Արդյո՞ք բուժվում են վահանաձև գեղձի հիվանդությունները, ի՞նչ են հուշում դեպրեսիան, առիթմիան, դողը․ Վրեժ Իսսա
Տարեցտարի աճում է վահանաձև գեղձի հիվանդություն ունեցողների թիվը։ Հիվանդության զարգացման, կիրառվող դեղորայքի, ախտանշանների մասին զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Վրեժ Իսսայի հետ։
– Բժի՛շկ ի՞նչ դեր է կատարում վահանաձև գեղձը մեր օրգանիզմում, որ այսքան խնդիրներ է առաջացնում։
– Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի ամենամեծ գեղձերից մեկն է, որն իր արտադրած հորմոնների միջոցով կարգավորում է օրգանիզմի բոլոր բջիջների աշխատանքը։ Հիմնականում երկու հորմոններ են արտադրվում՝ T4 և T3։ Առանց այս հորմոնների՝ օրգանիզմում տեղի չեն ունենում այրման և մյուս գործընթացները, որոնց պակասի կամ գերարտադրության ժամանակ օրգանիզմում առաջանում են հիվանդություններ և խնդիրներ։
Վահանաձև գեղձն իր կառուցվածքով կազմված է երկու բլթից և նեղուցից։ Բլթերն իրենց հերթին՝ կազմված են բլթակներից, իսկ սրանք էլ՝ ֆոլիկուլներից, որոնց բջիջներում սինթեզվում են վահանաձև գեղձի հորմոնները։ Երբ առաջանում են համակարգի խախտումներ, այդ ժամանակ ունենում ենք վահանաձև գեղձի հիվանդություններ։ Ժողովրդի մեջ տարածված է զոբը (խպիպ), որն ուրիշ հասկացություն է։ Խպիպը վահանաձև գեղձի չափերի մեծացումն է։ Տարբեր հիվանդությունների ժամանակ կարող է վահանաձև գեղձը մեծանալ՝ առաջանա խնդիր, և ունենանք հորմոնալ շեղում։ Սակայն կարող է այնպես լինել, որ վահանաձև գեղձի չափերի մեծացման հետևանքով չունենանք հորմոնալ շեղումներ։ Հայաստանում վերջին շրջանում յոդացվում է աղն ու ջուրը, և յոդդեֆիցիտային շրջան չենք համարվում, բայց յոդի պակասի դեպքում առաջանում են վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, առաջինը՝ մեծացում, որի հետևանքով վահանաձև գեղձի շուրջ առաջանում է արյան շրջանառության ավելցուկ, որ կարողանա արյան մեջ ինչ յոդ կա՝ կլանի և սինթեզի հորմոնը։ Իսկ եթե անբավարարությունը շարունակվում է, այդ ժամանակ կարող է ունենանք հորմոնալ շեղում՝ հիմնականում հորմոնների պակաս, հիպոթիրեոզ։
– Հայաստանում բանջարեղենը ևս յոդացված չէ, շատերը դա էլ են խնդիր համարում։
– Ամբողջ աշխարհում հիմնականում յոդացվում է աղը և ջուրը։ Սննդի մեջ որոշ չափով պարունակվում են միներալներ, օրինակ, յոդ։ Ընկույզի մեջ՝ մի քիչ ավելի շատ, սմբուկի մեջ՝ ևս, բայց դա օրգանիզմին չի բավարարում, քանի որ պետք է օդի, ջրի մեջ լինի։
– Մեծ ազդեցություն ունի նաև էկոլոգիան։ Հայաստանում կա՞ ուսումնասիրություն, թե որ շրջաններում են հենց էկոլոգիայի պատճառով հիվանդանում։
– Չունենք ուսումնասիրություն, բայց պրակտիկայում տեսնում ենք, որ հիվանդություններն ավելի շատ են հատկապես այն շրջաններում, որտեղ կան ծանր մետաղների հանքեր, փոշին շատ է, սակայն Հայաստանում համատարած կա վահանաձև գեղձի խնդիր։
– Իսկ եթե յոդը մի քիչ բալանսավորված է, ի՞նչն է պատճառը, որ հիվանդությունն այսքան տարածված է։
– Յոդի դեֆիցիտն ամբողջ աշխարհում տարածված է, միայն Հայաստանում չէ։ Մյուսները կոչվում են աուտոիմուն հիվանդություններ՝ հակամարմիններ, որոնք կան մեր օրգանիզմում, պաշտպանում են, բայց ինչ-որ մի սխալ գործողության հետևանքով՝ վիրուսների, ինֆեկցիաների, սթրեսների, ծանր հիվանդությունների պատճառով հանգեցնում են հակամարմինների ակտիվացմանը։ Սրանք էլ իրենց հերթին՝ վնասելով վահանաձև գեղձը՝ առաջացնում են հիվանդություններ, որոնք կարող են տարբեր ընթացք ունենալ։
Աուտոիմուն ախտահարում՝ հյուսվածքի մեջ փոփոխություն կարող է լինել, սակայն հորմոնալ շեղում չլինի, և այդ ժամանակ մենք չենք միջամտում։ Կարող է լինել նաև հակառակը՝ հորմոնների գերարտադրություն, որը հանգեցնում է թունավոր զոբի։ Երբ T4-ը և T3-ը բարձրանում են արյան մեջ, այդ ժամանակ մենք ունենում ենք թունավորման երևույթներ․ սրտխփոց, քրտնարտադրություն, դող, դյուրագրգռություն, քաշի իջեցում, մաշկի բարակում։ Սա առաջին փուլն է, որը կարող է տևել երեք ամիս, ապա ինքն իրեն դադարի՝ գա նորմայի։ Բայց կարող է այդ փուլն անընդհատ կրկնվել. գերարտադրություն, ապա՝ նորմալ, և այդպես շարունակ։ Դա ամենաբարդն է հիվանդի համար, ով հաճախ ասում է, թե բժիշկը չի հասկանում՝ ի՞նչ է կատարվում։ Դեպքերի մեծ տոկոսը հետո անցնում է հորմոնների թերարտադրության՝ հիպոթիրեոզի։ Այսինքն, վահանաձև գեղձը վնասվում է, և հորմոնների քանակը չի բավարարում, առաջանում է թերֆունկցիա, որն արդեն պետք է փոխարինել հորմոնով, ու մարդն ամբողջ կյանքում պետք է ստանա այդ դեղորայքը։ Կապ ունի նաև ժառանգականությունը։
Ունենք նաև վահանաձև գեղձի ուրիշ ախտահարումներ՝ կիստաներ, ներառուկներ, որոնք մեծ մասամբ ֆունկցիոնալ չեն, ախտահարում չեն առաջացնում, բայց կարող է ունենանք հանգույցներ, որոնք լինում են բարորակ և չարորակ։ Բարորակի դեպքում միջամտության կարիք չկա, եթե չունեն հորմոնալ շեղում։ Չարորակ հանգույցի դեպքում միջամտությունն ուրիշ է, հիվանդը պետք է անպայման վիրահատվի։
– Ավելի շատ կոլոիդ հանգույցներ են հայտնաբերվում, չէ՞։
– Ներառուկներ, հանգույցներ․կարող է խառը լինել, այսինքն, հյուսվածք լինի հանգույցի մեջ, բայց կարող է լինել նաև հեղուկային։ Եթե հորմոնալ շեղում չկա և կասկած չկա, որ ուռուցքային խնդիր ունենք, չենք միջամտում, որովհետև հանգույցները, կիստաները չենք կարող բուժել։ Հիվանդները մոտենում են բժշկին, թե բա՝ բուժեք։ Չենք կարող բուժել։ Բոլոր գոյացությունների դեպքում հիմնական բուժումը հեռացնելն է։
– Իսկ լինո՞ւմ են կեղծ հանգույցներ։
– Այո, կարող են լինել։ Վահանաձև գեղձի ստուգման ժամանակ հիմնականում հիմնվում ենք հիվանդի արտաքին տեսքի, վահանաձև գեղձի արտահայտվածության, շոշափելու վրա, որը բավականին ինֆորմացիա է տալիս։ Հյուսվածքի պնդությունը, հանգույցի առկայությունը հնարավոր է շոշափել, չնայած կան դեպքեր, որ կա մեծ հանգույց, բայց չենք կարող շոշափել, քանի որ կապ ունի նաև տեղակայումը։
– Երբեմն խուսափում են նշանակված դեղորայքից՝ պատճառաբանելով, որ կգիրանան։ Հորմոնալ դեղորայքը նման դեր խաղո՞ւմ է։
– Խոսքը վահանաձև գեղձի փոխարինող թերապիայի մասին է, նշանակում են Լ-թիրոքսին, որը չի գիրացնում։ Հակառակը, նյութափոխանակությունն է ակտիվացնում։ Գերդոզավորման, թունավորման դեպքում հիվանդները նիհարում են՝ իրենց սեփական հորմոնի պատճառով, որը շատ է։ Սխալ պատկերացում կա Լ-թիրոքսինի մասին, այն չի գիրացնում։ Երբ փոխարինում ենք հորմոնը՝ նյութափոխանակությունը, որը ժամանակին քնած է եղել՝ արթնանում, ակտիվանում է, հիվանդների ախորժակը սկսում է լավանալ, և ավելի շատ են ուտում ու կարող են քաշ հավաքել։
– Մարդն ամբողջ կյանքում ստիպված է դեղն օգտագործե՞լ, թե՞ լինում է, որ վահանաձև գեղձի ֆունկցիան վերականգնվում է։
– Լինում են դեպքեր, երբ վահանաձև գեղձը նորից վերականգնում է իր աշխատանքը։ Սակայն եթե մեր էնդոկրին բջիջների վնասումը մեծ է, չեն կարողանում վերականգնվել։ Հաճախ, երբ հիվանդը երկու ամիս դեղը խմում է, որոշում է, որ արդեն լավ է, և դադարեցնում է։ Մեկ ամիս, 40 օր դեռևս կարող է ինքնազգացողությունը լավ լինել, որից հետո սկսում է աստիճանաբար վատանալ, հետո էլ ասում է, թե՝ բա առանց դեղի լավ էի։ Ինքն իրեն համոզում է, թե ինչո՞ւ էի այդքան ժամանակ խմում։ Բայց հետո, երբ սկսում է վատանալ, հորմոնները ստուգում է, արդեն հորմոնալ շեղում է լինում, ու կրկին դեղ ենք նշանակում։ Միայն թերֆունկցիան չէ, մենք ունենք լուրջ հիվանդություններ, օրինակ, թունավորումը, թիրեոտոքսիկոզը։ Այս դեպքում վահանաձև գեղձը շատ հորմոն է արտադրում։ Դա ավելի ծանր հիվանդություն է, պարտադիր պետք է բուժվի, քանի որ ախտահարում է սիրտը և նյարդային համակարգը։ Եվ կա մյուս հիվանդությունը, որը հիմնականում վիրուսների պատճառով է։ Առաջանում է բորբոքային պրոցես, վահանաձև գեղձի վիրուսային ինֆեկցիայի պատճառով բջիջները սկսում են քայքայվել։
Հաճախ հիվանդներն այս դեպքում դիմում են քիթ-կոկորդ-ականջաբանների, որովհետև կոկորդի շրջանի ցավերը տարածվում են դեպի ականջ, կամ լինում են ստորին ծնոտի, պարանոցի ցավեր, և կարծում են, որ քիթ-կոկորդն է։ Սկսում են բուժել հակաբիոտիկներով, որն օգուտ չի տալիս, և հետո նոր ստուգում են վահանաձև գեղձը։ Այն խիստ ցավոտ է լինում, և հիվանդներն ունենում են բարձր ջերմություն՝ 39 աստիճան ջերմությունից ավելի, և արյան անալիզում էրիթրոցիտների նստեցման արագությունը բարձր է լինում, որն արդեն վահանաձև գեղձի ենթասուր թիրեոդիտն է։ Բուժումը սկսվում է հասարակ պարացետամոլից մինչև հորմոններ։ Կարող է բուժումը տևել մի քանի ամիս, բայց այդ հիվանդությունը սիրում է կրկնվել։ Կարող է մի բլթում բորբոքումը լավանալ՝ մյուսում սկսի։ 99 տոկոս դեպքերում հիվանդությունը ցավով է ուղեկցվում։
– Կորոնավիրուսի ժամանակ հենց ենթասուր թիրեոդի՞տն էր տարածված։
– Չէ, տարբեր վիուսների ժամանակ եղել է։ Կորոնավիրուսի ժամանակ ևս առաջացել է ենթասուր թիրեոդիտ, աուտոիմուն թիրեոդիտ։
– Վահանաձև գեղձի խնդիր չունենալու համար ի՞նչ պետք է անել։
– ԱՄՆ-ում վերջին 2 տարում կատարված հետազոտությամբ պարզ է դառնում, որ 12 միլիոն մարդ կարող է հիվանդանալ վահանաձև գեղձի պաթոլոգիայով։ Ամեն 8 կնոջից մեկի մոտ կա խնդիր։ Չենք կարող պայքարել սթրեսների, լարվածության, վիրուսների դեմ։ Լավագույն միջոցը տարին 1 կամ 2 անգամ ստուգվելն է։ Երբեմն կատարվում է սցինտիգրաֆիա, որը հատուկ հետազոտություն է և արվում է, եթե կան «տաք հանգույցներ»։ Այսինքն, ունենք օջախ, հանգույց, որը ժամանակ առ ժամանակ հորմոն է արտադրում, և մարդն ունենում է գանգատներ՝ հատկապես սրտի հետ կապված․հաճախասրտություն կամ առիթմիաներ։ Հորմոնները ստուգում են՝ նորմալ է, և չեն կարողանում ճիշտ ժամանակին «բռնացնել» այդ հորմոնի մակարդակը՝ հասկանալու՝ բարձրացե՞լ է, թե՞ ոչ։ Դա լինում է վահանաձև գեղձի այն հանգույցների պատճառով, որոնք ավտոմատ են աշխատում։ Այսինքն, աշխատեց, արտադրեց, հետո հանգստացավ։ Այդ օջախն ավտոմատ է աշխատում, չի ենթարկվում գեղձի համակարգին։ Մարդը վիրահատվում է, և առթմիաների հարցը լուծվում է։
– Կա՞ սնունդ, որը չի կարելի ուտել վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում։ Շատ բժիշկներ ասում են՝ կաղամբ, տապակած ուտեստ չի կարելի։
– Կաղամբը, ծաղկակաղամբը համարվում են խպիպածին։ Բայց սա այն դեպքում, եթե մեծ քանակով են օգտագործում։ Յոդով հագեցված սնունդ շատ հիվանդների խորհուրդ չենք տալիս, եթե չունեն յոդի դեֆիցիտ, որովհետև այդ յոդը կարող է գրգռել գեղձն ու թիրեոտոքսիկոզ առաջացնել։ Յոդի մեծ քանակությունն ընկճում է գեղձի աշխատանքը։ Հայաստանում չկա հետազոտություն՝ հասկանալու, թե ինչքա՞ն է յոդի մեր պահանջը։ ԱՄՆ-ում, օրինակ, 325 միկրոգրամն է։
– Շատ ենք լսում, որ յոդի դեֆիցիտի դեպքում մարդիկ մի քանի կաթիլ յոդ են կաթեցնում կաթի մեջ և խմում, այն օգնո՞ւմ է։
– Դա նորմալ չի ներծծվում։ Ընկույզն էլ են սպիրտի մեջ լցնում, 40 օր պահում, ինչի հետ ես համամիտ չեմ, քանի որ չենք կարող արդյունքը գնահատել՝ լինի վատ թե լավ։
– Վահանաձև գեղձի հիվանդությունը զուգակցվո՞ւմ է վիտամին D, B-ի դեֆիցիտով։
– Հիպոթերիոզի՝ թերֆունկցիայի ժամանակ մենք հաճախ ունենում ենք երկաթդեֆիցիտային անեմիա, քանի որ խանգարվում է B12-ի սինթեզը։ Ինչ վերաբերում է վիտամին D-ին, համաշխարհային պրակտիկայում մենք ունենք դրա պակասը։ Ասում ենք՝ արևոտ երկրում ենք, բայց ամբողջ օրը 4 պատի մեջ ենք։ Պատուհանից էլ արևը գա՝ վիտամին D-ն չի սինթեզվում։ Առավոտյան մոտավորապես ժամը 11-ի մոտակայքում է, որ սինթեզվում է, մնացած ժամերին ուզում եք՝ ամբողջ օրն արևի տակ պառկեք՝ չի սինթեզվում։
– Իսկ Լ-թիրոքսին ու էութիրոքս օգտագործելիս օրգանիզմին վնաս չի՞ հասցվում։
– Վահանաձև գեղձի բոլոր տեսակի հորմոնալ դեղերի քիմիական նյութը լևոթիրոքսինն է, անունն է փոխվում՝ ըստ երկրի արտադրության։ Հայաստանում մեկը ֆրանսիական է, մյուսը՝ գերմանական։ Եթե հորմոնը ստանում են սխալ դեղաչափով, իհարկե, վնասում է։ Դրա համար սկզբում կարող է հիվանդին 2-3 ամիս հսկենք, որ հասկանանք, թե իր դեղաչափն ինչքան է։ Հետո տարին մեկ կամ երկու անգամ են հսկում։ Դեր են խաղում քաշը, այլ հիվանդությունները, սթրեսային վիճակները։ Կա մի ուրիշ հարց․ հիվանդը ճիշտ չի օգտագործում դեղը։ Խմում է դեղն առավոտյան ու անմիջապես սուրճ է խմում կամ նախաճաշում է, ու դեղի 30 տոկոսը զրոյանում է, հորմոնը չի ներծծվում։ Ես խորհուրդ եմ տալիս, որ դեղը խմելուց մեկ ժամ հետո հաց ուտեն, որովհետև որոշ հիվանդությունների, օրինակ, գաստրիտի դեպքում խանգարվում է ներծծումը։
– Ինչպե՞ս հասկանալ, որ վահանաձև գեղձի խնդիր կա, որո՞նք են գլխավոր ախտանշանները։
– Այսպես ասեմ, եթե ունենք վահանաձև գեղձի չափերի մեծացում, այն կարող է հիվանդը չտեսնել։ Չնայած սեղմում է կոկորդը կամ կերակրափողը, խեղդում է, և այդ ժամանակ պետք է ուշադրություն դարձնել։ Իսկ հիմնական ախտանշաններ առաջանում են, երբ կան հորմոնալ շեղումներ։ Հորմոնների գերարտադրության դեպքում լինում է հաճախասրտխփություն, դյուրագրգռություն, քրտնարտադրություն, դող։ Իսկ թերարտադրության դեպքում լինում է հոգնածություն, թուլություն, դառնում են անհավես։ Առաջանում են դեպրեսիվ վիճակներ․հիվանդը չի ուզում խոսել, լացկան է դառնում, մաշկը չորանում է, կարող է ունենալ փորկապություն, այտուցներ։