ԱՐՑԱԽ. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն
Գիտական հանդեսների հեղինակավոր Scopus միջազգային շտեմարանում ընդգրկված DYNAMICS OF ASYMMETRIC CONFLICT բրիտանական հանդեսում հրապարակվել է քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի և Արաքս Վարդանյանի «Աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն» հոդվածը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև։
Նախաբան
Նոր աշխարհակարգի հաստատման համար Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև սրվող պայքարը, որն ուղեկցվում է տարածաշրջանային աննախադեպ զարգացումներով, ձևավորել է բոլորովին նոր իրավիճակներ և մարտահրավերներ, որոնք պահանջում են հին խնդիրների նոր լուծումներ: Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ էսկալացիան այդ պնդման ամենավառ դրսևորումներից մեկն է: Այդ համատեքստում իրականացված 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան (EP, 2020; Sénat, 2020; US Senate, 2022) հանգեցրել է աղետալի հետևանքների, արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը։ Մասնավորապես, զգալիորեն կրճատվել են միջազգային իրավունքի շրջանակներում հակամարտության կարգավորման իրական հնարավորությունները։
Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) շուրջ երեք տասնամյակ ՝ մինչև 2021 թվականի ապրիլը, ձգտում էր լուծել այդ խնդիրը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այսօր չի գործում։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական կոշտ դիմակայությունը, որը 2022 թվականի փետրվարին վերաճեց Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի, խարխլեց համանախագահների միասնությունը և, ավելին, հանգեցրեց միմյանց հակասող դիրքորոշումների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջ մղել կարգավորման իր տարբերակը՝ չունենալով հակամարտությունների կարգավորման լիազորություններով օժտված որևէ միջազգային կազմակերպության մանդատ։
Այդ տարբերակներից ոչ մեկը ոչ մի ընդհանուր եզր չունի ոչ 2019թ. բանակցային սեղանին դրված կարգավորման պլանի, ոչ էլ 2007–2019թթ. բանակցային գործընթացի հիմնական փաստաթղթի՝ Մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած միջազգային իրավունքի նորմերի հետ: Մադրիդյան սկզբունքների շնորհիվ անթերի իրավական հիմք ունեցող կարգավորման գործընթացի խափանումը 2020 թվականին պատրվակ դարձավ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանա-թուրքական հարձակման համար։ Ագրեսիայի աղետալի հետևանքները արմատապես փոխել են հակամարտության կարգավորման ռազմական և քաղաքական բաղադրիչների ազդեցությունը իրադարձությունների զարգացման վրա (Torosyan, 2021)։
2007-2019 թվականներին բանակցությունների սեղանին դրված էր համանախագահների մշակած կարգավորման պլանը, որը հիմնված էր միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա (ժողովուրդների ինքնորոշման իրավունք՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, տարածքային ամբողջականության սկզբունք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունք՝ հիմնական խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու նպատակով)։
2020 թվականի պատերազմն արմատապես փոխեց իրավիճակը, և կարգավորման առանցքային՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը հանվեց օրակարգից։ Ռուսական կողմը պնդում էր, և Հայաստանի իշխանությունները համաձայն էին, որ կարգավիճակի հարցը «պետք է թողնվի հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն այս հարցի արդարացի, բոլոր կողմերի համար ընդունելի լուծման համար» (News, 2022a): Սակայն այդ առաջարկի երկու որոշիչ գործոնները՝ «բոլորի համար ընդունելի» և «արդար», համադրելի չեն: Ինքնորոշման հետ կապված հակամարտությունների որևէ լուծում երբեք «բոլորի համար ընդունելի» չի եղել, քանի որ «արդար» լուծումը իրավական է և չափելի, այսինքն՝ դա օրինական լուծումն է: Սակայն, հազարավոր կյանքեր խլած երկու պատերազմներից հետո կարգավիճակի հարցի հետաձգումը հանուն անհասանելի «բոլորի համար ընդունելի» լուծման, կհանգեցնի աղետալի հետևանքների: Դա կանխելու համար միջազգային հանրությունը հակամարտության կողմերին սովորաբար պարտադրում է միջազգային իրավունքի վրա հիմնված լուծում, ինչպես դա եղել է ինքնորոշման հետ կապված մի շարք այլ հակամարտություններում (Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան, Կոսովո և այլն): 2020 թվականի պատերազմից հետո արձանագրված բազմաթիվ փաստեր մատնանշում են, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում էլ դա պետք է արվի։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի ու քաղաքների օկուպացիան շարունակություն ունեցավ։ Այնտեղ ապրող հայ բնակիչները պատերազմական հանցագործությունների հետևանքով վտարվեցին իրենց տներից և հայտնվեցին ցեղասպանության իրական սպառնալիքի տակ (LIS, 2022; Sénat, 2020; US Senate, 2022): 2023 թվականին Ադրբեջանի զինված ուժերը վերսկսեցին հարձակումները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա և ոչնչացման սպառնալիքով էթնիկ զտման ենթարկեցին ողջ բնակչությանը՝ 120 000 հայերի ստիպելով լքել Լեռնային Ղարաբաղը և որպես փախստական ապաստան գտրել Հայաստանում: Ավելին, անպատժելիությունն ընկալելով որպես միջազգային հանրության կողմից խրախուսում, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, օկուպացրեցին 140 քառակուսի կիլոմետր տարածք և պահանջում են նոր տարածքներ՝ սպառնալով նոր պատերազմով:
Հոդվածի նպատակն է ցույց տալ սրվող աշխարհաքաղաքական պայքարի կործանարար ազդեցությունը ժողովրդավարության հիմնարար գաղափարների, ներառյալ միջազգային իրավունքի առանցքային նորմերի և հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա: Այս չափազանց բարդ իրավիճակից դուրս գալու ուղիները ուրվագծելու համար հոդվածում քննարկվում են հետևյալ հարցերը՝
– Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանը մինչև 2020 թվականի պատերազմը,
– նոր աշխարհակարգի համար պայքարի ազդեցության ներքո հակամարտության կարգավորման սխեմայի վերաբերյալ ազդեցիկ դերակատարների դիրքորոշումների փոփոխությունը,
– աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլում հակամարտության կարգավորման հնարավորությունները. միջազգային իրավու՞նք, թե՞ ցեղասպանություն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանը մինչև 2020 թվականի պատերազմը
Հակամարտությունների կարգավորման գործընթացն ունի իրավական և քաղաքական բաղադրիչներ (Torosyan, 2010): Երբեմն փորձեր են արվում տարածքային ամբողջականության սկզբունքը հակադրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, որն ունի միջազգային իրավունքի բարձրագույն նորմի կարգավիճակ։ Այնուամենայնիվ, ինչպես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը (ICJ, 2010), այնպես էլ այս հարցի վերաբերյալ գիտական գրականությունը (Ryngaert & Sobrie, 2011; Torosyan, 2010) անհերքելիորեն ցույց են տվել, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կարգավորում է հարաբերությունները ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև, մինչդեռ ինքնորոշման իրավունքը վերաբերում է ինքնորոշման ձգտող կողմին և այն պետությանը, որի կազմում է եղել մինչև այդ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրավական բաղադրիչը հատուկ նշանակություն է ձեռք բերել 2007 թվականի նոյեմբերից, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերին հանձնեցին «Մադրիդյան սկզբունքներ» անվանված փաստաթուղթը: 2009թ. կողմերն այդ փաստաթուղթն ընդունել են որպես բանակցությունների հիմք (OSCE, 2009), և այն մնացել է բանակցությունների սեղանին մինչև 2019թ.: Փաստաթուղթը ներառում էր միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքներ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը՝ որպես բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման հիմք, ինչպես նաև վեց տարրեր, որոնք պետք է քննարկման առարկա դառնային բանակցությունների ընթացքում (OSCE MG, 2019):
Բանակցությունների ընթացքում մշակվել են նշված տարրերի (խնդիրների) լուծումներ, որոնք համադրվել են միմյանց հետ և այդ գործընթացի տարբեր փուլերում ձևավորված տարբերակները (խմբագրումները) ներկայացվել են հակամարտության կողմերին։ Դրանցից վերջինը համանախագահները հակամարտության կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին։ Ռուս համանախագահ Ի. Պոպովը 2021 թվականի հունվարին գաղտնազերծել է կարգավորման այդ տարբերակի պլանը.
«Այս ծրագիրը, որը շատ առումներով համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, հիմնված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա: Առաջին փուլում հինգ շրջանների վերադարձն է Ադրբեջանին, իսկ երկրորդ փուլում՝ երկուսի, ընդ որում, հատուկ ընդգծում եմ, դա կապելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։ Առաջին փուլի մյուս տարրերը, որոնք արտացոլում են Երեւանի շահերը, ներառում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը՝ ապահովելու համար իր բնակչության լիարժեք կյանքի կազմակերպումը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացումը, կողմերի կողմից չհարձակման պարտավորությունների ստանձնումը՝ ուժի չկիրառում և այլն: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծմանը, ապա առաջարկները, որոնք վերջին տարիներին եղել են բանակցությունների սեղանին, որպես վերջնական նպատակ են նախատեսել, մեջբերում եմ.
«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ կողմերի համաձայնեցրած ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացումը, կիրականացվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ և կունենա իրավականորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն: Ընդ որում, քվեարկության դրվող հարցը կամ հարցերը որևէ ձևով չեն սահմանափակվի, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կողմերը կհարգեն» (MFA, 2021):
2007-2019 թվականներին Մինսկի խմբի համանախագահներն ու հակամարտության կողմերի ներկայացուցիչներն իրենց համատեղ հայտարարություններում բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի միջազգային իրավունքի վերը նշված երեք սկզբունքների հիման վրա, ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ ընդհուպ մինչև 2021 թվականի ապրիլը, մի շարք հայտարարություններում համանախագահները և ղեկավարները վերահաստատել են Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը (OSCE, 2020; OSCE MG, 2020, 2021)։ Սակայն, 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո կարգավորման գործընթացն ամբողջովին զրկվեց ինստիտուցիոնալ հիմքից։ Դրա պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի միջև ինստիտուցիոնալ շփումները ընդհատվեցին, այդ թվում՝ Մինսկի խմբի հարթակում, և համանախագահները տարբեր դիրքորոշումներ որդեգրեցին հակամարտության կարգավորման հարցում՝ հետևելով տարբեր տրամաբանությունների։
Նոր աշխարհակարգի համար աճող պայքարի ազդեցության ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ ազդեցիկ խաղացողների դիրքորոշումները
Հակամարտության կարգավորման գործընթացում ազդեցիկ նշանակություն ունի քաղաքական բաղադրիչը՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների շահերի բախումը, որը հատկապես սրվում է աշխարհակարգի տրանսֆորմացիաների փուլերում, ինչի ցայտուն օրինակներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:( Torosyan & Vardanyan, 2015)
ԽՍՀՄ փլուզումով դադարեց գործել երկբևեռ աշխարհակարգը և սկսեց ձևավորվել նոր աշխարհակարգ, որը, ըստ Միացյալ Նահանգների իշխող վերնախավի, պետք է լիներ միաբևեռ, ամերիկյան հեգեմոնիայով, չնայած դրա վտանգավոր հետևանքների վերաբերյալ արևմտյան ակադեմիական աշխարհի բազմաթիվ նախազգուշացումներին (Ikenbrry et al., 2009; Waltz, 2003):
Մինսկի խմբի համանախագահ պետությունները, թեև արդեն ունեին նոր աշխարհակարգի վերաբերյալ լուրջ տարաձայնություններ ու նախկին ԽՍՀՄ տարածքում շահերի կոշտ բախումներ (ռուս-վրացական պատերազմը 2008 թվականին, Ղրիմը և Դոնբասը՝ 2014 թվականին, ԵՄ Արևելյան գործընկերության երեք երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի անթաքույց ձգտումները դեպի Եվրոպական միություն ու ՆԱՏՕ, դրան Ռուսաստանի հակազդեցությանը և այլն), մինչև 2018 թվականը, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պահպանում էին միասնական, միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հավասարակշռված դիրքորոշում։
Նաև դրա շնորհիվ հնարավոր եղավ մի քանի օրվա ընթացքում դադարեցնել 2016 թվականին Ադրբեջանի փորձը՝ ռազմական ճանապարհով լուծելու հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, 2009 թվականին բոլոր կողմերը և միջնորդներն ընդունել էին որպես հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից մեկը (OSCE, 2009): Ագրեսիայի ձախողումից ամիսներ անց Ադրբեջանի նախագահը բողոքել է. «Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի նա համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը» (EurAsia, 2016):
Զուգահեռաբար նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացն աստիճանաբար տրանսֆորմացիայի էր ենթարկվում. ազատական աշխարհակարգը փլուզվում էր, իսկ միաբևեռ աշխարհակարգը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէր։ Ըստ Այքենբերիի (2020), դա տեղի էր ունենում այն պատճառով, որ նրա առաջատար հովանավորները, սկսած Միացյալ Նահանգներից, հրաժարվում էին դրանից. Նրանց մի մասը ակտիվորեն պայթեցնում էր ամերիկյան առաջնորդությունը, իսկ մյուս մասը տեղափոխվել է հաջորդ գլոբալ դարաշրջան՝ մեծ տերությունների մրցակցության դարաշրջան: Եվ «մեծ տերությունների մրցակցությանը վերադառնալը կկործանի այն, ինչ մնացել է գլոբալ ինստիտուտներից, որոնց կառավարությունները ապավինում են ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ: Լիբերալ ժողովրդավարությունները հետագայում ավելի կթաղվեն պառակտման հորձանուտում և դրանով կկորցնեն գլոբալ կանոններ և նորմեր ձևավորելու իրենց կարողությունը» (Ikenberry, 2020):
Այս տեսակետի հրապարակմանը հաջորդած իրադարձությունները, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվողները, լիովին հաստատում են Այքենբերիի գնահատականներն ու մտահոգությունները: 30 տարի շարունակ այս գործընթացն իրականացվել է հակամարտությունների կարգավորման լիազորություններով օժտված երկու գլոբալ ինստիտուտներից մեկի՝ ԵԱՀԿ-ի ղեկավարությամբ, որն ուներ մյուս բոլոր գլոբալ ինստիտուտների աջակցությունը։ 2022 թվականից ի վեր ԵԱՀԿ-ն չունի ինստիտուցիոնալ արձագանք իրավիճակին և հակամարտության կարգավորման հետ կապված իրադարձություններին։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե չի լուծարվել, բայց դե ֆակտո չի գործում։ Դրա պատճառով համանախագահ երկրների դիրքորոշումները կորցրեցին 13 տարվա ընթացքում հաջողությամբ կիրառված իրավական հիմքն ու տրամաբանությունը և ստացան միանգամայն այլ բովանդակություն։
Հակամարտության կարգավորման գործընթացը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը դուրս են նաև այլ գլոբալ ինստիտուտների ուշադրությունից, որոնք իրավիճակի ծայրահեղ սրման պահերին սահմանափակվում են կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։
Դադարել են աշխատել ոչ միայն գլոբալ ինստիտուտները, այլև գլոբալ կանոններն ու նորմերը։ Թեև 15 տարի շարունակ այդ գործընթացն իրականացվել է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, սակայն այսօր դրանից հրաժարվել են։ Ոգեվորված ռազմական ագրեսիայով և հետևանքների համար պատասխանատվության բացակայությամբ՝ Ադրբեջանը առաջ է գնացել և հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, հետևաբար կարգավորման խնդիր չկա (Zorlu, 2021): Գլոբալ ինստիտուտների բնականոն գործունեության խաթարումները, գլոբալ սկզբունքների ու նորմերի դուրսմղումը գործընթացներից զրկում է այդ գործընթացները տարբեր խմբերի միակողմանի շահերը հավասարակշռող մեխանիզմներից, որոնց բացակայությունը խրախուսում է խնդիրների լուծումը կոշտ, հաճախ՝ ռազմական ուժի ու պատերազմական հանցագործությունների կիրառմամբ, ինչը կարող է հագեցնել միջազգային իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարումների, մարդասիրական աղետների ու մարդկության դեմ կատարվող հանցագործությունների։
Նման հետևանքներով է հղի 2022թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մի շարք միջազգային ինստիտուտների մեխանիզմների խաթարումը։ Ինչպես Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջ. Բորելն է զգուշացնում, «Սեղանին դրված են այն սկզբունքները, որոնց վրա կառուցված են միջազգային հարաբերությունները, նախ՝ ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները» (Borrell, 2022), և առաջարկում է ուժային մեխանիզմներ ստեղծել այդ սկզբունքներն ու արժեքները պաշտպանելու համար, քանի որ «մենք ապրում ենք մի աշխարհում, որը ձևավորվել է կոպիտ ուժի քաղաքականությամբ, որտեղ ամենուրեք զինված են և որտեղ մենք բախվում ենք նարատիվների անխնա ճակատամարտերի»։
Առաջարկը չափազանց կարևոր է, քանի որ այդ ճակատամարտերը հաճախ վերածվում են իսկական պատերազմների, որոնք ուղեկցվում են ոչ միայն միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով, այլև պատերազմական հանցագործություններով ու մարդասիրական աղետներով։ Սակայն նաև պետք է հաշվի առնել այն զգուշացումները, որ ԱրևմուտքՌուսաստան կոշտ դիմակայության պայմաններում ծագած գազային ճգնաժամի ազդեցությամբ ԵՄ աշխարհաքաղաքական հավակնությունները կարող են Հարավային Կովկասում միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա աչք փակելու պատճառ դառնալ (FT, 2022)։
ԽՍՀՄ փլուզումից հետո երազանքը, որ նորանկախ պետությունները կկարողանան լուծել Արևմուտքի առջև ծառացած էներգետիկ խնդիրները և նրան աշխարհաքաղաքական առավելություն տալ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նկատմամբ, գայթակղություն դարձավ ստրատեգների և նավթային ընկերությունների սեփականատերերի համար: Այնուամենայնիվ, անցյալ դարի 90-ականների վերջին պարզ դարձավ, որ էներգետիկ անվտանգության խնդիրը երկարատև ժամանակահատվածի համար լուծելու նպատսկով Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի նավթն օգտագործելու գաղափարն անիրատեսական է (Manning & Jaffe, 1998): Թեև Կասպյան գազի հետ կապված իրավիճակն ու նախադրյալները նույնն են, այս դեպքում ԵՄ պաշտոնյաների գայթակղությունն ավելի երկար է պահպանվում։ Այսպիսով, ինչպես արդարացիորեն հարցադրում է անում Financial Times-ը, դեռ պետք է պարզել, թե արդյոք ԵՄ-ն կկարողանա ազնիվ միջնորդ դառնալ Ադրբեջանի հետ իր բարդ էներգետիկ կապերի ֆոնին (FT, 2022):
ԵՄ դիրքորոշումը
ԵՄ-ն Մինսկի խմբի համանախագահների գործունեության մեջ ունեցել է անուղղակի մասնակցություն՝ ի դեմս խմբի համանախագահներից մեկի՝ ԵՄ հիմնադիր անդամ Ֆրանսիայի, և շարունակաբար իր աջակցությունն է հայտնել համանախագահների գործունեությանն ու պնդել, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի այդ ձևաչափով՝ համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա։ Այդ պատճառով ԵՄ և Ֆրանսիայի դիրքորոշումները գրեթե նույնական են և այս հոդվածում դիտարկվում են մեկ հարթությունում։ Մինչև 2020թ. պատերազմն այն չի տարբերվել Մինսկի խմբի մյուս համանախագահների ընդհանուր դիրքորոշումից։ Այդ պատերազմին և նոյեմբերի 9-ի՝ պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությանը թե՛ Ֆրանսիան և թե՛ ԵՄ-ն արագորեն արձագանքել են։
Պատերազմի ընթացքում Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները, ինչպես նաև նախագահ Մակրոնը (Leroux, 2020) ուղղակիորեն հայտարարեցին Ադրբեջանի ագրեսիայի փաստի մասին, դատապարտեցին Թուրքիայի կողմից կազմակերպված Սիրիայից վարձկանների տեղափոխումն ու օգտագործումը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննադատել է Թուրքիայի դերակատարությունն այդ պատերազմում և հայտարարել, որ «այս հարցում ռազմական հաղթանակ չի լինի, ուստի անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը» (News, 2020):
Ռազմական գործողությունների դադարեցումից հետո գնահատականներն ավելի ամբողջական էին։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, Ժան-Իվ Լը Դրիանը ողջունել է հրադադարը.
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի պարտավորությունները խստորեն կկատարվեն, իսկ նրա հարձակումներն անմիջապես կդադարեն։ Այս համատեքստում մենք կոչ ենք անում Թուրքիային չձեռնարկել որևէ բան, որը կարող է հակասել մեր գլխավոր նպատակին։ Տեղահանված բնակչության և քաղաքային բնակավայրերում մարտական գործողությունների հետ կապված իրավիճակը հանգեցրել է լուրջ հումանիտար հետևանքների: Ֆրանսիան լիարժեք դերակատարում կունենա որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Երկու կողմերի միջև բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն։ Նրանք պետք է թույլ տան, որ վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդիկ վերադառնան և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը» (Le Drian, 2020):
Եվրոպական միության անունից իրավիճակը գնահատեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը. «Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության դադարեցման ուղղությամբ: ԵՄ-ն համարում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը՝ բանակցությունների միջոցով հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Այդ կապակցությամբ ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափին՝ նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ՝ այդ նպատակին հասնելու համար: ԵՄ-ն հիշեցնում է իր անհանդուրժողականությունն ուժի կիրառման նկատմամբ, մասնավորապես՝ կասետային զինամթերքի ու հրկիզող զենքի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց։ ԵՄ-ն ընդգծում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի և կոչ է անում կողմերին կատարել ռազմագերիների փոխանակման և մարդկային աճյունների հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով հոկտեմբերի 30-ին Ժնևում» (EU, 2020):
Ընդհանուր Արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ տարեկան զեկույցում Եվրոպական խորհրդարանը հիշատակել է Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունների և դրան Թուրքիայի մասնակցության մասին, վճռականորեն դատապարտել խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական և կրոնական շենքերի ոչնչացումը, հակամարտության ընթացքում կասետային զինամթերքի կիրառումը, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում Թուրքիայի ապակայունացնող դերը, Սիրիայից և այլ երկրներից Թուրքիայի կողմից վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ: Դա հաստատվել է Մինսկի խմբի անդամ պետությունների կողմից, որոնք կոչ են արել պատշաճ կերպով հետաքննել ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր պնդումները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել (EP, 2020):
Բանաձևում նաև հաստատվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է ղեկավարեն Մինսկի խմբի համանախագահները, և այն պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների վրա:
Համահունչ են նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի ընդունած բանաձևերը. «Հաշվի առնելով, որ Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ բնակվելու անհնարինության մասին, մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է թուրքական իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, կոչ ենք անում անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը և նրանց կողմնակիցներին այն տարածքներից, որոնք օկուպացվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով:
Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ Մինսկի խմբի շրջանակներում ապահովել բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների անհապաղ իրականացումը՝ նրա հովանու ներքո միջազգային զսպման ուժերի տեղակայման միջոցով, պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դեմ կատարված պատերազմական հանցագործությունների և արդյունքում միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և օգտագործել այդ ճանաչումը որպես բանակցային գործիք՝ տևական խաղաղության հասնելու համար» (Sénat, 2020): Երկու տարի անց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները կրկին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ արձագանքելով շարունակվող ռազմական ագրեսիային:
2022 թվականի նոյեմբերին ընդունված բանաձևերում Սենատը, «հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005թ. սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը պաշտպանության պատասխանատվության մասին, Եվրամիության հովանու ներքո անցկացվող խաղաղ բանակցությունների վրա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հետևանքների ու Եվրամիության էներգետիկ ինքնավարության հետ կապված ռազմավարական խնդիրների ազդեցությունը, խստորեն դատապարտում են 2022 թվականի օգոստոսի սկզբին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից իրականացված նոր ռազմական ագրեսիան և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին դրա կրկնվելը Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային և հարավարևելյան շրջանների նկատմամբ, կոչ են անում կառավարությանը վճռականորեն հասնել նրան, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի մասին գործը հանձնի Միջազգային քրեական դատարան, այդ թվում՝ զանգվածային և ռազմական հանցագործությունների հետաքննության նպատակով; կոչ են անում կառավարությանն իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել առավել վճռական և համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանքը և Ադրբեջանից գազի և նավթի ներկրման էմբարգոն, որպես պատիժ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի համար:
Վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը բանակցային գործիքի վերածելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով» (Sénat, 2023)։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փորձեց նախաձեռնել մեկ այլ բանակցային գործընթաց, որին ավելի ուշ միացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նրանք ստանձնել են միջնորդի առաքելություն, և նրանց չի կաշկանդում այն փաստը, որ նրանք չունեն անհրաժեշտ փորձ և հմտություններ նման բարդ դերի համար, ինչպես նաև չեն վայելում հակամարտությունների կարգավորման լիազորություններով օժտված որևէ միջազգային կազմակերպության, այսինքն՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի աջակցությունը։ Թեև փորձ է արվել հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված հայտարարությունը ներկայացնել որպես կարևոր ձեռքբերում (News, 2022b), այն որևէ էական արդյունք չի տվել։
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, բայց դա պարտավորություն է, որը ստանձնել են ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները ՄԱԿ-ի կանոնադրությունը վավերացնելիս, և այն լրացուցիչ հաստատում չի պահանջում: Երկրորդ «ձեռքբերումը» համարվում է ԵՄ-ի գլխավորությամբ տարածաշրջանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին հայտարարությունը, թեև Ադրբեջանը հայտարարել է, որ դրա հետ կառնչվի այնքան, որքան անհրաժեշտ կհամարի։ Առաքելության ներկայությունը մի քանի շաբաթ շարունակ հայ-ադրբեջանական սահմանի հատվածում որևէ արդյունք չի տվել։
Պրահայի հանդիպման եւ նախորդ մի քանի հանդիպումների նախաձեռնողները փորձել են կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից առանձին: Բայց Ադրբեջանը հայտարարել է, որ դրա հետ կառնչվի այնքանով, որքանով հարկ կհամարի։ Պատահական չէ, որ առաքելության մի քանի շաբաթվա ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքում որևէ արդյունք չի տվել։
Պրահայի և դրան նախորդած մի քանի հանդիպումների նախաձեռնողները փորձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն անջատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից և լուծել առանձին։ Հավանաբար հույս են ունեցել, թե կկարողանան թույլ չտալ, որ Մինսկի խմբի համանախագահների գործունեության փաստացի դադարեցման պայմաններում հակամարտության կարգավորման նախաձեռնությունն ամբողջությամբ անցնի Ռուսաստանին։ Սակայն, ինչպես միանգամայն արդարացիորեն նշում է Մարի Դյումուլենը, առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, ինչպես և եղել է 30 տարի (Dumoulin, 2022)։
Առանց կարգավիճակի որոշման այլ խնդիրների լուծման փորձերը ոչ միայն անպտուղ են, այլև վտանգավոր, քանի որ ուշադրությունը շեղում են բուն հարցից ու, կամա թե ակամա, մետրոպոլիային ժամանակ են տալիս փորձելու միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ ռազմական ագրեսիայով ու պատերազմական հանցագործություններով լուծել խնդիրը՝ ինքնորոշվող ժողովրդին ոչնչացնելով կամ դուրս մղելով տարածքից։
Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի գլխավորությամբ եռակողմ հայտարարությունները ԵՄ ղեկավարներին հավատացրել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» իրական ուրվագծեր է ստանում, և որոշել են Ռուսաստանից խլել նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ այդ հարցում իրենց կարևոր դերակատարությունը վճռորոշ նշանակություն կունենա, երբ իրական հնարավորություն առաջանա թուրքմենական գազը Հարավային Կովկասով Եվրոպա տեղափոխելու համար։ Սակայն ստորև ցույց կտրվի, որ Ռուսաստանի միջնորդությունն այնքան է հեռու խնդրի կարգավորումից, որքան «Հարավային գազային միջանցքն» է հեռու Եվրոպայի գազային կարիքները ռուսական գազի փոխարեն բավարարելու նպատակից։
Ռուսաստանի դիրքորոշումը
Մոսկվան նույնպես անդրադարձել է ինչպես 2020 թվականի ագրեսիային, այնպես էլ դրանից հետո ծավալված իրադարձություններին։ Մասնավորապես, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են ուղարկվել Մերձավոր Արևելքում կռվող հազարավոր ծայրահեղականներ, մասնավորապես, «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրկաթ Ալ-Համզա», «Սուլթան Մուրադ» ահաբեկչական կազմակերպություններից (RIA, 2020)։ Նախագահ Պուտինն այս կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի նախագահին (Regnum, 2020)։ Ռուսաստանի նախագահի ակտիվ ջանքերի շնորհիվ 2020թ.նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցվեց և ստորագրվեց եռակողմ հայտարարություն (Kremlin, 2020), որն այդ պահին վճռորոշ նշանակություն ունեցավ ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացումը կանխելու համար: Այնուամենայնիվ, այս հայտարարությունը պարունակում էր մի շարք լուրջ թերություններ, որոնք ի հայտ եկան ավելի ուշ:
Գլխավոր խնդիրն այն էր, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հակամարտության կարգավորման գործընթացը սկսել էր խափանվել։ 2020 թվականի պատերազմի մեկուկես ամսվա ընթացքում Ֆրանսիան և Միացյալ Նահանգները արդյունավետ քայլեր չձեռնարկեցին այն դադարեցնելու համար, մինչդեռ Ռուսաստանը փորձում էր առաջատար դեր ստանձնել կարգավորման գործընթացում՝ չունենալով ոչ անհրաժեշտ լծակներ, ոչ էլ ՄԱԿ-ից կամ ԵԱՀԿ-ից ստացած լիազորություն՝ հակամարտությունը լուծելու վերաբերյալ։ Ռազմական ագրեսիայի դադարեցումից հետո թվում էր, թե համանախագահող երկրները, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, գիտակցել են իրենց երկակի պատասխանատվությունը տեղի ունեցածի լուրջ հետևանքների համար և փորձում են վերացնել աղետալի հետևանքները:
Ագրեսիան դադարեցնելուց հետո համանախագահները իրենց երեք համատեղ հայտարարություններում (OSCE, 2020, OSCE MG, 2020, 2021) հետևողականորեն հայտարարել են, որ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և անհրաժեշտ է շարունակել կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսման ճանապարհով՝ «Մադրիդյան սկզբունքների» հիմքում ընկած երեք սկզբունքների և վեց տարրերի հիման վրա։ Սակայն այդ հայտարարությունները ոչ մի գործողության չեն հանգեցրել։ Գործնականում իրավիճակը զարգացել է ագրեսիայի ընթացքում ստեղծված տրամաբանությանը համապատասխան։ Ռուսաստանը շարունակում էր հանդես գալ որպես միակ միջնորդ՝ չունենալով հնարավորություն կամ ցանկություն դիմակայելու Ադրբեջանի ագրեսիվ հավակնություններին՝ հույս ունենալով հասնել իր աշխարհաքաղաքական նպատակներին Հարավային Կովկասում, մինչդեռ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները սահմանափակվում էին երկու կողմերին ուղղված զսպվածության կոչերով:
Արդյունքում Ադրբեջանն իր զորքերը չհեռացրեց Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ շարունակելով ռազմական վերահսկողություն իրականացնել Շուշի և Հադրութ քաղաքների, ինչպես նաև հարակից մի շարք գյուղերի նկատմամբ, որոնցից հեռացել էր քաղաքացիական բնակչությունը։ Ավելին, հրադադարի համաձայնագրի ստորագրմանը հաջորդել էր ադրբեջանական զորամիավորումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գյուղեր և Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին այդ տարածքներում ռազմական գործողությունների անցկացումը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության լուրջ թերություններից մեկն այն էր, որ Ադրբեջանին վերաբերող դրույթներն այդ պետությունը չէր կատարում։ Մասնավորապես, 1-ին կետը սահմանում էր, որ կողմերը պետք է մնան իրենց դիրքերում, մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերը հայտարարության ստորագրումից հետո ոչ միայն օկուպացրել են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղեր, այլև ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք:
8-րդ կետը սահմանում էր, որ կողմերը փոխանակում են ռազմագերիներին, պատանդներին և իրենց մոտ պահվող այլ անձանց: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է պահել մի քանի տասնյակ հայ բանտարկյալների, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանձնել են բոլորին: Բացի այդ, 6-րդ կետի համաձայն Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը, մինչդեռ դեկտեմբերին մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես «բնապահպաններ», փակեցին արտաքին աշխարհ տանող այդ միակ ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչների համար ստեղծելով հումանիտար աղետի իրական վտանգ: Նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս թերությունը ռուս խաղաղապահների ոչ միանշանակ կարգավիճակն էր, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործելու լիազորության բացակայությունը, ինչպես նաև գործողությունների շրջանակի սահման ված չլինելը:
Թեև այս հայտարարությունը կարևոր նշանակություն ունեցավ ռազմական գործողությունների դադարեցման համար, այն ներուժ չուներ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Մոսկվան իր բացատրությունն ունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը Ռուսաստանի նախագահ Պուտինը ներկայացրել է հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբի համաժողովի ժամանակ (Kremlin, 2022)։ Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Հայաստանի ղեկավարությունը մերժել է մինչեւ 2018 թվականը մշակված հակամարտության կարգավորման ծրագիրը եւ նախընտրել է ամեն ինչ զրոյից սկսել, ինչը հանգեցրել է ներկա իրավիճակին:
Ներկայացնելով խնդրի լուծումը որպես այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանային հարցի վերջնական կարգավորում, Պուտինը նշել է, որ ի տարբերություն կարգավորման «վաշինգտոնյան տարբերակի», որը նախատեսում է «Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ողջ Ղարաբաղի նկատմամբ», Ռուսաստանի մոտեցումն այլ է. «եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որ այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն և ինչ-որ կերպ դա պետք է քննարկվի ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է:
Մենք պաշտպանելու ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն»։ Ավելի ուշ Այդ «առանձնահատկությունը» Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման ընդունման հետաձգում (MFA, 2022b)։ Միաժամանակ, Լավրովը Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորման գործընթացի ձախողման պատասխանատվությունը դրել Է Վաշինգտոնի և Փարիզի վրա, որոնք «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո հայտարարել են, որ չեն համագործակցելու Ռուսաստանի հետ ոչ մի տեղ և ոչ մի ձևաչափով»:
Ավելին, ըստ նրա, այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են Պրահայի հռչակագիրը, որում մտադրություն են հայտնել ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա «խաղաղության պայմանագիր» պատրաստել, կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ մոտեցումը: Նա կարծում է, որ այդ հռչակագրով կողմերը «հաստատում են սահմանների անխախտելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ»: Այդուհանդերձ, նա թույլ է տվել մի քանի կոպիտ սխալներ: Նախ, հռչակագրում նման արձանագրում չկա (Declaration of Alma-Ata, 1991)։ Երկրորդ՝ այն «Անկախ Պետությունների Համագործակցություն» կազմակերպության հիմնադրման մասին է և արձանագրում է, որ մասնակից պետությունները պետք է համագործակցեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
Ընդ որում, հռչակագիրն արձանագրում է նաև այն երեք սկզբունքները (ինքնորոշման իրավունք, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունք և տարածքային ամբողջականության սկզբունք), որոնք 2007 թվականին Մինսկի խմբի առաջարկությամբ ընդունվել են որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք ու այդպես եղել է այնքան ժամանակ, քանի դեռ համանախագահները չեն դադարեցրել իրենց համագործակցությունը 2022 թվականին։
Բնական հարց է առաջանում՝ եթե 1991 թվականի հռչակագիրը թույլ չէր տալիս Լեռնային Ղարաբաղին իրացնել ինքնորոշման իրավունքը, ապա ինչպես են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահներ, 2007-2021 թվականներին ստորագրել բազմաթիվ փաստաթղթեր, որոնցում նրանք հայտարարել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեով:
Դժվար է ենթադրել, որ Լավրովը չգիտեր միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, Ալմա-Աթայի հռչակագրի բովանդակությունը և Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված փաստերը: Ամենայն հավանականությամբ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվել է այն աստիճանի, որ Մոսկվան նույնիսկ դիմում է միջազգային իրավունքին և իրողություններին բացահայտորեն հակասող քայլերի:
Միացյալ Նահանգների դիրքորոշումը
Ինչպես և մյուս համանախագահները, Միացյալ Նահանգները բազմիցս անդրադարձել է 2020 թվականի ագրեսիային և դրան Թուրքիայի մասնակցությանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային մեղադրել է Ադրբեջանին զինելու և իրավիճակը վատթարացնելու մեջ (US, 2020)։ Պետքարտուղարը ողջունել է նոյեմբերի 9-ի հրադադարը՝ ընդգծելով, որ դա միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ճանապարհին: Նա կողմերին կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հասնելու հակամարտության կայուն կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, այսինքն ՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման ու ազգերի հավասար իրավունքների հիման վրա […]
Ռազմական հանցագործությունների հարցը քննարկվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում: 2022թ. նոյեմբերի 16-ին «ԱՄՆ-ի գործողությունների գնահատումը. քաղաքականությունը Կովկասում» թեմայով քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ 2020 թվականի ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք, որը մատակարարել Է Ուկրաինան։ Միևնույն ժամանակ նա հիասթափություն է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ երկու կողմերին զսպվածության կոչի կապակցությամբ, երբ պարզ է, որ դատապարտման ենթակա ագրեսորը Ադրբեջանն է (US Senate, 2022):
2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելուց հետո և մինչև 2021 թվականի ապրիլը Միացյալ Նահանգները հակամարտության կարգավորման հարցում նույն դիրքորոշումն է ունեցել, ինչ մյուս համանախագահները, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո և լուծել մյուս հարցեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ կայուն խաղաղության հաստատման նպատակով (OSCE, 2020, OSCE MG, 2020, 2021):
Այս պարագայում ամերիկացիները գործել են միջազգային իրավունքի շրջանակներում և համաձայն նախագահ Բայդենի՝ 2021 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ուղերձում հնչած խոսքերի.
«Այսօր, երբ մենք սգում ենք կորցրածի համար, եկեք նաև մեր հայացքները դարձնենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը մենք ցանկանում ենք տեսնել, մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքից չաղտոտված աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատիվ և անվտանգ: Եկեք հաստատենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա վայրագությունները աշխարհի ցանկացած կետում:
Եվ եկեք փնտրենք դարմանում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար» (Pearson. White House, 2021): Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է դառնալ այն փորձաքարը, որը ցույց կտա, թե արդյոք ամերիկյան վարչակազմն ունի նման իրական վճռականություն, թե նախագահ Բայդենի ուղերձը կմնա որպես վառ գաղափար, որը կխամրի աշխարհաքաղաքական շահերի ազդեցության ներքո:
Ավելին, ամերիկյան վարչակարգի արձագանքը կարտացոլի ոչ միայն վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղին սպառնացող իրական ցեղասպանության սպառնալիքի նկատմամբ, այլեւ այն, թե արդյոք լիբերալները կգնան Այքենբերիի մատնանշած ճանապարհով՝ պահպանելով արժեքներն ու սկզբունքները.
«Լիբերալ միջազգայնականները պետք է ընդունեն այդ անհաջողություններն ու սխալները: Լիբերալ միջազգային կարգի հովանու ներքո Միացյալ Նահանգները չափազանց շատ է միջամտել, շատ քիչ է կարգավորել և ավելի քիչ է տվել, քան խոստացել է. Ճակատագրի հեգնանքով, քննադատների բողոքները իմաստ ունեն միայն մի համակարգի շրջանակներում, որը ներառում է լիբերալ ինտերնացիոնալիզմի հիմնաքարերը՝ ինքնորոշում, անհատական իրավունքներ, տնտեսական անվտանգություն և օրենքի գերակայություն» (Ikenberry, 2020): Այդ իսկ պատճառով «Միացյալ Նահանգներին մնում է առաջնորդել ազատական միջազգային նախագծի հիմնական նախադրյալի իրականացումը՝ միջազգային ինստիտուտների և նորմերի ստեղծում՝ հասարակություններն իրենցից, միմյանցից և արդիականության դաժան փոթորիկներից պաշտպանելու համար» (Ikenberry, 2020):
Այնուամենայնիվ, համանախագահների արդյունավետ համագործակցությունը սկսեց խարխլվել, հակամարտության ձևաչափը և կարգավորման գործընթացը տրանսֆորմացվեցին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն ու Մադրիդյան սկզբունքները դուրս մղվեցին դրանից, իսկ իրավիճակի բարդությունը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի համար խորացավ։
Հակամարտությունների կարգավորման հնարավորությունները աշխարհաքաղաքական նոր իրողություններում. միջազգային իրավունք, թե ցեղասպանություն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա կարգավորման գործընթացի մասին քննարկումների ժամանակ հաճախ մոռանում են, որ հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը (այն ժամանակ բնակչության մոտ 80%-ը հայեր էին, իսկ 1920–ականների սկզբին, երբ բոլշևիկների անօրինական որոշմամբ տարածաշրջանն ընդգրկվեց Ադրբեջանի կազմում՝ մոտ 95%-ը), ոգևորված քաղաքական բարեփոխումներով, որոնց մասին հայտարարում էր ԽՍՀՄ ղեկավարությունը, որոշեց իրացնել իր ինքնորոշման իրավունքը (Torosyan, 2010):
Դրան ի պատասխան ՝ Ադրբեջանի կոմունիստական առաջնորդներն ազգային հողի վրա կազմակերպեցին հայերի զանգվածային սպանություններ, էթնիկ զտումներ, որոնք հանգեցրին այդ երկրում ապրող բազմաթիվ հայերի ոչնչացման, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստականներ (Cox & Eibner, 1993)։ Զանգվածային սպանությունների ապացույցները ներկայացվել են ռուսական դատարաններ, և մեղավորները դատապարտվել են երկարատև ազատազրկման: 1990-ականների սկզբին Ադրբեջանը վարձկանների ներգրավմամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։
Ռազմական ագրեսիայի հետևանքով սպանվել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, ավերվել են Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ ենթակառուցվածքներն ու կրոնական կառույցները (Cox & Eibner, 1993; Gor, 2008)։ Պատմությունը կրկնվում է։ 2020 թվականի սպտեմբերին սանձազերծվեց ադրբեջանա-թուրքական լայնածավալ ագրեսիա՝ օտարերկրյա վարձկանների և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներգրավմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ, քաղաքացիական բնակչության և շենքերի գնդակոծմամբ, կրոնական կառույցների և պատմական հուշարձանների ոչնչացմամբ (Bishara, 2021; Maghakyan & Pickman, 2019)։ Մի շարք միջազգային զեկույցներում և բանաձևերում, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումներում դա որակվել է որպես ցեղասպանություն կամ ցեղասպանության փորձ (LIS, 2022; Ocampo, 2023; Persecution, 2021):
Նույնիսկ դրանից հետո Ադրբեջանը շարունակեց ագրեսիայի գործողությունները։ Դեկտեմբերի սկզբից փակեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ իբր բնապահպանական պատճառներով (ICG, 2023)։ Դա ցինիզմի գերագույն դրսևորում էր և մարդկության դեմ կատարված հանցագործություն՝ իբր հանքերում բնապահպանական խնդիրների դեմ բողոքի հետևանքով 120,000 մարդ դատապարտել սովամահության, զրկել տեղաշարժվելու հնարավորությունից, դեղամիջոցներից և բուժսպասարկումից։
Միջազգային կարգավիճակ չունեցող ռուս խաղաղապահները և Ռուսաստանի ղեկավարությունը, որոնք փորձում էին միայնակ միջնորդություն իրականացնել և սահմանափակվում էին կոչերով (MFA, 2022a; News, 2022c), անզոր էին կասեցնել այդ ահաբեկչական գործողությունը: ԵՄ-ի նախաձեռնած քաղաքացիական առաքելությունը նույնպես անարդյունավետ եղավ։
Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու նիստ է անցկացրել, որոնցից առաջինը նվիրված է եղել այն հարցին, որ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում և գրավել են 140 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ երկրորդը՝ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին (LeMonde, 2022; Pierson, 2022)։
Երկու նիստերն էլ ապարդյուն եղան, քանի որ Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ջանքերով ոչ մի փաստաթուղթ չընդունվեց։ 2023 թվականին Ադրբեջանի զինված ուժերը վերսկսեցին հարձակումները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա և ոչնչացման սպառնալիքով 120 հազար բնակչի ստիպեցին լքել իրենց հայրենիքը և ապաստան փնտրել Հայաստանում՝ որպես փախստական։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք պետությունները նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, եւ համաձայն 2005 թվականին ՄԱԿ-ի անդամ պետությունների ընդունած «պաշտպանության համար պատասխանատվության» սկզբունքի, նրանք պարտավոր են «պաշտպանել [Լեռնային Ղարաբաղի] բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններից» (UN GA, 2005): Դա ՄԱԿ անդամ պետությունների համար ենթադրում է կանխարգելման պատասխանատվություն, ձախողման դեպքում՝ արձագանքման պատասխանատվություն, ընդհուպ մինչև ռազմական միջամտություն, ինչպես նաև վերականգնման պատասխանատվություն:
Առայժմ իրավիճակին համարժեք արձագանքներ ստացվել են մասնագիտական կազմակերպություններից. «Այդ հակամարտության հիմքում ընկած են երկու գործոններ, որոնք ընդհանուր են ցեղասպանության սցենարների համար. խմբի կամ խմբերի թուլացում ցեղասպանության արդյունքում և այն խմբի/ խմբերի շարունակվող անպատժելիություն (և ցեղասպանության գաղափարախոսություն), որոնք հանցագործություններ են կատարել։ Արևմտյան աշխարհը, և հատկապես ՆԱՏՕ-ն պետք է հասկանան, որ Արցախի «հանձնումը» կնշանակի հայերի ցեղասպանության հովանավորություն՝ հայերի բռնի տեղահանություն և հետապնդում, լայնորեն տարածված գազանաբարո ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում և Կովկասի տարածաշրջանի ամենախոշոր մարդասիրական ճգնաժամ։
Ինքնորոշման հիմնարար իրավունքը չպետք է դառնա հերթական իրավական ֆիկցիա. ընդհակառակը, այն պետք է հասկանալ որպես կայուն միջազգային խաղաղության եւ անվտանգության կարեւորագույն տարր: Բացի այդ, էթնիկ խմբերի պաշտպանության համար միջազգային հանրության պատասխանատվությունը կարեւորագույն նորմ է, որը պետք է պահպանվի տվյալ դեպքում, երբ աշխարհը հազվագյուտ հնարավորություն ունի կանխելու ցեղասպանությունը մինչեւ զանգվածային սպանությունների սկսվելը: Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով՝ ուսումնասիրելու Արցախի հետ կապված խնդիրները՝ արդար ելք և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով: Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ուժ կիրառի հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունների նպատակով և միջազգային հանրությունը պետք է հստակ հայտարարի, որ վճռականորեն պաշտպանելու է հայերի կյանքը 1915 թվականի ցեղասպանության կրկնությունից» (LIS, 2022)։
Այն բանի հետևանքով, որ Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական սուր մրցակցության ասպարեզներից մեկը, Լեռնային Ղարաբաղը հայտնվել է ցեղասպանության սպառնալիքի ներքո: Սակայն, ինչպես ցույց են տվել Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի և Կոսովոյի դեպքերը, երբ վերսկսվում են ռազմական գործողությունները և ի հայտ է գալիս ցեղասպանության, էթնիկ զտումների, վայրագությունների և ավերածությունների սպառնալիք, խնդիրը կարող է լուծվել ինքնորոշման իրավունքի հարկադիր, անհապաղ իրացման միջոցով:
Ուստի համանախագահները պետք է հարգեն իրենց 13-ամյա առաքելությունը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, որոնց հիման վրա մշակվել է հակամարտության կարգավորման փաստաթուղթը (Մադրիդյան սկզբունքներ): Երեք երկրների արտգործնախարարները 2020 թվականի դեկտեմբերի 3-ին Տիրանայում հայտարարություն են տարածել բանակցային գործընթացի շարունակման վերաբերյալ. «Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել ներկայիս հրադադարը՝ համանախագահների հովանու ներքո կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։
Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը հօգուտ հակամարտության մնացած բոլոր հիմնական հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման՝ հիմնարար սկզբունքներին և տարրերին համապատասխան, որոնք քաջ հայտնի են ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին» (OSCE, 2020)։ Այս հայտարարությունը ցույց էր տալիս համանախագահների վճռականությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն այն պահից, երբ այն ընդհատվեց պատերազմով՝ հիմնվելով երեք հիմնարար սկզբունքների և վեց տարրերի վրա։ Համանախագահները վերահաստատել են իրենց մոտեցումը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ապրիլի 13-ին։
2020 թվականի պատերազմից հետո Մադրիդյան սկզբունքների վեց տարրերից մեկը կյանքի կոչվեց, իսկ երկու տարրերը պետք է ճշգրտվեն՝ ելնելով պատերազմի արդյունքներից: Լեռնային Ղարաբաղի զգալի տարածքներ՝ Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների մի քանի գյուղեր, ինչպես նաև Շուշի և Հադրութ քաղաքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ուստի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն, Ադրբեջանը պետք է այդ տարածքները վերադարձնի Լեռնային Ղարաբաղին։ Խաղաղապահությանը վերաբերող տարրը ևս ենթակա է վերանայման, քանի որ անհրաժեշտ է հստակեցնել դրա կարգավիճակը և կազմը:
Միակ արդյունավետ գործիքը կարող է լինել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը, որոնց ներկայությունը կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների անվտանգ վերադարձն իրենց տները: Փաստորեն, պատերազմից հետո համանախագահների առաջարկած կարգավորման պլանը որոշ կետերում կյանքի կոչվեց, և վերոնշյալ տարածքները Լեռնային Ղարաբաղին վերադարձնելուց հետո պետք է իրականացվի երկրորդ փուլի իրականացումը, որի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը:
Հանուն Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության կանխարգելման այս փուլում արժե հաստատել, որ երբ օրակարգում մարդկության դեմ հանցագործությունների հարցն է, հզոր պետությունները կարող են գոնե ժամանակավորապես վեր կանգնել իրենց աշխարհաքաղաքական շահերից: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ձգձգումը խրախուսում է Ցեղասպանության իրականացման ջանքերը։ Ցեղասպանությունը կանխելու միակ իրական միջոցը ինքնորոշման իրավունքի անհապաղ իրացումն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնապաշտպանության համար միջազգային իրավունքի համապատասխան գործիքների տրամադրման միջոցով:
Եզրակացություն
(1) Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական մրցակցության էսկալացիան, որը նկատելի էր 2007-2008 թվականներից և շարունակվում է մինչ օրս, հասել է իր գագաթնակետին և կործանարար ազդեցություն է ունենում ոչ միայն գլոբալ իրադարձությունների վրա, ինչպիսին է լիբերալ աշխարհի արմատական տրանսֆորմացիան, այլև տարածաշրջանային նշանակության շատ զգայուն գործընթացների վրա, որոնց շարքում են հակամարտություններն ու միջնորդական առաքելությունները: Դրա ամենավառ օրինակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է, որն արագորեն միջազգային իրավունքի արդյունավետ կիրառման օրինակից վերածվեց հենց այդ իրավունքի կոպիտ խախտման աղետալի դեպքի:
(2) աղետների առաջին ալիքը տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի ռազմաօդային ուժերի և Սիրիայից հազարավոր վարձկանների աջակցությամբ, օգտագործելով արգելված զինատեսակներ, լայնածավալ ագրեսիա իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Պատերազմի ընթացքում և դրանից հետո բազմաթիվ կազմակերպությունների զեկուցումներում և բանաձևերում, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում բազմիցս հաստատվել են պատերազմական հանցագործությունների փաստերը:
Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ուժի միջոցով, ընդգծել են իրենց կարծիքն այն մասին, որ Մադրիդյան սկզբունքներն ու տարրերը պետք է հիմք հանդիսանան հակամարտության ցանկացած արդար և կայուն կարգավորման համար, և անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով: Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական բախումները պառակտել են այդ ձևաչափը՝ հնարավոր դարձնելով նոր աղետալի զարգացումներ։
(3) իրադարձությունների նման զարգացման հավանականությունը մեծանում է նաև այն պատճառով, որ համանախագահող երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, իրենց առճակատումը տեղափոխել են Անվտանգության խորհուրդ: Դրա պատճառով այնտեղ չի ընդունվել ոչ մի փաստաթուղթ ինչպես 2022 թվականին Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։
(4) հեշտ է նկատել, որ միջազգային հարաբերություններում հզոր պետությունների ցինիկաբար նախապատվություն են տալիս իրենց մասնավոր շահերին՝ գլոբալ սկզբունքների նկատմամբ: Սա ոչ միայն կոնկրետ դեպքերում խրախուսում է ռազմական ագրեսիան և ցեղասպանությունը, այլև արժեզրկում է գլոբալ ինստիտուտները, սկզբունքներն ու նորմերը։
(5) թեև Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, նրանք չէին վայելում հակամարտությունների կարգավորման լիազորություններով օժտված որևէ միջազգային կազմակերպության հովանավորությունը: Բացի այդ, խաղաղապահների կարգավիճակը եւ նրանց լիազորությունների ծավալը սահմանված չէին, ինչն անարդյունավետ էր դարձնում նրանց տեղակայումը, ինչի մասին վկայում է Լաչինի միջանցքով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հաղորդակցության ընդհատումը: 120 հազար բնակիչներ, որոնք Ադրբեջանի զինված ուժերի վերսկսած գնդակոծությունների պատճառով լքել են Լեռնային Ղարաբաղը եւ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանում, կկարողանան վերադառնալ իրենց բնակության վայրեր միայն Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո:
(6) Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ուներ պատերազմը դադարեցնելու տեսանկյունից, սակայն ինչպես այդ փաստաթղթի կարգավիճակը, այնպես էլ դրա դրույթները բավարար չէին հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման ու պահպանման համար: Այն նաև չէր կարող կանխել հետագա աղետալի իրադարձությունները, որոնք ավելի ու ավելի իրական ու վտանգավոր են դառնում: Արևմուտքի քայլերը նույնպես անարդյունավետ են, սահմանափակվում են հայտարարություններով, որոնք գործնական նշանակություն չունեն և որպես այդպիսին կարող են նպաստել բռնի միջոցներով խնդրր լուծման փորձերին:
(7) իրադարձությունների աղետալի զարգացումը կանխելու, հակամարտությունը կարգավորելու և կայուն խաղաղություն հաստատելու համար միջազգային հանրությունը պետք է ընտրություն կատարի ցեղասպանության խրախուսման և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի ՝ ինքնորոշման իրավունքի կիրառման միջև՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրելով միջազգային իրավունքի գործիքակազմ ցեղասպանությունից պաշտպանվելու համար: