Զաքիր Հասանովի հետ Սուրեն Պապիկյանն ուղիղ կապ չի պահում, իսկ ՌԴ ՊՆ Անդրեյ Բելոուսովին «գաղտնի» շնորհավորել է
Հունիսի 20-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր հարցման միջոցով մի քանի հարց է ուղղել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող, հատկապես, երբ պատերազմի ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ հրապարակայնացվել են։
Մասնավորապես, հարցրել էինք.
– ՀՀ պաշտպանության նախարարարությունում կա՞ գրավոր հրաման 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշին կորցնելուց հետո այն հետ բերելուն, կամ՝ հետ վերցնելու գործողությունների պլանին առնչվող:
– ՊՆ-ում և ԳՇ-ում կա՞ գրավոր հրաման 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հակահարձակման հայտնի օպերացիայի վերաբերյալ: Փաստաթղթերում այն որպես ի՞նչ գործողություն է ներկայացվել՝ հակահարվա՞ծ, հակաահաբեկչական հարվա՞ծ, հակահարձակո՞ւմ:
– Ե՞րբ են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջել մինչև Խոդաֆերինի ջրամբար, ե՞րբ է ջրամբարը հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ: Արդյո՞ք ԳՇ-ում կա զորքի նահանջի գրավոր հրաման:
Գրավոր հրամանի լինել-չլինելու մասին տեղեկությունը պետական գաղտնիք է. Ինչո՞ւ Փաշինյանը պատասխան չի տվել պատերազմական գաղտնազերծումների համար
Մոտ մեկ ամիս հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխան գրություն է ուղարկել, որտեղ նշվում է, որ այս հարցերի պատասխանները պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, որոնց տրամադրումը սահմանափակվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով:
Այս համատեքստում յուրաքանչյուր հարցի հետ կապված ստիպված ենք հերթական անգամ մի քանի փաստ հիշեցնել:
Հակահարձակման օպերացիա- 168.am–ը գրել էր, որ Փաշինյանը խմբագրել է հայտնի ռազմական օպերացիայի մասին պատերազմի ընթացքում արված գրառումը:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խմբագրել է 2020-ի հոկտեմբերի 6-ի ֆեյսբուքյան իր գրառումը, որտեղ խոսում է Արցախ այցի մասին:
Ընդ որում, որոշ կայքեր հասցրել են տարածել նախնական տարբերակը, որտեղ Փաշինյանը նշում է.
«Երեկ Արցախում էի:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:
Մի քանի անգամ իր այս գրառումը խմբագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը հետևյալ տարբերակն է ընտրել.
«Երեկ Արցախում էի:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:
Այսինքն, նախնական տարբերակում Փաշինյանը նշել էր, որ «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել են հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:
Խմբագրումից հետո «հակառակորդին արժանի հակահարված»-ը դարձել էր «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված»:
Սակայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու քայլերի մասին»:
Հավելենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից՝ հոկտեմբերի 8-ին: Այսինքն, գործ ունենք օպերացիայի բնույթը գաղտնազերծելու հետ: Սա՝ առաջին:
Երկրորդ՝ մենք գրել էինք նաև, որ Նիկոլ Փաշինյանը նախապես ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում հրապարակայնացրել էր դեռ ընթացքի մեջ գտնվող ռազմական պլանները:
2020 թվականի հոկտեմբերի 7-ին հրապարակվել էր Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ ասել էր.
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։
Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:
Հավելենք, որ, երբ դեռ հակահարձակման ձախողված օպերացիայի համար ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ կար մեղադրանք, նրա մեղադրանքում, մասնավորապես, նշվում էր.
«2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը…»:
Ավելին, մեղադրանքում նշված էր, որ հակահարվածի ձախողումից հետո ևս մեկ փորձ է կատարվել, ձևավորվել է զորախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները:
«2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը»:
Իսկ «Պետական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է, որ պետական գաղտնիքի շարքին են դասվում «զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի, ներառյալ՝ աշխարհազորի և տարածքային պաշտպանության, Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունները»:
Մի կողմ դնելով սառը հաշվարկների փաստը, կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական օպերացիայի բնույթի և գործողությունների գաղտնազերծումներից հակառակորդն օգտվել է:
Հակահարվածի հայտնի օպերացիային Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում իր հարցաքննության ժամանակ՝ իր կողմից հաստատված օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դնելով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա:
Շուշիի կորուստ, հետ գրավելու օպերացիա–2023 թվականի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր Շուշիի անկման թեմային և մանրամասնել.
«Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք: Այսինքն՝ պահեք Շուշին: Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում ենք…»:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 5-ին Աբովյանում նախընտրական հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.
«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ է 1.5-2 օր ուշացումով տեղ հասել»:
Այսօր Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մոտ 2 տարի կալանավորված է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որին առաջադրված մեղադրանքում Շուշիի պաշտպանությանը վերաբերող դրվագը, ըստ ՀՀ քննչական հաղորդագրության, ավարտվում է նոյեմբերի 7-ով:
Ի դեպ, այս տարվա հունիսին մեր մեկ այլ գրավոր հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ 2020թ. նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձվել:
Արաքսի երկայնքով մինչև Խոդաֆերինի ջրամբար նահանջի ադրբեջանական պահանջ- 2023 թվականի Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շոշափել կրակի դադարեցման հարցը՝ «ասացի՝ համաձայն եմ, մինչ այդ հետաքրքրվելով, թե ի՞նչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը»:
«Հաջորդ օրը (2020, հոկտեմբերի 8.- Մ.Պ.) Ռուսաստանի նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով… Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին՝ ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն…»,- մանրամասնել էր նա:
Արդյո՞ք սա չի հուշում հստակ նահանջների մասին: Մենք ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել ենք վերը նշված բոլոր դեպքերում պարզել՝ եղե՞լ է, կա՞ գրավոր հրաման, այսինքն՝ այն, ինչ կատարվել է, փաստաթղթավորվա՞ծ է, իսկ վերջին դեպքի հետ կապված ընդամենը փորձել ենք հասկանալ՝ այդ «քաղաքական ճկունությունը» ենթադրե՞լ է հայկական զորքի նահանջ:
Գաղտնիք չէ, որ հարավային ուղղությունում շատ են եղել նահանջներ, որի մասին պարբերաբար հիշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Գաղտնիք չէ նաև, որ նահանջներ եղել են Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության խախտմամբ:
Մենք ինքներս պահանջկոտ ենք պետական և ռազմական գաղտնիքի պահպանման հարցում, քանի որ գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հրապարակայնացումը, այն էլ, երբ դեռ պատերազմը չի ավարտվել, իսկ ռազմական պլաններն ընթացքի մեջ են, կարող է վտանգել զորքի անվտանգությունը:
Իսկ հունիսի 20-ի մեր հարցման մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել էինք ճշտել նաև՝
– 2024 թվականի մարտին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը մաս-մաս փոխանցում է Հայաստանին գնված և չմատակարարված զենքը, արդյո՞ք այն ամբողջությամբ մատակարարվել է, եթե ոչ, ապա պայմանագրային պարտավորությունների քանի՞ տոկոսն է կատարված: Այս հարցադրման պատասխանը ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հրապարակման ենթակա չի համարել, պետական գաղտնիք է:
Այստեղ էլ հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այս տարվա գարնանը հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի, և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել:
Արմեն Գրիգորյանը հայտնել էր նաև, որ «ՌԴ-ն չի մատակարարել մեզ գնված զենքը, որը կազմում էր 250 միլիոն, 2021 թվականին կնքված պայմանագրեր են»:
Առհասարակ, սպառազինության պայմանագրերի և մատակարարման մասին գաղտնազերծումներ անում են իշխանության ներկայացուցիչները և գործընկեր երկրները՝ Հնդկաստան, Ֆրանսիա:
Եվ մեկ անգամ չէ, որ գրել ենք ժամանակից շուտ նման գաղտնազերծումների անթույլատրելիության և բացասական հետևանքների մասին: Իսկ մենք ՊՆ-ից չէինք պահանջել՝ նշել, թե ինչ զինատեսակ է մատակարարվել: Ի դեպ, արժե հիշել նաև սպառազինության որակի և վիճակի մասին Նիկոլ Փաշինյանի՝ օրենքից դուրս հայտարարությունները և գաղտնազերծումները։
ՀՀ պաշտպանության նախարարությանը մեր հարցման միջոցով ևս 2 հարց էինք ուղղել, այն է՝
– Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ եղե՞լ է, ե՞րբ և քանի՞ անգամ, քանի որ 2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:
– ՌԴ և ՀՀ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է, վերջին անգամ ե՞րբ է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ուղիղ շփում ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ: Ի դեպ, նախարարը շնորհավորե՞լ է ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին, եթե ոչ՝ ինչո՞ւ:
Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև ուղիղ կապ չի գործում
Ադրբեջանի նախարարի հետ Սուրեն Պապիկյանի ուղիղ կապի լինել-չլինելու հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, որ ՊՆ մամուլի քարտուղարի կողմից ԶԼՄ-ներին տրվել է պարզաբանում: Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին 168.am-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում»:
Այս պատասխանից անցել է երկու տարի, և այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, մարտեր, կարող էր, չէ՞, երկու նախարարների միջև ուղիղ կապ գործած լինել, և հետո մենք հարցրել էինք՝ 2021 թվականից մինչ այսօր քանի՞ դեպք է եղել, ե՞րբ: Այս հարցն ընդհանրապես շրջանցվել է, իսկ 2022 թվականի ՊՆ պատասխանից կարող ենք ենթադրել, որ Պապիկյան-Հասանով ուղիղ կապի դեպքեր եղել են:
Ինչ վերաբերում է ՌԴ ՊՆ Անդրեյ Բելոուսովին շնորհավորել-չշնորհավորելուն, ՀՀ պաշտպանության նախարարությունից մեզ հայտնել են. «ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Անդրեյ Բելոուսովին ՌԴ պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ»:
Նշենք, որ մենք գրել էինք, որ հրապարակային մակարդակում հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Անդրեյ Բելոուսովին ՊՆ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
2021 թվականի նոյեմբերին այդ ժամանակ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն շնորհավորել էր Սուրեն Պապիկյանին ՀՀ ՊՆ նշանակվելու առիթով, և դա ՊՆ պաշտոնական կայքում հրապարակվել էր:
Այն, որ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը՝ ողջունելի է, սակայն ՊՆ պատասխանից պարզ չէ՝ հեռախոսազանգի միջոցո՞վ է Պապիկյանը շնորհավորել, թե՞ նրա անունից գրավոր շնորհավորական ուղերձ է ուղարկվել:
Մյուս կողմից՝ ուղիղ շփումների մասին մեր լրացնող հարցին ՊՆ-ից պատասխանել են, որ ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում, իսկ հեռախոսազանգն ուղիղ շփում է:
Ըստ այդմ՝ կարելի՞ է ենթադրել, որ Սուրեն Պապիկյանի անունից գրավոր շնորհավորական ուղերձ է ուղարկվել, որի մասին հայկական կողմը չի էլ հրապարակայնացրել, ինչպես սովորաբար անում է: