«Օձն անընդհատ երախը բացում է, որ կուլ տա, տեսնում է՝ չի կարողանում, հետ է քաշվում. նկատել եք, չէ՞, ամեն օր այդ մարդն ասում է՝ այս օրն եմ գնալու, այն օրն եմ գնալու». Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի խոսքով՝ մի ժամանակ հայտնի գենետիկներից մեկից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է հայ ազգի մեջ տիրում այս վիճակը, նա, պատասխանելու փոխարեն, քահանային խնդրել է, որ Հայոց պատմության մի քանի դրվագներ հիշեցնի։

Քահանան էլ այդ պահին հիշեցրել է, որ Հայաստանի վրա արաբական, սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական և այլ արշավանքներ են եղել։

«Լուսահոգի գենետիկն ինձ հետաքրքիր բան ասաց, ասաց՝ «տեր հայր, մարդը կարող է ունենալ մի քանի հիվանդություններ, բայց 100 տարի ապրի, մահանա ու այդպես էլ չիմանա այդ հիվանդության մասին։ Բայց կարող է ունենալ մեկ հիվանդություն, որը նպաստավոր պայմաններում գլուխը բարձրացնի ու այդ մարդուն տապալի»։

Դրա համար ես մշտապես ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր կարշավեն Հայ Առաքելական եկեղեցու դեմ, հայեր չեն: Այսինքն՝ նպաստավոր պայմաններ կան, իրենք դուրս են եկել, Առաքելական եկեղեցու դեմ հայը երբեք չի գնա, հայն ինչպե՞ս կարող է պղծել եկեղեցին, որն իրեն հայ է պահել, տառեր է տվել, կրթություն է տվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տեր Ահարոն քահանա Մելքումյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհարանի վրա գրոհելու կոչի և «ժողովրդի» անելիքների մասին։

Կարդացեք նաև

Քահանայի խոսքով՝ չպետք է զարմանալ, որ մի քանի հարյուր հոգի միանան Նիկոլ Փաշինյանին և արշավեն Առաքելական եկեղեցու դեմ։

Այս համատեքստում տեր Ահարոն քահանա Մելքումյանը մեկ առակ մեջբերեց.

«Մի մարդ մի օձ է բերում ու տանը պահում։ Այդ օձը մեծանում ու հսկա է դառնում։ Մարդը լավ է պահում այդ օձին, գալիս է մի ժամանակ, օձը դադարում է ուտել, այդ մարդը դիմում է կենդանաբույժի, զննում են օձին՝ արտառոց որևէ բան չեն հայտնաբերում։ Հետո պարզվում է, որ ամեն երեկո օձը փորձում է երախը բացել, որ այդ մարդուն կուլ տա, չի ստացվում, երախը հետ է քաշում, դրա համար էլ ոչինչ չի ուտում։ Երբ այս ամենը պարզ է դառնում՝ այդ օձին լիկվիդացնում են։

Հիմա այս դեպքում՝ օձն անընդհատ երախը բացում է, որ կուլ տա, տեսնում է՝ չի կարողանում, հետ է քաշվում։ Նկատել եք, չէ՞, ամեն օր այդ մարդն ասում է՝ այս օրն եմ գնալու, այն օրն եմ գնալու, անընդհատ երախը բացում, տեսնում է, որ դեռ չի կարողանում կուլ տա, հետ է քաշվում»,- հավելեց քահանան։

Նրա բնորոշմամբ՝ եկեղեցու վրա հարձակումը նույնն է, ինչ հարձակվես սեփական ծնողներիդ վրա։

«Գենետիկայի մասով մի բան հիշեցի՝ հայ մարդը կասի՞՝ «թող թուրքը գա մեր ու մանուկ կոտորի, միայն նախկինները չգան»։

Անալիզ արեք, կտեսնեք, որ ասողը հայ չէ, այսինքն՝ Առաքելական եկեղեցու դեմ գնացողներն այ սրա նմաններն են լինելու»,- ընդգծեց տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Տեսանյութեր

Լրահոս