Ինչպես տեսնում եք, իշխանահաճո որոշումները դատավորներին չեն փրկել Կարեն Անդրեասյանի անսահման ծառայամտությունից և հիվանդագին ամբիցիաներից. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Արշալույս Սարյանը նրան հարցրել է.

«Ո՞նց եք վերաբերվում ԲԴԽ որոշմանը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործով՝ դատավոր Աննա Դանիբեկյանի,  և Ձեր գործով՝ դատավոր Վահե Դոլմազյանի հետ»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«ԲԴԽ տվյալ որոշումն ապացուցում է, որ ՀՀ դատական համակարգը ոչ միայն հիվանդ  է, այլև նրա վիճակն ավելի է ծանրանալու։ Երկու դատավորներն էլ ակնհայտ քաղաքական գործերով իշխանահաճո որոշումներով են հայտնի։ Մասնավորապես՝ ներկայիս իշխանական ռեժիմի քաղաքական հակառակորդներին անազատության մեջ պահելով։ Ինչպես տեսնում եք, դա չի փրկել նրանց Կարեն Անդրեասյանի անսահման ծառայամտությունից և հիվանդագին ամբիցիաներից։

ԲԴԽ այդ որոշումը մի նպատակ ունի՝ էլ ավելի կախյալ և կառավարելի դարձնել դատական համակարգը՝ «бей своих, чтобы чужые боялись» սկզբունքով։ Այն, որ այս ռեժիմը սիրում է օգտագործել մարդկանց և դեն նետել, վաղուց պարզ էր։ Սակայն ես չեմ չարախնդում, որովհետև թե՛ մենք բոլորս, թե՛ Դանիբեկյանն ու Դոլմազյանը, թե՛ անգամ Կարեն Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի պատանդներն ենք այս պահին՝ անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում՝ «Նուբարաշեն» ՔՀԿ-ո՞ւմ, թե՞ ԲԴԽ գլխամասում։

Բոլոր միջազգային հիմնական զեկույցներով և սոցիալական հարցումներով Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է և կախյալ։ ԲԴԽ վերջին որոշումը ոչ միայն չի փարատել այս մեղադրանքները, այլ ճիշտ հակառակը՝ ապացուցում է դրանք առնվազն կախյալության և քաղաքականացվածության առումով»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս