«Սա ցեղասպանություն է. մենք ծուղակում ենք». լրագրող Յաման Ալհելոն՝ Գազայում ստեղծված աղետալի վիճակի մասին

«Աղետալի է»,- 168TV-ի հետ զրույցում պաղեստինցի-հորդանանցի լրագրող Յաման Ալհելոն այսպես նկարագրեց իրավիճակը Գազայում:

«663 օր շարունակվող պատերազմի հետևանքով ունենք ավելի քան 60,000 զոհ, իսկ վիրավորների թիվը Գազայի հատվածում կազմում է ավելի քան 140,000: Գազայի բնակչությունը սովի է մատնված: Իրավիճակն աղետալի է: Շատ հակամարտություններում քաղաքացիական անձանց տրվում է տարածքից դուրս գալու հնարավորություն: Գազայում դա տեղի չի ունեցել: Գազայում մարդիկ թակարդի մեջ են: Նրանք, ովքեր հեռանում են, չեն կարող վերադառնալ»,- ասաց Ալհելոն:

Մինչ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, այդ թվում՝ իսրայելական խմբեր, ինչպիսին է B’Tselem-ը, և միջազգային կազմակերպություններ, ինչպիսին է Amnesty International-ը, Գազայում տեղի ունեցողը անվանել են ցեղասպանություն, խոշոր միջազգային լրատվամիջոցները դեռևս զգուշորեն խուսափում են այս տերմինից:

Կարդացեք նաև

«Կա վարկաբեկվելու վախ. ցանկացած կազմակերպություն, որն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, ներկայացվում է որպես արմատական կամ մեղադրվում է Համասի քարոզչությունը կրկնելու մեջ»,-շեշտեց նա:

Լրագրողը շեշտեց՝ միջազգային մամուլում հիմնականում օգտագործվում են «պատերազմ» կամ «հակամարտություն» տերմինները, իսկ Իսրայելը չի թույլատրում արտասահմանյան լրագրողներին մտնել Գազա։

«Օրինակ՝ BBC-ն վերջերս ուղեկցել էր մարդասիրական օգնություն նետող ինքնաթիռներից մեկին, և նրանց միայն թույլ տվեցին վերևից նկարահանում անել։ Սա ամենամոտ փորձն էր Գազայի իրական պատկերն արտասահմանյան մամուլի միջոցով լուսաբանելուն։ Իսկ պաղեստինցի լրագրողները, որոնք աշխատում են տեղում, պարզապես դարձել են թիրախ։ Հարյուրավոր լրագրողներ են սպանվել՝ ներառյալ Al Jazeera-ի աշխատակիցները։ Սա ուղիղ հարձակում է ազատ խոսքի վրա. Իսրայելը փորձում է այն լռեցնել»,- ասում է նա։

Մինչ Գազան մնում է վերնագրերում, Արևմտյան ափն ապրում է իր սեփական ճգնաժամը, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում։ Ալհելոն, որի ընտանիքը ծնունդով Արևմտյան ափից է, ասում է, որ տարածաշրջանը պատերազմի ընթացքում վերափոխվել է՝ բռնությունն աճել է, քաղաքները բաժանված են անցակետերով, տնտեսությունը փլուզվում է:

Նա ակնկալում է բոյկոտ, միջազգային հանրության ճնշում Իսրայելի վրա. «Այլ ճանապարհ պարզապես չկա։ Պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքերում միայն արտաքին ճնշմամբ է հնարավոր կանգնեցնել նման հանցագործությունները»։

Յաման Ալհելոն շեշտեց, որ այն, ինչ տեղի է ունենում Գազայում, միայն պաղեստինյան խնդիր չէ. «Սա փորձություն է՝ համաշխարհային խղճի, մամուլի ազնվության և այն հարցի շուրջ՝ արդյո՞ք մենք ունակ ենք արդարության կողմը կանգնել, երբ դա դժվար է, ոչ թե միայն այն ժամանակ, երբ դա հեշտ է»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս