
«Աստված մի արասցե՝ այդ դարպասները բացվեն. կվտանգվի և՛ Սյունիքը, և՛ Գեղարքունիքը…». Հակոբ Հակոբյան
«Բռնի տեղահանումից հետո արցախահայության սոցիալ-տնտեսական և հոգեբանական խնդիրներն այս իշխանությունները փորձում էին գումարով լուծել: Այս խնդիրները համակարգային լուծում են պահանջում, որովհետև այնպես չէ, որ արցախցիները միայն գումարը թողեցին Արցախում և բռնի տեղահանվեցին. Նրանք այնտեղ թողեցին իրենց սոցիալական կապերը, սոցիալական կարգավիճակը, ամբողջ ապրած կյանքի ձեռքբերումները: Այնպես չէ, որ եթե մարդը գլխին տանիք ունի, և ինքն էլ կուշտ է, դրանով իր բոլոր խնդիրները լուծվում են: Բռնի տեղահանումը կոլեկտիվ հոգեբանական տրավմա է, պետք էր աշխատանքներ իրականացնել, իսկ այդ իշխանությունները դիտարկեցին ուղղակի արցախահայությանը որպես ֆինանսական բեռ և փորձեցին նման ձևով ինչ-որ լուծում տալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:
Ըստ նրա՝ եթե այս իշխանությունները շարունակեն շարժվել այն տրամաբանությամբ, որ՝ նապաստակը պետք է իրեն խելոք պահի, որ գայլը չուտի, ապա կվտանգվի և՛ Սյունիքը, և՛ Գեղարքունիքը:
«Եվ ընդհանրապես, մեր տարածքները գնալով կփոքրանան, եթե ունենանք նման հանձնվող և չպայքարող իշխանության տեսակ: Պատմությունը ցույց տվեց, որ ամեն անգամ, երբ բացում ենք մեր դարպասները, կորուստներ ենք ունենում: Եվ այնպես չէ, որ Սյունիքի դարպասները մենք փակել ենք և ուզում ենք բացել, այլ բան է, որ մեր թշնամի պետությունները մեր շրջափակել են և հիմա դարպասներ բացելու, միջանցք բացելու փաթեթավորման տակ ուզում են ագրեսիա իրականացնել այդ տարածքներում: Այնպես, ինչպես Արցախն էին անվտանգությանը խանգարող հանգամանք համարում, հանձնեցին և տեսան, որ այդպես չէ, այնպես էլ Սյունիքի «փակ դարպասներն» են հիմա պատճառ բերում, որ դա է մեզ խանգարում տնտեսական ինչ-որ զարգացման: Աստված մի արասցե՝ այդ դարպասները բացվեն, և մենք տեսնենք, որ դա ոչ թե խանգարում էր, այլ օգնում էր: Ե՛վ տան, և՛ պետության, և՛ հայրենիքի դարպասների բաց և փակ լինելը պետք է տվյալ երկրի մարդու ձեռքում լինի, այլ ոչ թե հարևան պետության, թշնամի պետության պարտադրանքով բացվի կամ փակվի»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել է. «Եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու: Ես նկատի ունեմ 47 կմ հնարավորությունները, ուրեմն՝ իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ: Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն է դառնալու հետագա զարգացման համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում