Ադրբեջանը թիմ է հավաքում կիբեր հարձակումների համար, այդ թվում՝ Հայաստանի դեմ. կիբեր զենքեր է ստանում Իսրայելից. Սամվել Մարտիրոսյան
Մեր տարածաշրջանում և դրանից դուրս ռազմական կոնֆլիկտների, անվտանգային լրջագույն մարտահրավերների, ժամանակակից պատերազմների պայմաններում պակաս կարևոր չէ հասկանալ՝ ինչ մարտահրավերներ, ինչ նոր մարտավարություն է առկա տեղեկատվական պատերազմի դաշտում և կիբերանվտանգության ոլորտում: Մասնավորապես, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանից և Թուրքիայից ռազմական սպառնալիքները չեզոքացված չեն, կա նոր պատերազմական գործողությունների հավանականություն, եթե ոչ մասշտաբային, ապա առնվազն լոկալ:
Ըստ այդմ՝ 168.am-ը փորձեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում հասկանալ՝ ինչ մարտավարություն են այսօր որդեգրել Ադրբեջանը և Թուրքիան, արդյո՞ք Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում շարունակում է հաղթել մեզ, արդյո՞ք Հայաստանի դեմ ադրբեջանական տեղեկատվական պատերազմը, կիբերհարձակումները պասիվացել են, թե՞ այդպես թվում է միայն: Իհարկե, ժամանակ առ ժամանակ ապատեղեկատվական որոշակի արշավ սկսվում է, բայց խոսքն առավել լուրջ գործողությունների մասին է:
«Եթե շատ բուռն ակտիվություն չկա տեղեկատվական դաշտում, դա չի նշանակում, որ թշնամին այնտեղ ակտիվ չի: Իրականում Ադրբեջանն ունի կոնկրետ ստորաբաժանումներ, որոնք աշխատում են հենց տեղեկատվական ոլորտում, ունեն ֆեյքերի մեծ բազաներ տարբեր սոցցանցերում, ունեն «գնված» լրագրողներ տարբեր երկրներում, տելեգրամյան ալիքների ադմիններ և այլն: Եվ երևացող ակտիվությունը դադարել է, որովհետև հիմա աշխատում են տարբեր ուրիշ ուղղություններով, օրինակ, միջազգային հանրությունում Ալիևի կերպարը «սպիտակացնելու», ուստի ռեսուրսները հիմա ամբողջությամբ Հայաստանի վրա չեն ծախսվում:
Այստեղ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանը քիչ-քիչ սովորում է հիբրիդային գործողություններ անել, սովորում է դա Թուրքիայից, որոշ հարցերում՝ նաև Ռուսաստանից, օրինակ, Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայի հետ կապված:
Մեծ հավանականությամբ, այդտեղ ոչ միայն Ադրբեջանն է աշխատել, այլև Ռուսաստանը: Խոսքը հիբրիդային գործողությունների մասին է: Չեմ կարող ասել, որ համագործակցել են: Բացի դրանից, մենք մի քիչ սովոր ենք, որ Ադրբեջանը գործում է աղմուկով՝ հատկապես կիբեր տիրույթում, կամ, որ հայհոյանքներ են գրում: Այդակտիվությունը մի քիչ նվազել է, բայց իրականում «ջրի տակ» լուրջ հոսքեր են:
Եվ ակնհայտ է, որ պատերազմից սկսած Ադրբեջանն ուշադրություն է դարձնում կիբեր լրտեսական գործողությունների և կրիտիկական ենթակառուցվածքների դեմ կիբեր հարձակումների վրա, օրինակ,«Ղարաբաղ Տելեկոմի»վրա հարձակումն ունեցավ լուրջ հետևանքներ: Եվ հիմա Ադրբեջանը շատ լուրջ թիմ է հավաքում հենց կիբեր տիրույթում հարձակողական գործողությունների համար, որը ոչ միայն Հայաստանի դեմ է օգտագործում, այլև ադրբեջանցի ընդդիմադիրների: Այստեղ, միանշանակ, լուրջ գործում է Թուրքիան, նաև՝ Իսրայելը, որը տրամադրում է կիբեր զենքեր, օրինակ, խոսքը հայտնի Pegasus ծրագրի մասին է, իսրայելական այլ արտադրողներ ևս Ադրբեջանին կիբեր զենքեր են տրամադրում: Ավելին, Իսրայելը նաև կիբերանվտանգության մասնագետներ է կրթում: Այսինքն, Ադրբեջանը գնալով տեղեկատվական, կիբեր-հիբրիդային ուղղություններով լուրջ ռեսուրսներ է ծախսում»,-մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով, Հայաստանը կիբերանվտանգության ոլորտում փաստացի, առնվազն երևացող, համակարգված գործողություններ չի իրականացնում:
«Եվ այսօր տեղեկատվական ոլորտում Հայաստանը փաստացի թիրախավորված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, նաև՝ Ռուսաստանի, վերջին դեպքում նկատի ունեմ կոնկրետ անձերի: Այսինքն, նման իրավիճակում լուրջ գործիքակազմ փաստացի ՀՀ-ում գոյություն չունի: Բայց ոչ միայն պետությունն է պասիվ, նաև խնդիր կա ներքաղաքական դաշտում, այսինքն, բոլոր ռեսուրսներն ուղղված են իրար դեմ, դրա համար թշնամին շատ ազատ դուրս է գալիս մեր տեղեկատվական դաշտ»,-եզրափակեց փորձագետը:
Հավելենք, որ դեռ 2022 թվականին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության օպերատիվ կենտրոն էր բացվել՝ հագեցած ժամանակակից ավտոմատ կառավարման միջոցներով: Նպատակը՝ կիբերանվտանգութան ապահովում մշտական մոնիտորինգի և Ադրբեջանի բանակի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիական տարածության վերահսկողության միջոցով:
Օպերատիվ կենտրոնը ստեղծելիս հաշվի է առնվել կիբերանվտանգության ոլորտում զարգացած և առաջատար երկրների փորձը, կոչված է նաև մշտական վերահսկողության տակ պահել տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները և կառավարման համակարգերը՝ ժամանակին հայտնաբերելու սպառնալիքները, ստուգելու էլեկտրոնային անվտանգությունը, իրականացնելու թվային հետաքննություն և այլն:
Թե որքանով է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների համատեքստում ուշադրություն դարձվում կիբերանվտանգության, հիբրիդային պատերազմի խնդիրներին, ժամանակը ցույց կտա:
Ի դեպ, քանի որ խոսք գնաց նաև տեղեկատվական պատերազմից, շատ կարևոր է այստեղ ՀՀ պաշտպանության նախարարության և մասնագետների, լրատվամիջոցների հետ գրագետ համագործակցությունը, ինչը տեղի չունեցավ 44-օրյա պատերազմի օրերին: