածել, որովհետև այն պետության կարևորագույն ինստիտուտներից է» ,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ երկար-բարակ ներկայացնելով պետության կարիքների ու հարկերի հավաքագրման պատճառահետևանքային կապը։
Իշխանության առաջին խոսափողին դուր չեկավ լրագրողի՝ «բյուջեի ճեղքվածք» ձևակերպումը, և նա շեշտեց՝ «բյուջեում ճեղքված չկա, բայց խնդիրն այն է, որ փողը երբեք շատ չի լինում»։
«Ինչի՞ համեմատ ճեղքվածք․ եթե մեր երկրի օբյեկտիվ կարիքների համեմատ նայենք, հա, մեր երկրում այնքա՜ն կարիքներ կան․․․ ․ բյուջեի եկամուտները 2018 թվականից մեծ տեմպերով աճել են ու շարունակում են աճել, բայց կարիքներն այնքան մեծ են, որ մեզ ավելի շատ գումար է հարկավոր,- պարզաբանեց նա՝ ընդգծելով,- ես բազմիցս եմ ասել, որ պետությունը մտածողության այլ հարթություն է, որովհետև վճարված հարկը ոչ թե երևույթ է, երբ քաղաքացին իր փողը տալիս է ուրիշին, այլ այն, որ քաղաքացին իր փողի մի հատվածը մի գրպանից հանում ու դնում է մյուս գրպանը, քանի որ պետությունն է այն մեխանիզմը, որով ինքը պետք է իր կարիքներն ապահովի՝ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, հոսանք, անվտանգություն և այլն։ Եվ մենք պետք է գեներացնենք այնքան միջոցներ, այդ թվում՝ հարկային, որ անհրաժեշտ է ՀՀ զարգացումը և ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար»։
Այս համատեքստում ստվերի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ երկրում ահռելի ստվեր կա, որի թիվ մեկ հովանոցն, ըստ նրա, շրջանառության հարկն է, իսկ մյուս խնդիրը՝ այն օրենքները, որոնք փաստացի չեն գործում։
«Ասում են, որ ես ժամանակին ասել եմ՝ տաքսիստների համար լավ պայմաններ կապահովենք։ Մենք ապահովել ենք այդ լավ պայմանները. անհատ տաքսու վարորդների համար եղել է արտոնագրման վճար, լիցենզավորման վճար, որը մենք ժամանակին չեղարկել ենք,- ասաց նա և հավելեց,- մենք ասել ենք՝ տնտեսական զարգացմանը զուգընթաց՝ պետք է բարելավենք և՛ ստանդարտները, և՛ մեխանիզմները։
Այսինքն՝ այդ հարկը ես հո մեր տո՞ւն չեմ տանում, կամ որևէ մեկն իր տուն չի՞ տանում։ Հա կասեք՝ կոռուպցիա, բայց կոռուպցիայի դեմ պայքարն էլ փող արժե, դրա համար մենք ինստիտուտներ ենք ստեղծել, որոնց պետք է ֆինանսավորել»։
Ըստ նրա՝ հարցը պետք է դիտարկել «պետություն ուզո՞ւմ ենք ունենալ, թե՞ չենք ուզում» պրիզմայով, իսկ պետությունից ավելի թանկ բան չկա։
«Մեր պատասխանը հետևյալն է՝ այո՛, մենք պետություն ուզում ենք ունենալ, և այդ պետությունը պետք է լինի անկախ, ինքնիշխան, ուժեղ, զարգացած։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ամփոփեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում