Ի՞նչ է առաջարկում Երևանը Բաքվին․ ՀՀ ԱԳՆ անսպասելի հայտարարությունը

Երևանն ու Բաքուն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հրապարակային դիրքորոշումներով են փոխանակվում։ Նախօրեին թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։

Ալիևը նաև հայտարարել էր, թե՝ «մենք հայկական կողմին առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար»:

Սակայն ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե «ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարց» Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում չկա: Նա նաև ասել էր, թե դա ներքին հարց է՝ ակնարկելով, որ դա չպետք է որ դառնա Ադրբեջանի քննարկման առարկա։ Արձագանքելով Միրզոյանին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր. «Ադրբեջանի Սահմանադրությունն ու մյուս օրենսդրական ակտերը Հայաստանի ու հարևան այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չեն ներկայացնում։ Այդ իսկ պատճառով զուգահեռներ անցկացնելու փորձերն այս հարցում անընդունելի են»։

Բայրամովը պնդել էր՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։

Կարդացեք նաև

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի նախագահի երեկվա՝ հունիսի 6-ի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն տարածեց այսօր՝ նշելով, թե Հայաստանի Հանրապետությունն իր որևէ հարևանից, այդ թվում և՝ Ադրբեջանից, չունի տարածքային պահանջներ:

«ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Ռուս կովկասագետ, արևելագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փոխադարձ պահանջ-պատասխան բնույթի հայտարարություններին, ասաց, որ սրանք բավականին շատ ու կարևոր շերտեր են պարունակում, որոնց մի մասը գուցեև լիովին թափանցիկ չեն հանրության լայն շերտերի համար։ Սակայն, ըստ նրա, դրանք կողմերի համար կարևոր են ապագա գործընթացների տեսանկյունից։

«Ինչպես երևում է, ՀՀ Սահմանադրության հարցն ուղիղ բանակցությունների և միմյանց փոխանցված բանակցային փաթեթների մաս չէ, այլ սա վերաբերում է Ադրբեջանի այն պահանջների շարքին, որոնք հնչեցվում են հրապարակային։ Սակայն երեկ ամենևին էլ առաջին անգամը չէր, երբ Ադրբեջանի ղեկավարն այս հարցը բարձրացնում էր, ինչը նշանակում է, որ սա կայուն դիրքորոշում է, և Ադրբեջանն իր այդ պահանջից չի հրաժարվելու։

Մյուս կողմից՝ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակային հերքելով այդ թեմայի ակտուալությունը գործընթացի համար, առաջ անցավ և առաջարկեց համաձայնագիրը ստորագրել մեկ ամսվա ընթացքում։ Ադրբեջանի համար բավականին գայթակղիչ առաջարկ է անում այն տեղեկությունների ֆոնին, որ Փաշինյանի օրակարգում նոյեմբերին չկա այց Ադրբեջան, որտեղ նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 միջազգային կոնֆերանսը։ Այդ առաջարկը գայթակղիչ է նաև նրանով, որ մենք չգիտենք բանակցությունների ողջ օրակարգը, համաձայնագրում ներառվող բոլոր վիճահարուց հարցերը, սակայն առաջարկը՝ մեկ ամսվա ընթացքում ամբողջացնել փաստաթուղթը, նշանակում է, որ, բացի ՀՀ Սահմանադրության հարցից, ՀՀ-ն այլ լուրջ խնդիրներ չի տեսնում»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Սակայն, նրա կարծիքով, բարդ է պատկերացնել Բաքվի «նահանջն» այս հարցից։

Տարասովն արձանագրեց նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ Սահմանադրության հարցին, սակայն Ադրբեջանի ղեկավարի մյուս առաջարկին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նպատակով, արձագանք չեղավ։

«Արձագանքի բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ Երևանը դեմ չէ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այս հարցում ևս համաձայնելով Ադրբեջանի առաջարկին»,- նշեց Տարասովը։ Սակայն, նրա կարծիքով, հայկական կողմի համար ԵԱՀԿ Մինսկի խումբը կարևոր ձևաչափ է, թեև այն այսօր չի գործում և գուցե ապագայում ևս հնարավոր չլինի անհրաժեշտության դեպքում այն գործարկել։

«Այնուամենայնիվ, Երևանի համաձայնությունն այս հարցում նշանակում է, որ ՀՀ իշխանությունների համար թեման փակ է, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի հնարավոր քննարկման հարցն ապագայում, ինչպես նաև հայերի վերադարձի հարցը։

Սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը նաև աշխարհաքաղաքական լուրջ և բացառիկ գործիք է եղել, որի շրջանակում արդյունավետ աշխատել ու համագործակցել են ՌԴ-ն, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան։ Աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության և վերջնական կայունացման դեպքում այս հարթակը, չի բացառվում, որ նաև անհրաժեշտ լինի արտաքին խաղացողներին, հենց այս հաշվարկներն են այդ առաջարկի հիմքում, դա կարելի էր ակնկալել»,- նշեց վերլուծաբանը։

Բացի այդ, ըստ վերլուծաբանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ցանկում Թուրքիան չկա, սա մշտապես խնդիր է եղել Ադրբեջանի համար։

Տեսանյութեր

Լրահոս