
Հայաստանում 10-12 տարեկան երեխաների մոտ նյարդային անորեքսիայի դեպքերն աճում են․ Էնդոկրինոլոգ
Վատ կենտրոնացում, կարճաժամկետ հիշողություն, քնկոտություն, հոգնածություն․խնդիրներ, որոնք հանդիպում են նաևդեռահասների շրջանում։ Պատճառների մասին զրուցել ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի» էնդոկրինոլոգ Լուսինե Քալանթարյանի հետ։
-Դեռահասների մոտ թվարկված խնդիրները ո՞ր դեպքում են առաջանում․կապ ունի՞ սեռահասունացման շրջանի հետ, թե՞ զուտ էնդոկրին խնդիրներ են։
-Առողջության համաշխարհային կազմակերպությունը դեռահաս է համարում 10-19 տարեկան երեխաներին։ Պարտադիր չէ, որ դեռահաս երեխան նաև սեռահասունացման փուլում գտնվի։Աղջիկների մոտ միջինում սեռահասունացումը սկսվում է՝ 8-13, տղաների մոտ՝ 9-14 տարեկանում։ Սա այն միջակայքն է, որի սահմաններում կարող ենք ունենալ սեռահասունացման սկիզբը։ Վերոնշյալ փոփոխությունները կարող են պայմանավորվածլինել և՛ սեռահասունացմանը բնորոշ որոշակի փոփոխություններով, և՛այլ խնդիրներով։
– Քնկոտության ու հոգնածության պատճառները որո՞նք են։
-Եթե խնդիրը կարճատև է, գանգատները չեն խանգարում առօրյա կյանքին, 1-2 շաբաթ են տևում, հավանաբար առողջական խնդրի հետ կապված չէ, սակայն, եթե շաբաթներ, ամիսներ են տևում հոգնածությունը, թուլությունը, պետք է անհանգստանալ և դիմել բժշկի՝ պարզելու՝ արդյոք կա՞ն առողջական խնդիրներ, թե՞ ոչ։ Թուլությունն ու հոգնածությունը կարող են կապ ունենալ ոչ միայն էնդոկրին համակարգի, այլև աուտոիմուն, ինֆեկցիոն հիվանդությունների, սակավարյունության հետ։
-Երեխաներին, ովքեր շուտ են հոգնում, ծնողները վիտամին D, կալցիում, մագնեզիում են տալիս։ Դրանք կողմնակի էֆեկտներ չունե՞ն։
-Թեև դրանք սննդային հավելումներ են, միևնույն է՝ առանց բժշկի նշանակման սխալ է օգտագործելը։ Ծնողը քանակությունը կարող է ճիշտ չորոշել։ Գոյություն ունի վիտամին D-ի պրոֆիլակտիկ քանակություն, որը նշանակում են արյան լաբորատոր քննությունից հետո։ Ոչ ճիշտ ընտրված դեղաչափը կարող է առողջությանը վնաս հասցնել։ Կալցիումի մեծ քանակը կարող է կուտակվել օրգանիզմում, երիկամներում, դառնալ քարերի առաջացման պատճառ։
-10-14 տարեկանները դժվարանում են քայլել, հոգնում են։ Սա սեռահասունացման հե՞տ կապ ունի, թե՞ ալարկոտության։
-Դեռահասների մոտ ալարկոտությունը մի քիչ հոգեբանական հիմք կարող է ունենալ։
Այդ պահին իրենք հետաքրքրված չեն անելայն, ինչ առաջարկում է ծնողը, և դրա համար որպես գանգատ՝ ներկայացնում են հոգնածությունը։
-Քնկոտությունը, հոգնածությունը էնդոկրին ո՞ր հիվանդության հետ կարող են կապ ունենալ։
-Ավելի հաճախ՝ վահանաձև գեղձի հիվանդությունների, որը կարողէ պայմանավորված լինել և՛ գերֆունկցիայով, և՛ թերֆունկցիայով։ Հորմոնների գերարտադրության դեպքում կարող ենք ունենալ ընդհանուր թուլություն, հոգնածություն, հիշողության վատացում, խոսքի դանդաղում։ Կարող ենք մտածել նաև շաքարային դիաբետի մասին։
Երեխաների շրջանում առավել տարածված է առաջին տիպի շաքարային դիաբետը, որը բավականին արագ է առաջանում՝ շաբաթների, ամիսների ընթացքում, և բնորոշ գանգատներից բացի՝ բերանի չորություն, հաճախամիզություն, շատախմություն, բնորոշ է ընդհանուր թուլությունը, դպրոցում առաջադիմության վատացումը։ Առավել հազվադեպ հանդիպում է երկրորդ տիպի շաքարային դիաբետը, և այս դեպքում ռիսկի գոտում ճարպակալում ունեցող երեխաներն են։ Ամիսներ շարունակ կարող ենք ունենալ գլյուկոզայի մակարդակի բարձրացում, այդ թվում՝ թուլություն, հոգնածություն։
Ժառանգականությունը ևս կապ ունի, սակայն լուրջ ազդեցություն ունեն նաև միջավայրի գործոնները։ Երկրորդ տիպի շաքարային դիաբետը կարող ենք կանխարգելել առողջ ապրելակերպով, բավարար ֆիզիկական ակտիվությամբ,քաղցրավենիքի, ածխաջրերի, գլյուկոզայի օգտագործման սահմանափակումով։
Իսկ վահանաձև գեղձի խնդիրները բազմազան են։ Ամենահաճախ հանդիպողը թերֆունկցիան է՝ վահանաձև գեղձի կողմից հորմոնների թերարտադրությունը, որի բուժումը հորմոնով է, ինչպես մեծահասակներիդեպքում։ Պետք չէ խուսափել այդ հորմոնի օգտագործումից, որովհետև երբ կա անբավարարություն, և տալիս ենք այդ հորմոնը, ապա կողմնակի որևէ էֆեկտ չի լինում։
-Բժիշկները շատ են խոսում «առողջ ափսե»-ի մասին։ Ո՞րն է այն։
-«Առողջ ափսեն» առողջ ապրելակերպի մաս է կազմում. այն ոչ թե դիետա է, այլ ափսեի տեսքն է, որը ցանկալի է ունենալ՝ անհրաժեշտ սննդանյութերը բավարար քանակով ստանալու համար։
Ափսեի ուղիղ կեսը պետք է լինի բանջարեղեն, որն իր մեջ մեծ քանակությամբ բջջանյութ է ներառում։ Իսկ մյուս՝ քառորդ մասը սպիտակուցային սնունդն է, որը մեր օրգանիզմին շատ անհրաժեշտ է։ Սրա մեջ մտնում է միսը, թռչնամիսը, ձուկը, ձուն, կաթնամթերքը, հատիկավոր լոբազգիները։ Ափսեի հաջորդ քառորդ մասը պետք է լինեն ածխաջրերը՝ հաց, հացահատիկ, հնդկաձավար, բրինձ, ձավար, բլղուր, քինոա և այլն։ Ափսեի այսպիսի կառուցվածքը մեզ ապահովում է անհրաժեշտ սննդանյութերով, տալիս հագեցվածության զգացողություն։
Ընդ որում, խորհուրդ է տրվում սննդի ընդունումը սկսել բանջարեղենից՝ աղիներում ապահովելու բջջանյութի բավարար քանակություն։ Մեր ազգային սննդային սովորությունների մեջ նման քանակի բանջարեղենի օգտագործում սովորաբար չի մտնում։ Ավելի հաճախ ածխաջրի կոմպոնենտն ենք օգտագործում՝ փլավները, իսկ բանջարեղենը՝ քիչ։
-Նկատում եմ, որ դեռահասների շրջանում սկսել են դիետա պահել․այդ տարիքում նորմա՞լ է։
-Եթե անգամ ունենք ավելորդ քաշ կամ ճարպակալում, երեխաների շրջանում խիստ սննդային սահմանափակումներ երբեք չեն կիրառվում, որովհետևնորմալ աճի, զարգացման համար անհրաժեշտ են բոլոր սննդանյութերը՝ բավարար քանակություններով։
Խիստ սահմանափակումները կազդեն հասակի, ոսկրային խտության վրա։ Մանկական տարիքում է ձևավորվում ոսկրի հանքային խտությունը։
Դիետայի արդյունքում կարողէ լինել նաև նյարդային անորեքսիա կամ բուլիմիա։
Նյարդային անորեքսիայի դեպքում գնալով երեխաների տարիքը փոքրանում է, արդեն 13-15-ի փոխարեն՝ 10-12 տարեկան երեխաների մոտ ենք տեսնում։ Այս դեպքում մեդիայի, ֆիլմերի, մոդելների ազդեցությունն է։
Նյարդային անորեքսիան այն է, երբ երեխան որոշում է չօգտագործել այս կամ այն սննդամթերքը, կամ ուտել ու ժամերով զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, որպեսզի սպառվեն ընդունած կալորիաները։
Բուլիմիան մեծ քանակի սննդի ընդունումն է, որին հաջորդում է լուծողականների օգտագործումը, փսխման առաջացումը, որպեսզի քաշի ավելացում տեղի չունենա։
-Կա կարծիք, որ թմբլիկ լինելը բնորոշ է դեռահասության շրջանին, և հետո նիհարում են։
-Ցավոք այդպես չէ։ Ընդունված է ասել՝ փորը բոյ է դառնում․իրականում միշտ չէ, որ այդպես կլինի։ Եթե մանկական տարիքում ունենք ավելորդ քաշ, ճարպակալում, ամենայն հավանականությամբ դրա հիմքում ընկած են սխալ սննդային սովորությունները, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը։ Եվ դա ընտանիքից է գալիս։ Երեխան հիմնականում սնվում է այնպես, ինչպես ընտանիքում են սնվում։
-Նախաճաշը որքանո՞վ է կարևոր երեխաների համար։
-Նախաճաշն օրվա սննդի ընդունման կարևոր մասն է։ Չեմ վախենա ասել, որ պարտադիր է։ Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ նախաճաշելը բարձրացնում է նյութափոխանակության ակտիվությունը։ Կարևոր է անել ոչ թե քաղցր, այլ սպիտակուցային՝ձու, կաթնամթերք, կարողէ լինել նաև ածխաջուր՝ հաց, միրգ։
Սակայն հիմքը պետք է լինի սպիտակուցը։
6-18 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում ամեն օր առնվազն 60 րոպե ֆիզիկական ակտիվություն։ Սրա մեջ կարող են մտնել բակային խաղերը։ Քունը պետք է լինի 8-10 ժամ։