Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի Իրանի պատվաբեր առաջարկը մերժեցին. Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի հուշերից

aravot.am. Թեհրանում հրատարակվել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի երկարամյա նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերը․ գիրքը 540 էջ է և բաղկացած է նախաբանից, վեց գլխից (տետր), վերջաբանից և ութ հավելվածից։

Հուշերում խոսվում է ԱԳՆ կառույցի, ԻԻՀ դիվանագիտության 45-ամյա պատմության, իր 32-ամյա ծառայության, պետական կառույցների հետ համագործակցության, երբեմնի անհարթությունների և արտաքին հարաբերությունների մասին։ Հայաստանի մասին ուղղակի ակնարկներ կան 5-րդ գլխում և վերջաբանում։ Մեծ տեղ է հատկացված Թուրքիային, Կովկասին, արաբական երկրներին, Ասիային, Աֆրիկային, Եվրոպային, Ռուսաստանին, Չինաստանին, Ամերիկաներին։

Պրն Զարիֆը «Կովկասյան առնչություններ» բաժնում (էջ 281-292) խոսելով Արցախի 44-օրյա պատերազմի և ԻԻՀ միջնորդության մասին գրում է․ «Հարձակումից երկու ամիս առաջ ԱԳՆ-ի Եվրոասիայի և Կովկասի մեր բաժինների տպավորությունն այն էր, որ սպասվում է Ադրբեջանի հարձակումը և Հայաստանի կատարյալ պարտությունը։

Ռուսաստանը թերևս պրն Փաշինյանի արևմտամետ հայացքները և երկրի ներսում ռուսամետ ուժերին հալածելու ջանքերը նկատի ունենալով՝ որոշեց այս պատերազմում չմիջամտել։ Կարող է այդ որոշման մեջ Պուտին-Էրդողան կապի նման՝ դեր ուներ նաև Պուտին-Ալիև անձնական կապերը։

Չի բացառվում, որ Ռուսաստանը Հայաստանին այլևս ռազմավարական գործընկեր չէր դիտարկում և Ադրբեջանի ռեսուրսները նկատի ունենալով՝ դեպի այդ կողմ էր հակվել։

Ռուսաստանն այն պահին սկսեց իր միջնորդությունը, երբ ազատագրվել էին ադրբեջանական գրավված տարածքները, վտանգվել էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը և, եթե պատերազմը քանի օր էլ շարունակվեր, Հայաստանի իշխանությունը կտապալվեր։ Այդ ժամանակ էր, որ ռուսները միջամտեցին և մոսկովյան բանակցություններում երկաթյա բռունցքով վերջ տվեցին պատերազմին։

Շատ կարևոր է, որ այդ օրերին մենք դոկտ Արաղչիին (Զարիֆի տեղակալ- ՏԴ) որպես Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ ուղարկեցինք Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա, որպեսզի ներկայացնի Թեհրանում պատրաստած մեր առաջարկը։ Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտ Արաղչին մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ․ ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին։

Մենք առաջարկում էինք կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը։ Մենք առաջարկում էինք նաև Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ հանդիպում՝ Ղարաբաղի օրակարգով։ Այս ձևաչափն առաջին անգամ Լավրովն էր առաջարկել, բայց մեր հետևողական լինելուց հետո ռուսները չընդառաջեցին․, ապա մեզ անտեսելով՝ Թուրքիային առաջ մղեցին։

Հրադադարի հսկման կետում ևս միայն Թուրքիան ու Ռուսաստանն էին, իսկ խաղաղապահները միայն ռուս էին։ Մենք ևս շեշտում էինք Իրանի ներկայության անհրաժեշտության մասին, ազերիներն ու հայերը համաձայն էին, թուրքերը դեմ չէին, բայց Ռուսաստանը մեր ներկայությունը անհրաժեշտ չէր համարում։ Իմ կարծիքով Իրանի ներկայությունը համահունչ էր Ռուսաստանի Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա եռյակում ունեցած ռազմավարական դիրքին, բայց թերևս Ռուսաստանի լայնամասշտաբ գնահատման ծիրում Իրանի դիրքի հետ հակոտնյա էր։ Դոկտ Արաղչիի կողմից Իրանի ներկայացրած առաջին առաջարկի իրագործման գլխավոր արգելքը Հայաստանն էր։ Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի պատվաբեր առաջարկը մերժեցին։ Պրն Փաշինյանի վերաբերմունքը դոկտ Արաղչիի հանդեպ ամեն ինչն ի ցույց դրեց․ նա իր անփորձությամբ նրան ասել էր.

«Դուք ուզում եք Հայաստանին ստիպել, որ իր պարտությունն ընդունի» (տեքստում անփորձության համար գրված է խամ -خام , որ պարսկերենում հում, խակ և անփորձ է նշանակում-ՏԴ)։ Անշուշտ, դոկտ Արաղչին իր գերազանց դիվանագիտությամբ կարողացել էր պրն Փաշինյանին հանգստացնել, որ առաջարկն այդպես չընկալի»։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Ծանոթություն․– Ջավադ Զարիֆը 12 հուլիսի 2024 թ․ նորընտիր նախագահ Փեզեշքյանի կողմից նշանակվեց որպես խորհրդական, իսկ Արաղչին արտգործնախարար դառնալու հավանական թեկնածուն է։

 

Տեսանյութեր

Լրահոս