Վանեցյանի և Տոնոյանի նախապատերազմական հայտարարությունները. ով որքանով Փաշինյանի «դաբրո»-ն ուներ, որքանով դավադրության զոհ դարձավ

Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի երկարամյա նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերն ընդգրկող գրքի հրատարակումից հետո, որտեղ նա անդրադարձել է նաև Արցախի 2020 թվականի 44-օրյա պատերազմին և այդ օրերին ԻԻՀ միջնորդությանը, փորձագիտական, քաղաքական շրջանակները թարմացրեցին 44-օրյա պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու թեման: 168.am-ը մշտապես «տաք» է պահում այս թեման և առհասարակ, պատերազմին առնչվող ցանկացած թեմա, այդ թվում՝ նախապատերազմյան: Իսկ ասելիք դեռ շատ կա:

Ինչպես իր հրապարակման մեջ «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանն է նկատել, ՀՀ իշխանությունների կողմից պատերազմը կանգնեցնելու հնարավորությունների մերժման հարցը «չունի վաղեմության ժամկետ, և սա պետք է դառնա ազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ են մերժվել պատերազմը դադարեցնելու առաջարկները»:

«Այս հարցը ծնում է նոր հարցեր՝ իսկ գուցե մեկ այլ ուժ թույլ չի՞ տվել պատերազմը շուտ դադարեցնել, իսկ գուցե եղել են ա՞յլ դրդապատճառներ։ Վերջապես, այս հարցը չի կարող սահմանափակվել մեկ հոգու պատասխանատվությամբ։ Կա անձանց մի շրջանակ, որը պատասխաններ պետք է տա։ Այդ շրջանակը ներառում է այդ ժամանակվա գործող արտգործնախարարին, այդ ժամանակվա ՀՀ նախագահին, որը հետագայում փախավ Հայաստանից (գուցե հենց ա՞յդ պատճառով), Անվտանգության Խորհրդի անդամներին։

Ո՞վ էր տեղյակ առաջարկներին, ո՞վ ձայն չհանեց, երբ մերժվում էին առաջարկները։ Ո՞վ գիտեր, թե ինչ է կատարվում, ու չդիմեց ժողովրդին՝ կասեցնելու համար աղետը։

Կարդացեք նաև

Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել թաքնվել մասնավոր հորինված ստի մեջ՝ ում ինչպես հարմար է։ Պատերազմի արագ դադարեցման (մերժման) առեղծվածը կարմիր գիծ է»,- շարունակել է նա:

Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին, այսինքն, պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողություննները կանգնեցնելու՝ այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի առաջարկին, դրա արձագանքին, բայց այդ օրվա նիստին ներկաները դեռ պիտի խոսեն, այո:

Հավելենք, որ նշված նիստին, բացի ԱԽ անդամներից, ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Իսկ 2020 հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը:

Այս անձանց շրջանակը, ինչպես գրել է Վահե Հովհաննիսյանը, պետք է պատասխան տա 44-օրյա պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու հարցում, այսինքն, պատասխանատվության որոշակի չափ ունեն:

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ 2020 թվականի պատերազմի ընթացքում հրավիրված հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստին: Սպասենք դրան և հնարավոր արձագանքներին: Այս պահի դրությամբ ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյան (նա սկզբում չէր հերքել.- Մ.Պ.), ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, հերքել են, թե սեպտեմբերի 30-ին ԳՇ պետը պատերազմը կանգնեցնելու առաջարկ է արել, իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարարար Դավիթ Տոնոյանը 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում հաստատել էր նման առաջարկի փաստը՝ ակնարկելով, որ չի ողջունել:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- մանրամասնել էր Տոնոյանը:

Հոկտեմբերի 19-ին նման առաջարկի ներկայացման փաստը իշխանությունները չեն հերքել իսկ պատերազմը չկանգնեցնելը պայմանավորել են թուրք-ադրբեջանական նախապայմաններով:

Ինչ վերաբերում է Զարիֆի հուշերին, ապա «Կովկասյան առնչություններ» բաժնում, մասնավորապես, գրել է. «Շատ կարևոր է, որ այդ օրերին մենք դոկտ. Արաղչիին (Զարիֆի տեղակալ.ՏԴ) որպես Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ ուղարկեցինք Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա, որպեսզի ներկայացնի Թեհրանում պատրաստած մեր առաջարկը։ Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտ. Արաղչին մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին։

Մենք առաջարկում էինք՝ կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի ՀայաստանՂարաբաղ միջանցքը։ Մենք առաջարկում էինք նաև ԻրանԹուրքիաՌուսաստան եռակողմ հանդիպում՝ Ղարաբաղի օրակարգով։ Այս ձևաչափն առաջին անգամ Լավրովն էր առաջարկել, բայց մեր հետևողական լինելուց հետո ռուսները չընդառաջեցին, ապա մեզ անտեսելով՝ Թուրքիային առաջ մղեցին»:

Հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ էր ներկայացրել։ Իհարկե, դրա առնչությամբ՝ հայկական կողմը մտահոգություններ ուներ:

«Այս նախագիծը մի քանի փուլով կարող է իրավիճակը բերել կայուն խաղաղության և վերջ տալ առկա հակամարտությանը և, իհարկե, Ադրբեջանի Հանրապետության տարածքների «օկուպացիային»»,- Բաքվում ասել էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Իրանի հատուկ բանագնաց, քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն այս նախագծի առանցքային կետերից է:

Իսկ Իրանի տարածքում արկեր էին ընկել հոկտեմբերի կեսերին, այնուհետև Արցախի և Իրանի սահմանի այդ ուղղությամբ սկսել էին թեժ մարտեր: Ավելին, 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմն անօդաչուներով (որոնցից մեկն ընկել էր ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել էր ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Այստեղ պետք է հիշեցնել, որ այս իրադարձություններից առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, ՀՀ ՊՆ-ում ընդունել էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին, որի ժամանակ անդրադարձ էր կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

168.amն անդրադարձել էր 44-օրյայի ժամանակ Փաշինյանի՝ Իրանի առաջնորդի հետ ունեցած մեկ հեռախոսազանգին, իսկ հարավային ուղղությամբ մարտերի օրերին ոչ մի զանգ չի եղել:

2020 թվականի հոկտեմբերի 30-ին, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին:

Օրերս Իրանը «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում հստակ հայտարարել էր, թե ինչ ասել է՝ այն Իրանի կարմիր գիծն է, այսինքն, թույլ չեն տալու Հայաստանի և Իրանի սահմանի խզում:

Այս համատեքստում անդրադառնանք նախապատերազմյան մի թեմայի, որին դեռ չենք անդրադարձել նախապատերազմյան իրադարձությունների շրջանակում:

2019թ. փետրվարի 27-28-ին Իրան կատարած այցի ընթացքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ:

Մենք՝ որպես ժողովուրդ, այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է, և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողովրդի նկատմամբ»:

Նույն օրերին՝ 2019 թվականի փետրվարի 27-ին, այդ ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել էր արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, սահմանին տիրող իրավիճակին ու ապագայի ծրագրերին: Վանեցյանին ներկայացվել էր Արաքսի հովտում նոր բնակավայրի կառուցման և վերաբնակեցման նախագիծը, որի մասին դեռ ՀՀ նախորդ իշխանությունների օրոք, և հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաստատել էր ռազմավարական այսօրինակ քայլերի կարևորությունը, Արաքսավանը դիտվում էր՝ որպես անվտանգության գոտու օղակներից մեկը: Ի դեպ, օկուպացված Արցախի հարավային հատվածում գտնվող Արաքսավանը կորցրեցինք 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով:

Իսկ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը Արցախ կատարած այցի ընթացքում, որի ժամանակ խոսք էր եղել Արաքսի ափին բնակավայր կառուցելուց, հայտարարել էր.

«Այն արտահայտությունները, խոսքերը, որ մարդիկ միշտ շահարկում են, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այս ծրագրի իրականացման արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք։ Մեր հողում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»: 

Այդ ժամանակ, թերևս, կարող էր ենթադրության տեղիք տալ, որ Նիկոլ Փաշինյանն է ԱԱԾ տնօրենին նման հայտարարություն անելու հրահանգ տվել, որը, իհարկե, Բաքվում ապակառուցողական էին համարել, երբ 2019 թվականի մարտին պետք է հանդիպեին երկու երկրների ղեկավարները, նաև արտաքին գործերի նախարարները:

Ավելի ուշ, սակայն, Արթուր Վանեցյանը մանրամասնել էր՝ պատասխանելով «Ազատության» գրավոր հարցին:

«Այդ հայտարարությունը կատարել եմ՝ որպես պրոֆեսիոնալ սպա, որին մտահոգում են Ադրբեջանի հռետորաբանությունը և այնտեղից հնչող սպառնալիքները, որոնք խարխլում են բացառապես խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Իսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի պաշտոնական մոտեցումն արտահայտում են ՀՀ վարչապետն ու արտգործնախարարը, ովքեր էլ ներգրավված են խաղաղ գործընթացում»:

Այս հայտարարությունից ամիսներ հետո՝ 2019 թվականի սեպտեմբերին, Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց, հայտարարության մեջ, մասնավորապես, նշելով.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր՝ սպայի պատվին առնչվող որևէ դեպք չի եղել, և, որ հրաժարականի պատճառն իրեն հայտնի է:

2020 թվականի մամուլում շրջանառվել էր Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից Վանեցյանին փակ ծրար փոխանցվելու մասին տեղեկությունները, որի մասին լրագրողների հետ զրույցում Վանեցյանը կոռեկտ չէր համարել մանրամասներ հայտնել, բայց չէր թաքցրել, որ Ալիևի ու Փաշինյանի միջև օպերատիվ կապը տեխնիկական մասով ապահովել էր ինքը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արցախում Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո խնդիրներ են եղել, հատկապես, երբ շեշտել էր դա՝ որպես սպա ձևակերպումով, այսինքն, առանց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյի»: Մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանն անմիջապես դրանից հետո չի ազատվել:

Ինչևէ, գրեթե նույն ժամանակահատվածում՝ 2019 թվականի մարտի վերջին, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով, Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հստակ նշել էր, որ իր իմացությամբ կամ թույլտվությամբ է նման բան ասվել:

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»,- շեշտել էր Փաշինյանը և հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեզ հետ, ընդգծել. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:

168.amգրել էր, որ Դավիթ Տոնոյանը նմանօրինակ միտք արտահայտել էր նաև 2015 թվականին՝ «ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է»:

Իսկ այս դեպքում, ըստ էության, դարձել էր ինչ-որ առումով Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհը, եթե հաշվի առնենք այդ հայտարարությանը նախորդած և հաջորդած Փաշինյան-Ալիև հանդիպումները և դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Պատերազմին առնչվող ոչ մի փաստ վաղեմության ժամկետ չունի, հատկապես, երբ դրա հետևանքը կրում ենք մինչև այսօր, նշանակում է՝միշտ կարող են լինել նոր բացահայտումներ, իսկ պատասխանատուները պետք է ժամանակից հետ չընկնեն և խոսեն, այդ թվում՝ վաղուց ՀՀ-ում չգտնվող ՀՀ նախագահ աշխատած Արմեն Սարգսյանը: Ի վերջո, պատասխանատվությունն էլ ինչ-որ առումով վաղեմության ժամկետ չունի:

Տեսանյութեր

Լրահոս