
Մեզ չեն կարողանալու կոտրել, Աստծու կամոք վերադառնալու ենք Արցախ՝ որպես տեր․ Արկադի Կարապետյան
Արցախ անպայման վերադառնալու ենք՝ որպես տեր, և դեռևս պարզ չէ՝ Բաքուն ում տիրապետության տակ է լինելու։ Մարդն ունի մարմին և հոգի։ Այսօր դպրոցներում երեխաները չգիտեն, որ հոգի ունեն։ Ոչ ոք նրանց դա չի ասում, ծնողներն էլ ամեն ընտանիքում չէ, որ ասում են։ Շատ երեխաներ չգիտեն այդ մասին։ Այսքան վերլուծաբաններ ու քաղաքագետներ են խոսում, ով ասես՝ խոսում է, ասում են՝ վստահություն, երաշխավորություն։ Դրանք ինչո՞վ են չափվում՝ ո՛չ կիլոգրամներով, ո՛չ մետրերով, ոչնչով չի չափվում։ Դա մի կատեգորիա է, որը բխում է մեր հոգուց, ոչ թե մարմնից։ Երբ Ալիևին ես լսում, նրա հոգուց աղբ է դուրս գալիս, թափվում դեպի մեզ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
«Ալիևն ասում է՝ մենք չենք ուզում հայ տեսնել։ Ինչո՞ւ չի ուզում։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ մեր գոյությունը ժխտում են։ Պատճառը ոչ թե Զանգեզուրի ճանապարհն է, այլ որովհետև մենք՝ որպես ազգ, քաղաքակրթություն, արժեք, իրենց հետ չենք բռնում։ Իրենք մեզ մոտ իրենց լավ չեն զգում, քանի որ ցածր են մեզնից, և գիտեն այդ մասին։ Երբ պատմությունն ուսումնասիրում ենք, ակնհայտ է դառնում, որ բարբարոս ազգը գալիս ու ինչ-որ քաղաքակրթություն էր գրավում, ի վերջո պարտվում էր այդ քաղաքակրթությանը, փոխվում ու վերափոխվում էր։ Իհարկե, դեռևս մի քանի հարյուրամյակ էլ կա, որ թուրքերը լրիվ փոխվեն, բայց նրանք արդեն նախկինում եկածները չեն։ Լրիվ ուրիշ մարդիկ են, դարեր առաջ եկածները սրանց նման չեն, բայց միևնույն է՝ այդ քաղաքակրթությունը դեռևս նրանց մեջ չկա։ Նույնիսկ իրենց գրաված օբյեկտները չեն կարողանում օգտագործել»,- ասաց ռազմական գործիչը։
«Թուրքերի մեջ թերարժեքության բարդույթ կա։ Ինչո՞ւ են այսպես ուրախանում։ Մենք հաղթելուց հետո մեզ այսպես չենք պահել, իսկ իրենց հոգեբանական բարդույթները խանգարում են՝ հասկանալու, թե ինչ է կատարվելու։ Դրա համար էլ պարտվելու են։ Խնդիրը ոչ թե նրանց հզորության, այլ մեր թուլության մեջ է։ Մեզ հասցրին փչացնել համացանցով, հեռուստատեսությամբ, տարատեսակ կազմակերպություններով, աղանդներով, և այլն։ Ընկել ենք պատրանքների մեջ և ճշմարտությունից այնքան ենք հեռացել, որ մենք էլ ենք դառնում նրանց նման։ Մենք էլ արդեն չգիտենք՝ ով ենք»,- նշեց Արկադի Կարապետյանը։
Նախկին հրամանատարի կարծիքով՝ երբ որևէ մեկին խաբում են, նա պարտված է․ «Մենք այդ վիճակի մեջ ենք։ Էլ չասած՝ 1915, 1917, 1920 թվականները, խորհրդային տարիները, մեր նորագույն պատմությունը։ Այն, ինչ եղել ենք 1991-ին, հիմա ուրիշ ենք, 2020-ից և անգամ 2023-ից ենք տարբերվում։ Մենք հիմա հասնում ենք այն վիճակին, որ մեզ հետ ինչ ուզեն՝ կարող են անել՝ առանց որևէ ջանք թափելու։ Բայց մեզ չեն կարողանալու կոտրել։ Այսօր Թադեոս Առաքյալի և Սուրբ Սանդուխտի տոնն է։ Սանդուխտը Սանատրուկի դուստրն էր և նահատակվեց։ Իսկ Թադեոսն իր նահատակությունից առաջ Աստծուն խնդրեց, որ իր քարոզած ազգին պահի մինչև աշխարհի վերջ, և Աստված ասաց՝ եղիցի, այսինքն՝ կլինի։ Եվ լինելու է»:
«Խորհրդային տարիներին Արցախում Հայաստանի մասին պատմություններ, դասագրքեր չկային, ասում էին՝ Ուրարտուն մերը չէ։ Ինչպես հիմա մեր դասագրքերում Արցախի մասին ոչինչ չկա, այն ժամանակ էլ Հայաստանի մասին չկար ԼՂԻՄ-ի դասագրքերում։ Դա չխանգարեց ժողովրդին՝ չմոռանալ և հաղթանակ տանել։ Այդ իմաստով՝ հիմա վիճակն ավելի ծանր է, քանի որ աճող սերնդին դաստիարակում է համացանցը։ Մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, բայց դա էլ ենք հաղթահարելու։ Աշխարհում համակարգ է փոխվելու։ Մենք բոլորս դեպի թվային ստրկություն ենք գնում, դա առաջնային թեմա պիտի լինի բոլորիս համար»,- ամփոփեց Արկադի Կարապետյանը: