
Վահանաձև գեղձի վիրահատություններ. ի՞նչ պետք է իմանալ, երբ ախտորոշվում է վահանաձև գեղձի քաղցկեղ

Վահանաձև գեղձի քաղցկեղը էնդոկրին համակարգի ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այն սովորաբար զարգանում է դանդաղ և հաջողությամբ բուժվում է վաղ փուլերում, բայց որոշ դեպքերում ընթանում է բարդ և պահանջում համակցված մոտեցում։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Սլավմեդ» և «Ուիգմոր» բժշկական կենտրոնների բժիշկ-էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյանի հետ զրուցել ենք ոչ միայն վահանաձև գեղձի քաղցկեղի, այլև ամբողջ ոլորտի կարևորության ու խնդիրների մասին։
Մասնագետը նշեց՝ էնդոկրին վիրաբուժությունը բժշկության այն ճյուղն է, որը կենտրոնանում է հորմոն արտադրող գեղձերի վիրահատական բուժման վրա։ Վահանաձև գեղձի վիրահատությունները կազմում են այս ոլորտի ամենահաճախ կատարվող միջամտությունները, որոնք պահանջում են նուրբ տեխնիկա և մանրակրկիտ մոտեցում՝ հաշվի առնելով գեղձի կենսական նշանակությունը։
«Վերջին տարիներին աշխարհում, այդ թվում` Հայաստանում, վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերի աճ է նկատվում։ Կանանց մոտ այն հանդիպում է 2-3 անգամ ավելի հաճախ, սակայն տղամարդկանց մոտ հիվանդությունն ընթանում է ավելի ագրեսիվ։ Հիմնականում այն հանդիպում է 30-40 տարեկանների շրջանում, սակայն չի բացառվում նաև ավելի երիտասարդների կամ տարեցների մոտ»,-ասաց վիրաբույժը:
Ամբողջ աշխարհում կանանց մոտ վահանաձև գեղձի քաղցկեղները կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ ամենատարածվածն են դարձել: Տղամարդկանց մոտ չորրորդ տեղում են:
Կտրուկ լավացել են հետազոտության ձևերը. վահանաձև գեղձի ուռուցքների ախտորոշման ամենահիմնական եղանակը պարանոցի ուլտրաձայնային հետազոտությունն է: Իսկ հետագա դիագնոստիկ հետազոտությունը բարակասեղային պունկցիոն բիոպսիան է:
Բժիշկի խոսքով՝ վահանաձև գեղձի քաղցկեղի մոտ 95 տոկոսը պապիլյար և ֆոլիկուլյար տեսակներն են, որոնք զարգանում են դանդաղ և վաղ փուլում հայտնաբերելու դեպքում հաջողությամբ բուժվում են: Մեդուլյար տեսակը հանդիպում է հազվադեպ՝ մոտ 3-5 տոկոս դեպքերում և հաճախ կապված է գենետիկական գործոնների հետ։ Ամենաագրեսիվ ձևը՝ անապլաստիկ քաղցկեղը, կազմում է մեկ տոկոս, սակայն զարգանում է շատ արագ և դժվար է բուժվում։Խոսելով բուժման եղանակներից, մասնագետը նշեց, որ հիմնական և առավել արդյունավետ բուժման մեթոդը վիրահատությունն է։
«Կախված ուռուցքի տեսակից և տարածվածությունից, հեռացվում է ամբողջ վահանաձև գեղձը կամ դրա մի մասը։ Բացի դասական բաց վիրահատությունից, վերջին տարիներին զարգացել են նաև մինիմալ ինվազիվ տեխնիկաները՝ էնդոսկոպիկ կամ թևատակից մուտքով միջամտությունները, որոնք հիմնականում կիրառվում են էսթետիկ նկատառումներով։ Այնուամենայնիվ, քաղցկեղի դեպքում նախընտրելի է դասական վիրահատական մոտեցումը՝ ապահովելու առավելագույն վերահսկողություն և նվազեցնելու կրկնության վտանգը»,-ավելացրեց բժիշկ Չոմոյանը:
Հիվանդության որոշ տեսակների դեպքում հնարավոր է սահմանափակ միջամտություն՝ գեղձի միայն մեկ կեսի հեռացում, ինչը թույլ է տալիս պահպանել հորմոնների բնական արտադրությունը։
Մասնագետի խոսքով՝ վահանաձև գեղձի քաղցկեղի առաջացման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն, այդ իսկ պատճառով վաղ ախտորոշման կարևոր գործիքներից են պարբերական ուլտրաձայնային հետազոտությունները և հորմոնալ ստուգումները, հատկապես այն մարդկանց համար, որոնց ընտանիքում կան վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքեր։