
Պիկնիկապետություն

Հանրային քաղաքական քննարկումներում շատ է հնչում հարցը՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանին կամ նրա դեմքով 2018-ին հակապետական մեծ նախագիծն իրագործողներին հաջողվել մեկ տեղում հավաքել այդքան անարժեք զանգվածի, որի անդամներն այսօր հնազանդորեն ծառայում են վարչակազմի՝ միջոցների մեջ խտրություն չդնող ցանկացած հրահանգի։
Ոմանք համոզված են, որ նման մարդակույտ հնարավոր էր մեկտեղել միայն այս կամ այն հատուկ ծառայության կողմից հավաքագրման միջոցով, որոշները, որպես նրանց հովանի, տեսնում են դրամաշնորհային ամենատարբեր ծրագրերը, երրորդները համոզված են՝ այդ մարդակույտը սկզբում հավաքվել է անմեղորեն ու անկեղծորեն, իսկ հիմա Փաշինյանը նրանց կառավարում է կոմպրոմատների ու ահաբեկման միջոցով։
Այս հարցերը, անշուշտ, կարևոր են, երբևէ պետք է բացահայտել պետությունը ներսից քանդելու մեխանիկան։ Բայց մինչև այդ պակաս կարևոր չէ գտնել այն ամենաընդհանրական հատկանիշը, որը միավորում է բազմագույն, տարասեռ, դիմազուրկ այս բազմադեմությանը, որը, սովորույթի ուժով, դեռևս անվանվում է Հայաստանի իշխանություն։
Հատկանիշներն, իհարկե, շատ են, բայց դրանցից ամենահավաքականն ու ինտեգրալը թերևս անհայրենիքությունն է։ Փաշինյանին ու նրան ծառայող բոլորին ամեն ինչից ավելի ու ամեն ինչից ուժգին միավորում է հենց անհայրենիքությունը, որը հայրենիքի բացակայությունը կամ չգոյությունը նկարագրող հասկացություն չէ։
Անհայրենիքությունը հայրենիքի գոյության դեպքում, առանց հայրենիքի զգացողության՝ գոյությունը քարշ տալու ապրումն է, եղած հայրենիքի դավաճանությունը՝ հասկացության ոչ թե կանոնիկ, այլ զգայական իմաստով։
Անհայրենիք մարդկանց համար կարևոր չէ հայրենիքն ինքնին, անկախ նրանից՝ որտեղ են գտնվում ու աշխատում իրենք։ Այդ շերտի ներկայացուցիչներն ունեն որոշակի արժեքներ կամ հավատալիքներ, որոնք փոխարինում են այլոց համար անփոխարինելի համարվող հայրենիքին։ Որպես կանոն, դրանք նյութական են կամ փառասիրական։ Անհայրենիքների կյանքի նպատակը փողն է և իշխանությունը, կամ իշխանությունը և փողը։ Հաջորդականությունը կախված է իրերի դրությունից։ Ոմանք փող են աշխատում՝ իշխանության գալու համար, մյուսները՝ իշխանության են ձգտում՝ փող աշխատելու նպատակով։ Բոլորին, սակայն, միավորում է փողի և իշխանության ձգտման տարածքի երկրորդական լինելը։
Ամենևին պատահական չէ, որ արդեն մի քանի տարի Նիկոլ Փաշինյանը հետևողական հակադրում է հայրենիքը և պետությունը՝ սրբացնելով երկրորդը՝ ի հաշիվ առաջինի։ Դա ուղերձ է իր իշխանության հիմնական զանգվածին՝ անհայրենիքների հավաքականությանը՝ առ այն, որ ինքը՝ որպես նրանց առաջնորդ, իրագործում է անհայրենիք պետության հայեցակարգը, քանի որ հայրենիքը՝ նախկին իմաստով, խոչընդոտում էր և է իրենց հիմնական արժեքներին՝ փողին և իշխանությանը։
Այս նպատակին են ծառայում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նյութական ցանկացած առիթի գովերգումները՝ գինու փառատոնից մինչև Վարդավառի միջոցառումներ, որոնց նպատակն անհայրենիքությունն իշխանական համակարգից նաև հասարակության վրա տարածելն է՝ ցույց տալու համար, որ Հայաստանում ապրող մարդիկ՝ իշխանությունից մինչև շարքային պիկնիկի մասնակից, հայրենիքի կարիք չունեն և կարող են բավարարվել տարածքով, որտեղ կա խորոված անելու համեմատաբար հարմարավետ տարածք, բայց որի վերակացուի դերում պարտադիր պետք է լինեն Փաշինյանն ու նրա ուսապարկախումբը։
Հարություն Ավետիսյան