Հոգեբուժարանները փակե՛լ, բոլոր անմեղսունակներն իշխանության վերնախավում են. էլիտար կալանավորը մայիսի 15-ին վանդակի միջից տեսավ իր ապագան. Սուրեն Սուրենյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Արամ Զավենի Սարգսյանն իմ ընկերն է եղել, որի հետ, ցավոք սրտի, հիմա չեմ շփվում։ Նրան ու նրանց անվանում եմ «եվրոնիկոլներ», որովհետև նրանք որևէ կապ չունեն եվրոպական արժեքների հետ։ Նրանց նպատակը Հայաստանի ուկրաինացումն է, կատարում են գործիքի դեր՝ այդ եվրոնիկոլները պետք է հակառուսականություն գեներացնեն։ Նրանց նեոլիբերալ կուրատորներն իրենց դրա համար են պատրաստել։ Նրանց արածն արկածախնդրություն է, որը կարող է շատ ծանր հետևանքների հանգեցնել Հայաստանի համար։
  • Մարդկանց սխալմամբ թվում է, թե Նիկոլ Փաշինյանն ամեն գնով խաղաղության օրակարգին ձգտող անձ է։ Նրա գլխում մի գաղափար կա, իդեա ֆիքս՝ «Հայաստանն «ազատել» ռուսական ճիրաններից»։ Իշխանության մնալու միակ տարբերակը Փաշինյանի համար դա է։
  • Ռուսների կարմիր գիծը Փաշինյանը տրորել է ամենակարևոր հարցում։ Դա տարածաշրջանային վերահսկողությունից և նոյեմբերի 9-ի փաստաթղթով հաստատված ստատուս-քվոյի ռուսական մոդերատորությունից մեկուսացնելը։ Եվրոպական քավորությամբ Փաշինյանն ունեցավ իր հայտնի ելույթը՝ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, ինչով Ռուսաստանին դրեց շատ վատ վիճակի մեջ։ 

Ընթերցողին հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։ Թե կոնկրետ ով էր միջազգային անվան տակ նման պահանջ դնողը, Փաշինյանը, բնականաբար, չէր մանրամասնել:

Կարդացեք նաև

«Պրեսսինգ» հաղորդաշարում հարցին՝ ո՞վ է այդ միջազգային հանրությունը, որը ստիպում է Նիկոլ Փաշինյանին Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել՝ Ռուսաստա՞նը, Ամերիկա՞ն, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Մեծ Բրիտանիա՞ն, Ֆրանսիա՞ն, Եվրոպա՞ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պարզաբանել էր.

«Ելույթում հստակ ասվում էր՝ միջազգային հանրությունը մեզ ասում էր՝ եթե ձեր նշաձողն իջեցնեք, ապա կունենաք միջազգային աջակցություն, կոնսոլիդացիա ձեր շուրջ, ձեր խնդրի, եթե չիջեցնեք՝ կներեք, մենք ձեզ չենք կարող օգնել: Ո՞վ է այդ միջազգային հանրությունը. առաջին հերթին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն են, երկրորդ՝ Եվրոպական միության անդամ տարբեր պետություններ: Այսինքն, քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, հիմա եկել է մի իրավիճակ… Հիմա կամ մենք փորձում ենք ինչ-որ ձևի վերաիմաստավորել մեր բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է, խոսքը գնում է իրավունքներից դեպի կարգավիճակ, ոչ թե կարգավիճակից դեպի իրավունքներ, կամ շարունակում ենք այն, որ բաներ ենք ասել, որին մենակ մենք ենք հավատում»,- բացահայտել էր Մարուքյանը:

  • Փաշինյանը, ինչպես միշտ, ստրատեգիական հաշվարկ չունի։ Նրան համոզեցին, որ Ռուսաստանն Ուկրաինայում պարտվում է, ու կարիք չկա մնալ պարտվողների հետ, ու հենց այդ պահից Փաշինյանը մտավ այդ գծի մեջ։
  • Արևմտյան երկրներից մեկի մի դիվանագետ մասնավոր զրույցում ինձ ուղիղ ասաց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու Փաշինյանի մի քանի փորձ իրենք են կանխել, որովհետև այդ դեպքում Հայաստանի անվտանգության հարցը կմնար իրենց ուսերին։ Իրենց թիկունքից Ռուսաստանին խփող Հայաստան է պետք։ Որևէ եվրոպական երկիր ընդդեմ Ադրբեջանի չի կանգնելու մեր կողքին։ Ակնհայտորեն Փաշինյանն այս կոմբինացիայի տակ մտել է սեփական իշխանությունը պահելու մոլուցքով։

  • Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն իր համար անվտանգություն է մուրում Ալիևից և Էրդողանից։ Երկիրը նա դրել է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ։
  • Քո հակառուսական կալիբրը շատ ավելի փոքր է, քան Զելենսկունը։ Հետևաբար՝ դու Սպիտակ տան համար որևէ հետաքրքրություն չես ներկայացնում։ Գործիչներ կան, որոնց պահում են՝ որպես մատաղացու։ Փաշինյանին այդ ողբերգական դերն է վերապահված, և հարմար պահի Արևմուտքը Փաշինյանին Պուտինի ոտքերի տակ մատաղ կանի։
  • Փաշինյանն էպատաժնիկ է, և ցանկացած պահի խաղը կարող է փշրել։ ՀՀ Ազգային ժողովի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների շփման ֆորմատն Արևմուտքը հատուկ ստեղծել է նրա համար, որ հենց Փաշինյանը փորձի խաղեր տալ՝ Ալեն Սիմոնյանին մտցնեն խաղի մեջ։ Նույնն Արմեն Գրիգորյանի դեպքում է։ Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանը, ապա բացառիկ դեպքերից է, երբ լիովին համաձայն եմ Զախարովայի հետ, ով ասաց՝ առանց բժշկական կրթություն ունենալու՝ հնարավոր չէ մեկնաբանել նրա հայտարարությունը։ Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունից հետո ՀՀ բոլոր հոգեբուժարանները կարելի է փակել, որովհետև բոլոր անմեղսունակները ՀՀ իշխանության վերնախավում են։

Հիշեցնենք, երեկ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր. «Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը. սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասաց նա՝ շեշտելով՝ առանց Ռուսաստանի թույլտվության՝ 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա։

  • Փաշինյանը ոչ միայն հասարակությանը խաբել է և ասել՝ Արցախի հարցով բանակցային ծրագիր չկա սեղանին, մինչդեռ այն կար, այլև խոսեց բանակցություններն իր զրոյական կետից սկսելու մասին։ Ես ապացույցներ ունեմ՝ Խովաևի հարցազրույցը, Լավրովի ասուլիսը, որոնք Փաշինյանի կողմից չեն հերքվել և փաստում են՝ Լավրովի պլանը եղել է։ Եթե չլիներ Փաշինյանի ավանտյուրան, Ղարաբաղը չէր ունենա այս ճակատագիրը։ Նա ՀՀ առաջին ղեկավարն էր, ով Պրահայում առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս։
  • ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Ղարաբաղի կործանման մասին այնպիսի հրճվանքով է խոսում՝ լինելով ղարաբաղցի… Երեկ ասում էր՝ Ղարաբաղը ռուսները տվեցին Ադրբեջանին։ Բա 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն ուրիշ բան էր ասում, ասում էր՝ իմ սխալն է եղել, որ 2018 թվականին չեմ ասել, որ Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Հիմա ո՞վ է ճիշտ ասել՝ Արմեն Գրիգորյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը:
  • ՀՀ նախորդ 3 նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց նրանցից ոչ մեկն Արցախի սուբյեկտայնությունը կասկածի տակ չի դրել։ Ես ծանոթ եմ բանակցային բոլոր 9 փաթեթներին։ Դե, թող հրապարակի Փաշինյանը բանակցային բոլոր փաթեթները, թող բոլորը տեսնեն…
  • Բա եթե նույնիսկ առանց Ռուսաստանի ցանկության պատերազմ չլինելու մասին սրանց հայտարարություններն այդպես են, բա ինչո՞ւ իրենց սիրած Արևմուտքը չի խանգարել, չի կանխել պատերազմը՝ Ադրբեջանի ագրեսիան, և մեր կողքին չի կանգնել։ Եթե աշխարհաքաղաքական կոնսենսուս եղել է, ապա միայն Ադրբեջանի գործողությունները չքննադատելու վերաբերյալ։ Սրա պատճառը Փաշինյանի արկածախնդիր արտաքին քաղաքականությունն է։ Երբ դու չես ընդունում միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, մերժում ես այդ ինստիտուտը, ակնկալիք չպետք է ունենաս, որ որևէ մեկը քեզ կաջակցի։ Ու դրանից հետո որևէ մեկին մեղադրում ես պատերազմ հրահրելու մե՞ջ։
  • Չբացառեք, որ Փաշինյանի չմտածված հայտարարությունների արդյունքում Ալիևը որոշի բանակցությունների հաջորդ ռաունդն անցկացնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Դե տեսնեմ՝ գնալո՞ւ է սա, թե՞ ոչ։ Նրա բոլոր կարմիր գծերը կանաչում են։
  • Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը նույն կառույցն է իրականացնում՝ Պետական պահպանության ծառայությունը, ու նրանք չէին կարող չիմանալ՝ իր ենթակա սուբյեկտին ուր է տանում, որ ճանապարհով, և, որ այնտեղ կատաղած ամբոխ կա… Պետք լինի, Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ թիմին կզոհաբերի։ Ինչ-որ պահի Գրիգորյան Արմենն էլ չի խնայվելու։ Փաշինյանը հոգեբանորեն նաև իր որդուն է զոհաբերել։ Եթե որևէ ծնողի մտքով կանցնի իր երեխային գերի ուղարկելու մասին հայտարարություն անել նախընտրական շրջանում, թիմակիցն ո՞վ է, որ չզոհաբերի։
  • Ինձ համար, բարեբախտաբար, ես Նիկոլ Փաշինյանին շատ ավելի վաղ եմ բացահայտել՝ 2011-2012թթ․։ Բանակում ինքնասպանությունների շղթա էր, հասարակության մեջ՝ էմոցիոնալ ֆոն։ Ֆեյսբուքում խումբ կար, այդ խմբի անդամներով որոշեցինք հանդիպել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով սիրահոժար մեզ ընդունեց, քննարկեցինք բանակին վերաբերող հարցեր։ Դրանից հետո Նիկյոլ Փաշինյանն իրեն հատուկ մտասևեռմամբ գրեց, որ ընդդիմադիրների խումբն իշխանության հետ սեպարատ հանդիպումներ ու պայմանավորվածություն է ունենում։ Այդ պահից մեր հարաբերությունները խզվեցին։

  • Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը, անկախ՝ հետո ինչ սցենարով կընթանա, երկու բան բացահայտեց։ Նիկոլ Փաշինյանն իր աչքերով տեսավ, որ հասարակության կողմից մերժված է։ Բայց ինձ համար շատ ավելի նշանակալից էր մայիսի 15-ը, երբ ինքն Օպերայում միջոցառման մասնակցելու համար էլիտար կալանավորի կարգավիճակում էր Երևանում՝ վանդակի մեջ։ Ես վստահ եմ՝ ինքն այդ օրն իր ապագան տեսել է։
  • CEPА-ն հրաշալի փաստաթուղթ էր, որը հնարավորություն էր տալիս Եվրոպայի հետ հարաբերություններ կառուցել՝ առանց աշխարհաքաղաքական կուրսը փոխելու։ Բացի դրանից, 2017թ․կնքված այդ փաստաթղթով Եվրոպան ինստիտուցիոնալ պատասխանատվություն էր կրում Արցախի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը հրաշալի մի փաստաթուղթ էր ստացել նախկին իշխանություններից որպես ժառանգություն, որը պետք էր կապիտալիզացնել ու հարաբերություններ ստեղծել Արևմուտքի հետ։ Սակայն սրանք որոշեցին աշխատելու փոխարեն՝ Բրյուսելում հակառուսական ստրիպտիզ պարել։
  • Բա Ռոբերտ Քոչարյանին էիք մեղադրում… Ի՞նչ տարբերություն՝ ի՞նչ միության ես միանում։ Մի բան էլ հանրաքվե եք առաջարկում անել սեպտեմբերի 21-ին։ Այսինքն՝ սրանք ինքնիշխանությունը պատկերացնում են հակառուսականության ձևով։
  • Հայաստանը, բացառությամբ Արաքսի հովտով անցնող 42 կմ-ի, աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի չի հետաքրքրում։ Հիմա աշխարհաքաղաքական կատաղի մրցակցություն հենց այդ 42 կմ-ի համար է ընթանում։ Հիմա իրենք էլ են խոստովանում, որ այդ 42 կմ-ի՝ Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը մենք չենք իրականացնելու։ Այդ դեպքում ՀՀ քաղաքացու համար ի՞նչ տարբերություն՝ ով է այն վերահսկելու։ Մեզ համար շատ վատ սցենար կարող է լինել՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրականացում՝ առանց Ռուսաստանի։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը` ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակն է՝ հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն ընթանա ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով: Նա այս թեմային անդրադարձել է Բաքու կատարելիք այցի համատեքստում։ Օ’Բրայենը նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով, և խնդիրը «լուծելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։

«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը` հնարավոր ավելի մեծ ճանապարհը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ նկատառումներից ելնելով` մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր»,- պարզաբանել է նա։

Օ՛Բրայենը հավելել է, որ այցի ընթացքում ինքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կփոխանցի, որ եկել է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ժամանակը։

  • Փաշինյանը Ղարաբաղը զոհաբերել է սառնասիրտ, ցինիկ հաշվարկով։ 2022թ․ ապրիլից նա մտածված գնացել է Ղարաբաղը կործանելու ճանապարհով՝ Ռուսաստանին տարածաշրջանից հանելու համար։ Նա միտումնավոր զոհաբերեց Արցախը, բայց չազատվեց Զանգեզուրի միջանցքի թեմայից։ Եթե համաշխարհային տուրբուլենտությունը մի աստիճանով էլ բարձրացավ, Ալիևին ի՞նչն է խանգարում պատերազմով ստանալ այդ միջանցքը։
  • Տավուշի 4 գյուղերի, նույնիսկ Տիգրանաշենի համար Ադրբեջանը պատերազմ չի սկսելու։ Նրան հետաքրքիր է Զանգեզուրի միջանցքը։ Նիկոլ Փաշինյանը հիմա շատ վտանգավոր բան է անում․մեծացնում է Ադրբեջանի ախորժակը, թուլացնում Հայաստանի իմունիտետը։
  • Նիկոլ Փաշինյանի այս պարտիայի կոնին դրված է Հայաստանը։ Մենք կարող ենք կամ կորցնել Հայաստանը, կամ այնպիսի բովանդակությամբ պետություն ունենալ, որ ստամոքսը լցնելը՝ ուտելը, լինի միակ արժեքը։ Նախորդ պարտիայի կոնին դրված էր Արցախը, ու նա զոհաբերեց այն։ Ամբողջ Հայաստանը միջանցք է դառնալու։ 
  • 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գլխավոր ճարտարապետն Իսրայելն էր։ Ինչ-որ պահի Պաղեստինի ճանաչումը ՀՀ իշխանության կողմից վաղ թե ուշ տեղի պիտի ունենար։ Այլ հարց է՝ արտաքին դերակատարներից այդ որոշումը Փաշինյանն ո՞ւմ վրա է ծախելու։ Եթե ինչ-որ մեկի խնդրանքով դա արել ես, ուրեմն նրանից ստանալու բան ունես։ Բայց ես մեծ մտավախություն ունեմ, որ Փաշինյանը ոչ մի հաշվարկ էլ չի արել, ուղղակի Էրդողանի զանգով որոշել է ճանաչել Պաղեստինի պետությունը։ 
  • Վահան Քերոբյանը վախենում է ասել, որ զոհաբերվել է Փաշինյանի կողմից՝ որպես Արևմուտքին գոհունակության նշան։ Թող պատրաստվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս