
«Ամեն օր սպասում ենք, որ մեր տղաները կզանգահարեն, կամ Կարմիր Խաչից կզանգահարեն ու կասեն՝ գտել ենք տղաներին, բայց այդ հույսն էլ են կտրում». Միրա Շահրամանյան

Սեպտեմբերի սկզբից սկսած՝ Բաքվում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակն այլևս չի գործելու. Ադրբեջանի իշխանությունների պահանջով գրասենյակը փակվում է։ Ադրբեջանի արգործնախարար Ջեյրուն Բայրամովն առաքելության ավարտի առիթով ընդունել է ԿԽՄԿ-ի ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոյիչին և հայտնել, որ սեպտեմբերից գրասենյակը դադարեցնելու է իր աշխատանքը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները միակն էին, ովքեր հնարավորություն ունեին այցելելու Բաքվում պահվող հայ պատանդներին ու գերիներին՝ ապահովելով նրանց և ընտանիքի անդամների միջև կապը։ Բացի այդ, կազմակերպությունը մշտապես կապի մեջ է անհետ կորածների հարազատների հետ, փորձում է որևէ տեղեկություն ստանալ անհետ կորածների վերաբերյալ, այդ թվում՝ ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսության միջոցով։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից հետո հարյուրավոր մարդիկ զոհվեցին, իսկ 22 անձի ճակատագիր մինչև այս պահը շարունակում է մնալ անհայտ։ Նրանց հարազատներն իրենց հույսը կապում էին նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ։
Արցախից բռնի տեղահանված 63-ամյա Միրա Շահրամանյանն այդ պայթյունից հետո միակ որդուց՝ 30-ամյա Արմեն Մովսիսյանից, առ այսօր որևէ լուր չունի։ Պայթյունի օրը նրա որդին մորեղբոր ու մորեղբոր որդու հետ գնացել է բենզինի պահեստ, հաշմանդամություն ունեցող մորեղբայրը մնացել է մեքենայի մեջ, երկու երիտասարդները մոտեցել են պահեստին՝ բենզին վերցնելու, ու տեղի է ունեցել պայթյունը։
Տիկին Միրայի եղբորորդու ԴՆԹ-ն հաստատվել է, սակայն իր որդու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Միրա Շահրամանյանն ասել էր, որ վստահ է՝ որդին ողջ է, քանի որ պայթյունի ժամանակ ադրբեջանցիները որոշ տուժածների իրենց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Շուշի կամ Ակնա, դրա մասին անձամբ ադրբեջանցիներն են հայտարարել։
Տիկին Միրան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվում գտնվող գրասենյակի հետ այլևս մեծ հույսեր չի կապում, քանի որ այսքան ժամանակ գրասենյակը որևէ տեղեկատվություն չի փոխանցել որդու և առհասարակ անհետ կորածների վերաբերյալ։ Սակայն ցավում է, որ գրասենյակը փակվելուց հետո հայ պատանդներին ու գերիներին այլևս որևէ մեկը չի այցելելու։
«Մեր երեխաների հարցով ոչ մեկն էլ չի զբաղվել, ո՛չ այդ գրասենյակը, ո՛չ էլ ՀՀ կառավարությունը, բացի ծնողներից՝ ոչ մեկը։ Արդեն 2 տարի է, մեր երեխաների ճակատագրի վերաբերյալ մեզ որևէ բան չեն ասում, Կարմիր Խաչին որ դիմում ենք, ասում են՝ «ի՞նչ կարող ենք անել, Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս»։
Մի կողմից՝ իրենց հասկանում ենք, որ Ադրբեջանն այն պետությունն է, որ ո՛չ կարողանում ես մտնել, ո՛չ էլ դուրս գալ, բայց այդ դեպքում մենք ի՞նչ անենք։ Դե, արդեն թքած ունենք Կառավարության վրա էլ ու ամեն ինչի վրա էլ, մեր հույսը դրել ենք Աստծո վրա։ Ամեն օր սպասում ենք, որ մի օր էլ մեր տղաները կզանգահարեն, կամ մի օր Կարմիր Խաչից կզանգահարեն ու կասեն՝ գտել ենք տղաներին, ինչ ասեմ՝ մեր այդ մի հույսն էլ են կտրում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միրա Շահրամանյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք պատկան մարմիններին ասել են, որ մարդիկ տեսել են, թե ինչպես են իրենց երեխաներին ադրբեջանցիները մեքենաներով տեղափոխում, պատկան մարմիններն էլ ասում են՝ «բա դա փա՞ստ է»։
«Հիմա որ գնաք Քննչական, կարող է՝ տեղեկություններ պարունակող մի 10-12 «պապկա» դրված լինի իրար վրա, բայց դրանք բոլորն անհետ կորածների ծնողներն են գտել, հայթայթել ու տարել այնտեղ։ Քննչականում չկա մեկ փաստ, որ ասեն՝ սա մենք ենք բերել, բոլորը ծնողներն են արել, որևէ բան չունեն։ Երկու օր առաջ էլ ԱԱԾ էինք գնացել, բայց ի՞նչ, ոչ մի բան։
Բաքվում գտնվող Կարմիր Խաչի միջազգային գրասենյակը չէի ուզի՝ փակվեր, որ այցելեին մեր հայերին, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսները, ինչպես և իմ տղան, հայ են, ինչ տարբերություն։
Այս պահին մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, մեկ ուղղությամբ ենք միայն հետաքրքրվում՝ մի լուր իմանանք տղաներից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որ ասում է՝ տղաներն այնտեղ չեն, այնտեղ են՝ 2-ը հաղորդագրություն են ուղարկել»,- ընդգծեց Միրա Շահրամանյանը։