«Պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր. կորցրեցինք մարտունակ զորախումբ, որի պահպանումը թույլ չէր տալու Շուշիի և Հադրութի գրավումը». Հրաչյա Պետրոսյանց
168.am–ի զրուցակիցը պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցն է:
– Մասնագետներից՝ պահեստազորի սպաներից, ռազմական փորձագետներից, պարբերաբար լսում ենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի, բանակի հիմքում խորհրդային բանակի մոդելն է՝ և՛ կառուցվածքային առումով, և՛ կանոնադրական, և՛ մարտավարական, մինչդեռ Ադրբեջանը որդեգրել է ՆԱՏՕ–ական կառավարման համակարգ՝ իհարկե, լիովին չձերբազատվելով խորհրդային կառուցվածքից: Եվ այսօր ՆԱՏՕ-ական կառավարման համակարգը Ադրբեջանն առավել է կատարելագործում է, այդ տրամաբանության մեջ զորատեսակներ ստեղծում: Ի դեպ, ՀՀ իշխանությունները փորձում են փոխել բանակի կառավարման մոդելը՝ ԳՇ պետին դարձնելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ:
– Եթե հաշվի առնենք՝ երբ և ինչպես ստեղծվեց մեր բանակը, ապա միանգամայն տրամաբանական է, որ այն խորհրդային բանակի մոդելի հիման վրա պետք է լիներ։ Դա այդ պահին այլընտրանք չունեցող ուղի էր, ինչը ոչ միայն մենք էինք ընտրել, այլև մեր թշնամի Ադրբեջանը։ Սակայն 1994 թվականի հրադադարից հետո մենք շարունակեցինք խորհրդային դասական մոդելը հիմք ընդունել, չնայած որ 2008 թվականից հայտարարում էինք բանակում բարեփոխումների իրականացման մասին։ Սակայն բարեփոխումները մենք իրականացնում էինք սպասվածից ավելի դանդաղ, որն ուներ իր խորքային պատճառները։
Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանն առավել արագացրեց բարեփոխումները՝ կողմնորոշվելով դեպի թուրքական մոդելը։ Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իրականացրած բարեփոխումները հանդիսացան մեր ցավալի պարտության հիմնական պատճառը։
2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ԳՇ պետը պատերազմի ժամանակ ենթարկվում է վարչապետին, իսկ որոշ հարցերով՝ ՊՆ-ին: Հիմա առաջարկում են ԳՇ պետին դարձնել նախկինի նման ՊՆ առաջին տեղակալ։ Այս առումով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անկախությունը ՊՆ-ից կարելի է հիմնավորել նրանով, որ նա հանդիսանում է ողջ զինված ուժերի ուղղակի պետը, իսկ պետության զինված ուժերը միայն Պաշտպանության նախարարությունը չէ, ԶՈւ-ն կազմվում է ՊՆ-ից, Ոստիկանության ներքին զորքերից, Ազգային անվտանգության զորքերից, ԱԻՆ փրկարար ծառայության ուժերից։ Այստեղից անտրաբանական է դառնում այն հանգամանքը, որ ԶՈւ ԳՇ պետը պետք է դառնա ՊՆ տեղակալ։
Իմ կարծիքով, հարցի այլ լուծում է պետք գտնել, որը կբացատրի ռազմական կառավարման միանձնյա ղեկավարման խափանումը, միևնույն ժամանակ կապահովի ԶՈւ բոլոր զորքերի կառավարումը ԳՇ պետի կողմից:
– Հայաստանին հատկապես պատերազմից հետո ի՞նչ տեսակ բանակ, պաշտպանական համակարգ է պետք, ռազմարդյունաբերության բնագավառում շեշտն ինչի՞ վրա պիտի դրվի, գնումների դեպքում՝ ևս:
– ՀՀ-ին պետք է բանակ, որն ի վիճակի կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը և անձեռնմխելիությունը։ Պետք է հասկանալ՝ առաջին հերթին պետք է ստեղծվի անվտանգության համակարգ, որի առաջադրած խնդիրներից և ռազմավարությունից էլ բխելու է, թե ինչ բանակ է մեզ անհրաժեշտ, և ռազմարդյունաբերությունը ինչի վրա պետք է կենտրոնացնի իր ջանքերը։ Ընդ որում, կարևոր հանգամանք է այն, որ մեր ռազմավարությունը պետք է ուղղված լինի ապագային, ոչ թե անցյալին։
– Ապրիլյան պատերազմից հետո կարծես սխալների ուղղում էր սկսվել, այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին բացերը, թերությունները, այդ թվում՝ սպառազինության առումով: Ըստ այդմ՝ Ազգ-բանակ գաղափարի հիման վրա մշակվեց բանակի զարգացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագիրը: Այն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը հստակ ձևակերպում էր նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։ Այսինքն, գործ ունեինք բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզի հետ: Ավելին, դրանից հետո գրոհային ստորաբաժանումների ստեղծումը կարևորվեց, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականում դրա մասին հստակ նշված էր:
– 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո կարծես կար մղում ընթանալ առավել արդյունավետ ուղով, սակայն 2020 թվականի սեպտեմբերը ցույց տվեց, որ մենք չկարողացանք օգտագործել այդ ժամանակաշրջանը բանակի արդյունավետությունն առավելագույնի հասցնելու համար։
– Վերադառնալով բանակի վերակազմավորման վերաբերյալ հարցին, ուզում եմ հիշատակել Ռուսաստանում գործող Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովի՝ պատերազմից հետո հայտնած կարծիքը, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ փոքր, կոմպակտ և պրոֆեսիոնալ բանակ, և, որ մենք մեր բանակը պետք է կառուցենք՝ ելնելով տոտալ պաշտպանության սկզբունքից:
– Մենք իրավունք չունենք անտեսելու որևէ կարծիք, սակայն դա չի նշանակում, թե մենք ինչ-որ մեկի կարծիքը պետք է կատարենք կամ դա ընդունենք՝ որպես դոգմա։ Իմ կարծիքը կոնկրետ այս դեպքում էապես տարբերվում է Պուխովի կարծիքից։
Մենք կարող ենք ունենալ փոքր, պրոֆեսիոնալ պատրաստված, տեխնոլոգիական նորագույն սպառազինությամբ զինված բանակ, որը կապահովի մեր անվտանգությունը։ Սակայն դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ մենք կունենանք կայացած պետություն, պետական կառավարման մեքենա, որին ընդհանրապես էական չէ, թե ով է տվյալ պահին հանդիսանում իշխանություն Հայաստանում։ Իսկ եթե չկա այդ պետական կառավարման մեքենան, ոչ մի հաջող օրինակ էլ չի փրկի մեզ կործանումից։
– Ի դեպ, նույն Պուխովի կարծիքով, հայտարարությունները, թե լեռնային տեղանքը մեր օգտին է աշխատում, ըստ պրակտիկայի, սխալ դուրս եկան։ Ըստ նրա՝ ռազմական գործում տեղի ունեցած հեղափոխությունը, հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների առկայությունն արմատապես փոխել են իրավիճակը, և այժմ 1 քառակուսի կիլոմետր լեռնային տարածքն արդեն գրեթե հավասարազոր է նույն մակերեսին հարթավայրում, ինչը «Բայրաքթարները» ապացուցեցին պատերազմի ժամանակ:
– Չեմ կարծում, որ ԱԹՍ-ների կիրառումը ժամանակակից պատերազմներում էական փոփոխությունների է բերել։ Իրականում մենք խոսում ենք հետևանքների մասին՝ չնկատելով պատճառները։ Ժամանակակից պատերազմներում ԱԹՍ-ների դերը չեմ թերագնահատում, բայց հաղթանակի հասնելու համար դրանք չեն հանդիսանում միակ գերակա ֆակտորը։
Իրականում ամենակարևոր գործոններն են՝ օպերատիվությունը, պրոֆեսիոնալիզմը և նախաձեռնություն դրսևորող հրամանատարների առկայությունը։
Ժամանակակից պատերազմները ռազմարվեստի տարբեր դպրոցներ տարբեր անվանումներով են կոչում, բայց կա համընդհանուր տերմին, որը օգտագործվում է բոլորի կողմից։ Ժամանակակից պատերազմները դիտարկվում են՝ որպես կոնվենցիոնալ և ոչ կոնվենցիոնալ պատերազմներ։ Որոշ փորձագետներ առաջ են քաշում այն տեսակետը, թե 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախում մղված մարտական գործողությունները ոչ կոնվենցիոնալ պատերազմի առաջին դասական և ամբողջական նախադեպն էին։
Սակայն գերակշիռ մասը գտնում է, որ դեռ շատ վաղ է, այսպես ասած, «հուղարկավորել» կոնվենցիոնալ պատերազմները։ Իրականում Արցախում մղվում էր դասական կոնվենցիոնալ պատերազմ երկու հակադիր համակարգերի միջև։ Տարբեր ուղղությունների մարտական գործողությունների դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ուժերի հարաբերակցության անհամեմատելի տարբերությունը, ադրբեջանցիների կողմից ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման ծավալները նրանց համար չապահովեցին հաջողություն ԽՍՀՄ բանակի մոդելով ստեղծված հայկական ԶՈւ-ի դեմ։
Պատերազմում անհաջողությունը եկավ նրանից, որ բոլոր մակարդակներում մեզ մոտ խաթարված էր միանձնյա կառավարումը, չէին տիրապետում ստեղծված օպերատիվ իրավիճակին, ճիշտ չէին գնահատում սեփական կարողությունները և հնարավորությունները։ Սրանք ուղղակի ազդեցություն էին թողնում ընդունված որոշումները մարտի դաշտում արդյունավետ իրագործելու վրա։ Կառավարման համակարգը չափազանց դանդաղ և անարդյունավետ էր գործում։ Իհարկե, կարելի է շատ երկար խոսել սրա մասին՝ կրկնելով, որ ունեինք և ունենք անվտանգային համակարգի լրջագույն խնդիր։
Այս բոլոր հարցերը անվտանգային ընդհանուր համակարգի որոշակի տարրեր են, որոնք պետք է լինեն ամբողջական և մեկը մյուսի հետ ներդաշնակ։ Դրանք առանձին-առանձին չեն կարող զարգանալ և ապահովել արդյունավետություն։ Եվ սա վերաբերում է՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Արցախին։
– Այսօր մենք նաև կադրային լուրջ խնդիր ունենք բանակում:
– Բանակի կադրային խնդիրները մտնում են ընդհանուր անվտանգային համակարգի խնդիրների մեջ։ Անհնար է հստակ ձևակերպել այդ խնդիրները և դրանց լուծումները, երբ մենք չունենք հստակ ձևավորված չափորոշիչ, թե ինչ սպաներ են մեզ պետք։ Իսկ այդպիսի չափորոշիչ մենք կարող ենք սահմանել միայն այն ժամանակ, երբ կունենանք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համարժեք ռազմական անվտանգային հայեցակարգ, որից էլ բխելու են սպայական կազմին ներկայացվող պահանջները։
– Մենք այսօր ունե՞նք բանակի սուբյեկտայնության խնդիր, եթե այո՝ ե՞րբ այն կորցրեցինք:
– Բանակի սուբյեկտայնությունը ուղղակիորեն կախված է պետության սուբյեկտայնությունից։ Եթե ուզում ենք հասկանալ՝ որքանով է սուբյեկտային բանակը, նախ մենք պետք է պարզենք մեր պետության սուբյեկտայնության աստիճանը, որը կտա այս հարցի ուղղակի պատասխանը։
– Ի դեպ, պատերազմի ընթացքում ե՞րբ հասկացաք, որ պարտվելու ենք, ո՞ր օրն էր որոշիչը պատերազմի ելքի առումով:
– Ինձ համար պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր։ Միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ է, սակայն ես կարծում եմ, որ այդ օրերին մշակված և ձախողված օպերացիաների արդյունքում մենք կորցրեցինք մարտունակ զորախումբ, որոնց որպես ռեզերվ պահպանելը հնարավորություն կտար ստեղծել պաշտպանական բնագիծ և թույլ չտալ Հադրութի և Շուշիի գրավումը։ Երկրորդ՝ եթե մեզ մոտ ճիշտ կառավարումն աշխատեր այն պահին, երբ ադրբեջանցիների առաջնագիծը բավականին կտրվել էր հիմնական ուժերից, և նրանց կոմունիկացիոն ամբողջ ուղիները դեռևս գտնվում էին մեր վերահսկողության տակ, մենք կարող էինք նրանց կոմունիկացիայի օղակը փակել, չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց:
– Պատերազմում պարտության անիվը շրջելու հնարավորություն ե՞րբ ենք ունեցել, քանի՞ անգամ, որից գուցե չենք օգտվել, եթե հիմք համարենք ինչ-ինչ բաց ինֆորմացիաները:
– Բաց տեղեկատվության վրա հնարավոր չէ որևէ հիմնավորված կարծիք հայտնել։
– Իշխանություններն անընդհատ փորձում են պարտության մեղքը գցել միայն բանակի վրա, որքանո՞վ կամ ի՞նչ չափ է բանակի մեղքը սրվում:
– Մարտի դաշտում պլանավորվում և իրականացվում են օպերացիաներ և մարտեր։ Պատերազմի նախապատրաստումը և վարումը պետության գործառույթն է, այստեղից էլ պետք է հետևություն անել, որ բանակի որոշ պաշտոնատար անձինք և զորամասեր ունեցել են ձախողումներ, սակայն պատերազմի ձախողումն ամբողջ պետության ձախողումն է, հետևաբար՝ պետությունն է մեղավոր պատերազմում պարտության համար։
– Պատերազմից հետո ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակ փոխելու հնարավորություն ունեին ՀՀ զինված ուժերը՝ 2020-ի նոյեմբերի 10-ը, 2021-ի փետրվարի 25 և դրան հաջորդած օրեր, որին չգնացին և սահմանափակվեցին միայն Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացնելով: Գուցե կային հիմնավոր պատճառներ, որից տեղյակ չենք:
– Ես մեկ անգամ չէ, որ իմ տեսակետը բարձրաձայնել եմ։ ԶՈւ-ն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, այլապես դա կդիտարկվի ռազմական հեղաշրջում։ Սա՝ իրավական տեսանկյունից։ Բարոյական, ազգային, հոգեբանական տեսանկյունից ինչ հարցեր կլուծվեն, դա իրավունքի տեսանկյունից ոչինչ է։ Մենք ինքներս մեր պետության մեջ սահմանել ենք տվյալ իրավական նորմերը և պարտավոր ենք պահպանել դրանք։
– Այո, Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն, բայց նույն այդ հոդվածի մեկ այլ կետ սահմանում է՝ ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Հիմա եթե այս իրավունքի իրացման հետ կապված խնդիր կա, երբ խախտվում է տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ոչ պատերազմի դաշտում, ԶՈՒ-ն, ԳՇ-ն ի՞նչ պետք է անեն:
– Սահմանադրության հոդվածները, որոնց դուք հիմա հղում եք տալիս, շատ ընդհանրական են։ Պետք է լինի անվտանգության հայեցակարգ, որով սահմանվելու են այս խնդիրների կատարմանը նախապատրաստվելու և իրականացնելու ռազմավարությունը։ Այն, ինչ ունենք այսօր, մշակվել է դեռ 2016-ից առաջ։