Վրաստանի վարչապետը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, որը Թբիլիսիում է գտնվում վրաց-թուրքական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակում, հաղորդում է «Грузия Online»-ը։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

«Նշվել է համատեղ տնտեսական հանձնաժողովի դերը երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում»։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծեր, որոնք նպաստում են կապերի ամրապնդմանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման առանձնահատուկ կարևորությունը։

«Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և դրանով իսկ ապահովելու տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն»,- ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Տեսանյութեր

Լրահոս