Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել ու ապահովել բնակչության դուրսբերումը. Սամվել Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:
«Ես իմ ելույթներում նշել եմ՝ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենակ ենք և դիմադրել Ադրբեջանի զինված ուժերին՝ 1/12 հարաբերակցությամբ, հնարավոր չէր: Եվ պետք էր փրկել կյանքեր, գնալ ամեն քայլի և փրկել կյանքերը, ինչն Արցախի կառավարությունն արել է: Իսկ Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ էր մնացել և ապահովել մեր բնակչության դուրսբերումը: Ավելի մանրամասն հետագայում կանդրադառնամ: Ինչ վերաբերում է հարցին, որ այդտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել՝ սարքին, կարգին, յուղած, ես ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է որ լավ իմանա՝ սպառազինությունն ում հաշվեկշռում էր գտնվում, ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ում էր ենթարկվում ՊԲ-ն: Սամվել Բաբայանը վերջերս անդրադարձել է այդ հարցին, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել էր ՀՀ կառավարությանըև հանդիսանում էր ՀՀ ՊՆ-ի կառուցվածքային ստորաբաժանումը»,- շեշտել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը երեկ, մասնավորապես, հայտարարել էր
«Կրկին ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին, որ Լեռնային Ղարաբաղին ՀՀ կառավարությունը թողել է մենակ։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել Լեռնային Ղարաբաղին, և հիմա այդ մարդիկ կապիտուլյացիայից են խոսում։ Ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրգում՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է և մինչև վերջ կանգնելու է, և ոչ մի բան չենք զիջելու։ Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգահարում էին ինձ ու ասում՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք»,– նշել էր Նիկոլ Փաշինյանը և պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, հավելել.
«Ձեր նշած գեներալները 2018-2019 թվականներին գիտե՞ք ինչ կենացներ են խմել իմ ներկայությամբ։ Ընդհանրապես ես սովոր եմ մարդկանց ասածներին լուրջ վերաբերվել…Ասում եմ՝ վախկոտ դասալիքները, բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում և երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում, և դա ՀՀ արժանապատվության հարցն է։ Վախկոտ դասալիքներ»:
Հավելենք, որ 168.am-ն անդրադարձել էր Արցախի ՊԲ կազմաքանդման պատասխանատուներին և ԶՈՒ կիրառման պլանին, որի համաձայն՝ պետք է որ ՊԲ-ին աջակցություն ցուցաբերվեր:
Մանրամասները՝ տեսանյութում