
Բելոուսովը Շոյգու չէ, Պապիկյանին հեշտ չի լինելու. Ինչ է սպասվում հայ-ռուսական ռազմական հարաբերություններում

Հայաստանը չի մասնակցել Ալմաթիում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, քանի որ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով մասնակցությունը սառեցված վիճակում է, ավելին՝ Հայաստանը դադարեցրել էր նաև ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։
Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ մնում ենք ՀԱՊԿ անդամ, Հայաստանը, ըստ էության, համարվում է ՀԱՊԿ գոտի, բայց չի օգտվում ՀԱՊԿ շրջանակում անվտանգային և ռազմատեխնիկական ինչ-ինչ հնարավորություններից: Ամիսներ առաջ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցումնշել էր, որ ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը:
Իսկ մայիսի 31-ին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, մասնավորապես, վերանայվել և ստորագրվել են փաստաթղթեր՝ ՀԱՊԿ զորքերի բաղադրիչների (Հավաքական զորքերի) սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից և հեռանկարային մոդելներով զինելու, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության պլանավորման, ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների պատրաստման մեթոդների կատարելագործման վերաբերյալ:
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ պարագծով ռազմական սպառնալիքների աճը պահանջում է hավաքական անվտանգության համակարգի մեջ մտնող ուժերի և միջոցների կատարելագործում, ինչպես նաև անհրաժեշտ է միջոցների ձեռնարկում կազմակերպության ներսում արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման ուղղությամբ:
Բելաուսովն առաջարկել է նաև փոփոխություններ մտցնել նորմատիվ իրավական բազայում՝ ապահովելու ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) օպերատիվ տեղակայումը և զինվորական կազմավորումների ու ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումը՝ անթույլատրելի համարելով ՀԱՊԿ ձևաչափում օպերատիվ և մարտական պատրաստության ինտենսիվության նվազեցումը:
ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին ՌԴ նորանշանակ նախարարը չի անտեսել շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՀ ՊՆ խնդրանքով ԱՄՆ–ը խորհրդատուներ է տեղակայում ՀՀ զինված ուժերում: Այս մասին, մասնավորապես, գրել է Intelligence Online-ը։
«Հատուկ մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի տիրույթում ներգրավելու համար»,- նշել է Բելոուսովը:
Հավելենք, որ իշխանամերձ շրջանակներից, արդեն քանի ամիս է՝ խոսում են պաշտպանական համակարգում արևմտյան երկրներից խորհրդատուների ժամանումների մասին: Մասնավորապես, փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանամետ փորձագետ Արեգ Քոչինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից 5-10 խորհրդական են ժամանել Զինված ուժեր: Ի դեպ, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ևս նման ակնարկ էր արել:
Մարտի 2-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ նպատակով են Հայաստան եկել այս խորհրդականները, արևմտյան ուրիշ ո՞ր երկրներից են նախատեսվում խորհրդական-հրահանգիչների այցեր և ներգրավվածություն Զինված ուժերում բարեփոխումների գործընթացին:
Մարտի 19-ին մեզ ուղարկված պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունն առանց հստակեցումների՝ նշել էր.
«Ի պատասխան մարտի 2-ի Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում և օգտագործում է միջազգային գործընկերների փորձը, ստանում փորձագիտական և խորհրդատվական օժանդակություն»:
Այն, որ անվտանգային կարևոր փաստաթղթի կամ բարեփոխումների շրջանակում Հայաստանը հաշվի է առել միջազգային փորձը, ստացել խորհրդատվական օժանդակություն, դա նոր բան չէ:
Հարցն այստեղ շատ հստակ էր և վերաբերում էր կոնկրետ հայտարարության, և պաշտպանական գերատեսչությունը սահմանափակվել է հերթապահ նախադասությամբ, իհարկե, կարող ենք ենթադրել և ասել, որ չի հերքել իշխանամերձ փորձագետի հայտարարությունը: Բայց չգիտենք, թե ինչ հարցերի շուրջ խորհրդատվության մասին է խոսքը:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս պաշտոնական հաղորդագրության միջոցով հայտնել է, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հիմնավոր է համարել ՌԴ պաշտպանության նախարարի մտավախությունները՝ հղում տալով Intelligence Online-ի վերլուծությանը, թե Վաշինգտոնը, օրինակ, խորհրդատուների «ներմուծման» միջոցով փորձում է «պատասխանատվություն ստանձնել» Հայաստանի և այլ երկրների պաշտպանական գերատեսչությունների նկատմամբ, որոնք ցանկանում են հրաժարվել ռուսական մոդելից:
Պաշտպանական բնագավառում տարբեր երկրների սերտ ռազմական համագործակցությունը ճիշտ է, իսկ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական քաղաքականության ոլորտում դա միշտ էլ եղել է: Խնդիրն այն է, որ պետք իրապես գործ ունենանք դիվերսիֆիկացիայի հետ, հետո՝ հարաբերությունները պետք է կառուցվեն սառը հաշվարկների վրա:
Եվ եթե այսօր Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ անդամ, ինչո՞ւ պետք է զրկված լինի դրա շրջանակում ռազմական արտոնություններից:
Նշենք, որ 168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, նշել էր.
«ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցչի իմ մոտ 10 տարվա ռազմադիվանագիտական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը նպաստել է ՀՀ-ՆԱՏՕ փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՆԱՏՕ անդամ երկրների` մեզ համար առնվազն մարտավարական մակարդակում «մարսելի» փոխգործակցության չափանիշների ընդօրինակմանը:
Հերթական անգամ պնդում եմ, որ ռազմական, մասնավորապես` մարտական պատրաստության ուղղությամբ, և ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է հրատապ «տասնապատկվի»: Իսկ թե ում հետ, դա արդեն պետք է լինի իշխանությունների քաղաքական ուղղորդումը:
Պարզ ասած, եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը: Եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել: Իսկ ստեղծված պայմաններում «կոմպլեմենտար» համագործակցությունը ռազմական ոլորտում խիստ վտանգավոր է:
Արդյո՞ք երեք տարբերակներով նշված երկրները կամ կազմակերպությունները սպասում են մեզ, չեմ կարող պատասխանել իշխանությունների փոխարեն` ամբողջական տեղեկատվության բացակայության պատճառով: Համագործակցության ընտրվելիք ուղղության հետ կապված ռիսկերը կարող են գնահատվել միայն ու միայն ամբողջական և համապարփակ վերլուծության հիման վրա, որը, ի դեպ, համապատասխան գերատեսչությունների օրենսդրությամբ սահմանված լիազորությունն է, ինչպես նաև ԱԽ կողմից սահմանվելիք պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում»:
Ավելի ուշ «Փաստինֆոյի» հարցերին ի պատասխան էլ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությանն անդրադառնալով, Տոնոյանն ասել էր.
«Եթե ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների վերաբերյալ «աղմուկ» է բարձրացվում, այլ ոչ թե պահանջվող հանրային թափանցիկություն կամ, հակառակը, հնարավորինս գաղտնիության ապահովում, ապա դա նշանակում է, որ «աղմուկը» ունի «քաղաքական անհրաժեշտություն», այն էլ և ՀՀ-ի, և Ֆրանսիայի համար: Կարող եմ միայն նշել, որ ՆԱՏՕ անդամ երկրների հետ անհրաժեշտության դեպքում ոչ պակաս նպատակային համագործակցություն է ծավալվել մոտ 30 տարի: ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պահմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ, ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն՝ համագործակցության հաստատումը, բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է»: Սա, ըստ էության, առանձին քննարկման թեմա է:
Իսկ տվյալ դեպքում ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, որ ՌԴ նորանշանակ նախարարի պարագայում հարաբերություններ կարգավորելը, թերևս, հեշտ չի լինելու, և դա միայն ՀԱՊԿ նիստում Հայաստանին հասցեագրված զգուշացումները չէ, որ հուշում են, որտեղ, ի դեպ, չի անտեսվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, այդ գործընթացում Արևմուտքի դերը, այլ նաև, թե ինչ խնդիրներ է նա առաջադրել թեկուզև ՌԴ ՊՆ-ի առջև, և, առհասարակ, ինչ սկզբունքներով է առաջնորդվում: Թեպետ ՀԱՊԿ նիստում նրա հայտարարություններն էլ բավարար էին ենթադրությունների համար:
Օրինակ, նրա նախորդը՝ Սերգեյ Շոյգուն, գոնե ափսոսանք էր հայտնում ՀԱՊԿ-ի հետ կապված ՀՀ որոշման առնչությամբ և շեշտում Հայաստանի կարևորությունը կազմակերպությունում:
Ըստ այդմ՝ եթե դեռ Շոյգուի պաշտոնավարման օրոք ՀՀ իշխանության ներկայացուցիչների հավաստմամբ Ռուսաստանը սկսել էր մաս-մաս փոխանցել գնված և չմատակարարված զենքը, ապա հետաքրքիր է՝ ինչ է լինելու Բելոուսովի օրոք:
Ի դեպ, ԱՄՆ ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CSIS) վերլուծության մեջ նշվում է, որ Անդրեյ Բելոուսովի նշանակումը նպատակ է հետապնդում նվազեցնել Մոսկվայի կախվածությունը Պեկինից, որը հիմնական գործընկեր է և երկակի նշանակության ապրանքների խոշոր մատակարար:
Ամերիկյան վերլուծաբանները նաև նկատում են, որ ՌԴ նորանշանակ նախարարը թույլ չի տա, որ Ռուսաստանը ներկա պայմաններում շատ ուժեղ կախվածություն ունենա «դրսի» սպառազինությունից, և կանի ամեն ինչ՝ զարգացնելու և ակտիվացնելու ռուսական «անկախ» ռազմարդյունաբերությունը՝ ռուսական երկարաժամկետ հետաքրքրությունների սպասարկման համատեքստում: Իհարկե, կարժաժամկետ հեռանկարում Ռուսաստանը դեռ կներմուծի կարևոր ռազմավարական բաղադրիչներ սեփական պաշտպանական համակարգի համար:
Թե ՌԴ ռազմավարական դաշնակիցները, մասնավորապես, Հայաստանը ինչպես կարող է օգտվել հետագայում ՌԴ ռազմաարդյունաբերական անկախ կարգավիճակից, այսպես ասած, կամ՝ ստանալ այն, ինչ դեռ գուցե չի ստացել ըստ պայմանագրի, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Ի դեպ, հրապարակային մակարդակում հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Անդրեյ Բելոուսովին ՊՆ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 2021 թվականի նոյեմբերին այդ ժամանակ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն շնորհավորել էր Սուրեն Պապիկյանին ՀՀ ՊՆ նշանակվելու առիթով:
Չմոռանանք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի երկկողմ ռազմական պայմանագրեր, որոնք ոչ ոք չի չեղարկել, գոյություն ունի նաև հայ-ռուսական միացյալ զորախումբ և այլն:
Հ.Գ. Մի քանի օր առաջ ՌԴ-ին և Բելառուսին 44-օրյա պատերազմը նախապատրաստելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը, որի քաղաքական որոշմամբ ՀԱՊԿ-ում սառեցված վիճակում է ՀՀ մասնակցությունը, այսօր շատ ուրախությամբ ծննդյան օրվա առթիվ ընդունել է նույն այդ երկրների ղեկավարների շնորհավորանքները, Իլհամ Ալիևին Հարավային Կովկասի առաջնորդ կարգած Բելառուսի նախագահի գովեստի խոսքերը և տողատակում թաքնված հորդորը, թե Փաշինյանը ճիշտ ճանապարհի վրա է: Խոսքը, թերևս, Փաշինյանի որդեգրած խաղաղության օրակարգի մասին է, որի համատեքստում ամեն ինչ ադրբեջանական պայմանով է արվում: