Միտում եմ տեսնում. դասագրքի՝ Ուրարտուի քարտեզի նման քարտեզ անում են թուրք ազգայնամոլական, պետական գծի մեջ գտնվող, այսպես կոչված, «պատմաբանները». Միքայել Բադալյան

«Ամեն ինչ արվում է՝ ցույց տալու, որ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ գնահատականներն ունեն քաղաքական բնույթ: Դա այդպես չէ: Իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնք դասագրքի վերաբերյալ տրված մեկնաբանությունները կարող են օգտագործել քաղաքական նպատակներով: Դա շատ նորմալ է: Եթե մենք 7 տարի առաջ այս իրողությունն ունենայինք, դա կանեին այն ժամանակվա ընդդիմադիր ուժերը: Բայց այս ամենը պետք է զանազանել առողջ գիտական քննարկումներից»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պ.գ.թ., ուրարտագետ Միքայել Բադալյանը:

Վերջինս նկատեց՝ շատ ցավալի է, որ մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը (ՀԸ) թեմայի վերաբերյալ դրսևորում է միակողմանի մոտեցում. «Հայոց պատմություն 7» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը 3  անգամ կանչվում է Հանրային հեռուստաընկերություն, և կարծես թե նպատակն այն է, որ նրան տանում են այնտեղ՝ այս դասագիրքն արդարացնելու համար, իսկ դասագրքին դեմ հանդես եկող որևէ գիտնականի չեն հրավիրում:

«Ես ինքս շատ զարմացա, երբ տեսա՝ դասագրքի հեղինակը մեկ հոգի է, որովհետև խնդիրը վերաբերում է տարբեր ժամանակաշրջանների՝ սկսած նախապատմական ժամանակներից՝ մինչև Բագրատունիների հարստության անկումը: Սա ահռելի ժամանակաշրջան է, որը պահանջում է  մասնագիտական խորը գիտելիքներ: Ինձ համար շատ տարօրինակ է, որ այս աշխատանքը վստահվել է մեկ հոգու: Տարօրինակ է նաև այն, որ դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է: Երբ Սմբատ Հովհաննիսյանը Հանրայինի եթերում զավեշտ է անվանում, օրինակ, այն, որ ես մատնանշում եմ, որ քարտեզների մեջ տեղանունների տեղադրումը թեական է, ինձ համար, օրինակ, զավեշտ է, որ այս դասագրքի խմբագիրն իր կինն է, ու այստեղ կան որոշակի ռիսկեր»,- ասաց Միքայել Բադալյանը:

Հարցին՝ արդյո՞ք դասագրքի հեղինակը կամ պատվիրատուն դիմել են իրեն՝ որպես ուրարտագետի, մասնակցություն ունենալու դասագրքի՝ Ուրարտուի բաժնի կազմման աշխատանքներին, Միքայել Բադալյանը պատասխանեց՝ ոչ թե իրենք են դիմել մեզ, այլ մենք ենք դիմել իրենց:

Կարդացեք նաև

«Գարնանը դասագրքի պատվիրատուն՝ «Մասնակցային դպրոցի» տնօրեն Վահրամ Սողոմոնյանը, դիմել էր ինձ՝ ուրարտական ժամանակաշրջանի լուսանկարներ իրենց տրամադրելու հարցով: Ես Վահրամ Սողոմոնյանին հայտնել էի մեր աջակցությունը, ասել, որ պատրաստ ենք անշահախնդիր աջակցել դասագրքի ուրարտական հատվածի վերաբերյալ խորհուրդներով, առաջարկներով: Մեր այդ առաջարկը մերժվեց: Մեզ ասացին՝ ժամանակ չկա, հեղինակն էլ Սմբատ Հովհաննիսյանն է: Այնուամենայնիվ, մենք բավական թվով լուսանկարներ տրամադրել ենք, մի բան, ինչը իրենք պիտի անեին»,- ասաց ուրարտագետը:

Միքայել Բադալյանի խոսքով՝ նախկին դասագրքերում ևս կան բացթողումներ, և այնտեղ էլ կարող են լինել խնդիրներ, որոնց հետ այս կամ այն մասնագետը կարող է համաձայն չլինել:

«Սակայն ես նախկին այդ դասագրքերում չեմ տեսել միտում, ինչը տեսնում եմ ա՛յս դասագրքերում: Շատ լավ կլիներ, որ երբ Սմբատ Հովհաննիսյանը խոսում է, նրա դիմաց այլ կարծիք ունեցող գիտնականներ էլ լինեին: Թե չէ ստացվում է՝ մեկ անձի մենախոսություն»,- ասաց գիտնականը:

Միքայել Բադալյանը նշեց նաև, որ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն այս գործընթացի մի մասն է, բայց դասագիրքն ունի պատվիրատու՝ «Մասնակցային դպրոցը» ու նրա տնօրեն Վահրամ Սողոմոնյանը:

«Նախ պետք է հասկանալ՝ ովքե՞ր են կանգնած այդ «Մասնակցային դպրոցի» հետևում, ո՞վ է նրա ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, որտե՞ղ է աշխատել: Ես ինքս հանդիպել եմ նրա հետ և փորձել եմ առողջ քննարկման առաջարկ անել: Այո, նա բավական պատրաստված մարդու տպավորություն է թողնում, բայց, ցավոք, մեր հանդիպման ժամանակ հնչեցրած մի քանի գաղափարներն ուղղակի ինձ ահավոր զարմացրեցին: Նա կարծես ինձ հասկացնում էր, որ մենք Ուրարտուի հետ ուղիղ կապ չունենք: Եվ երբ ես ասացի՝ դա մեր ինքնության մասն է, պատասխանեց՝ եկեք թողնենք ինքնություն, ժառանգություն հասկացությունները: Նա նաև Էրեբունի-Երևանի կապն էր կասկածի տակ դնում ու նշում էր, որ Էրեբունին կապ չունի այսօրվա Երևանի հետ, դա Սովետի ժամանակվա միֆ է… Իսկ երբ ես ասացի՝ իսկ կարո՞ղ է դու թուրքերի հետ ուղիղ կապ ունես, ինձ ասաց՝ թուրքերի չէ, բայց մենք հավանաբար մոնղոլների հետ կապ ունենք: Ես ասացի՝ ինքը գուցե ունի, բայց ես հաստատ մոնղոլների հետ կապ չունեմ… Նման գաղափարներով առաջնորդվող մարդն է այս դասագրքի պատվիրատուն»,- ասաց պատմաբանը:

Միքայել Բադալյանին հատկապես վրդովեցրել էր դասագրքում տեղ գտած այն մտայնությունը, որ Հայաստանն Ուրարտուի հետ կապ չունի:

«Ուրարտուն հայ ժողովրդի պատմության կարևորագույն մասն է. այն կայսրություն էր, հին Մերձավոր Արևելքի ամենահզոր տերություններից մեկը: Ինչո՞ւ են Սմբատ Հովհաննիսյանն ու «Մասնակցային դպրոցը» որոշել դնել այն քարտեզը, որտեղ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ներառված չէ Ուրարտուի թագավորության կազմում: Իրանի հատվածը ևս չկա: Ցավով պիտի նշեմ, որ հեղինակը, չունենալով խորը գիտելիքներ ուրարտական ժամանակաշրջանի մասին, տուրք է տվել վարկածների, հիպոթեզների, ենթադրությունների ու դրանք ներկայացրել՝ որպես բացարձակ ճշմարտություններ»,- ասաց Միքայել Բադալյանը:

Միքայել Բադալյանը շեշտեց՝ նման քարտեզներ կազմում են թուրքական ազգայնամոլական, թուրքական պետական գծի մեջ գտնվող, այսպես կոչված, «պատմագիտական շրջանակները»: Նրանք են ամեն ինչ անում՝ ցույց տալու համար, որ հայերը եկվոր են, կապ չունեն Ուրարտուի հետ:

«Մենք Սմբատ Հովհաննիսյանին ցույց տվեցինք, որ կա փաստ, որը ցույց է տալիս, որ անգամ իր նշած թագավորները՝ Մենուան, Իշպուինին, հասել են նույնիսկ մինչև Սյունիք: Նա կրկին արդարանում էր, թե՝ չէ, Արաքսը չեն անցել: Ես նրան խորհուրդ կտամ, որ չխոսի այն ժամանակաշրջաններից, որոնց վերաբերյալ ինքը խորը գիտելիքներ չունի: Նրա հարցազրույցներն ամեն անգամ կրակի վրա յուղ են լցնում ու ցույց տալիս նրա տգիտությունը տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ: Նայե՛ք, քարտեզի վրա ցույց է տրված Արարատ լեռը ու հարցականով գրված՝ Ուրուրուտ: Կարո՞ղ է Սմբատ Հովհաննիսյանը ցուց տալ մի սկզբնաղբյուր, որտեղ Արարատ լեռը Ուրուրուտ անվամբ նշված լինի: Այսինքն՝ սա Արարատը ձևախեղելու միջոց է»,- ասաց Միքայել Բադալյանը:

Մեր զրուցակիցը քարտեզի վրա ցույց տվեց սխալների այլ օրինակներ ևս:

«Այս մանիպուլյացիաները տեղավորվում են թուրքական ուրարտական նկրտումների մեջ: Հենց թուրքերն են ասում՝ հայերը կապ չունեն Ուրարտուի հետ: Ընդ որում, այս ամենը սկսվել է Քյազիմ Կարաբեքիր փաշայից, ով բանակցությունների ժամանակ խոսում էր այն մասին, որ հայերը կապ չունեն Ուրարտուի հետ: Ինձ համար սա միտում է: Այն ամենը, ինչի մասին ես խոսում եմ, կարմիր գծի պես անցնում են թուրքական ազգայնամոլական «գիտնականների» աշխատություններում: Հատկանշական է, որ գիտությունը վաղուց հերքել է հայերի՝ եկվոր լինելու մասին վարկածը: Ու վերցնել ու այդ վարկածը գրել դասագրքի մեջ, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսում: Ի դեպ, գրված է, որ մեր նախնիները Փռյուգիայից եկած գաղութարարներ են: Սա մեր հարևաններին հիմք կտա ասելու՝ հերիք չէ՝ եկվոր եք, մի հատ էլ գաղութարար եք»,- ասաց գիտնականը:

Միքայել Բադալյանը խոսեց նաև «Հայոց պատմություն 7» դասագրքում տեղ գտած Ուրարտուում իբր եղած հարեմի մասին:

«Ասենք, Ուրարտուի հատվածում Մհերի դռան մասին չի գրում, որ առանցքային նշանակություն ունի կրոնի համար, բայց գրում է հարեմի մասին՝ որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելով դա, թե իբր Մենուա արքան ամենաշատ կանայք է բերել Տուշպա քաղաքի հարեմի համար: Սմբատ Հովհաննիսյանը խեղաթյուրել է գիտնական Երվանդ Գրեկյանի ենթադրությունը՝ կեղծելով պատմությունը»,- ասաց գիտնականը՝ բերելով դրա ապացույցները:

Միքայել Բադալյանը նկատեց՝ փաստ է, որ թուրքական պատմագիտությունն ամեն ինչ անում է, որպեսզի ամեն կերպ նվազեցնի հայկականության դերն այս տարածաշրջանում, և այս դասագրում տեղ գտած մի շարք դրվագներ ջուր են լցնում թուրքական ազգայնամոլական, այսպես կոչված, «գիտության» ջրաղացին:

«Այս դասագրքում՝ մինչև համենայնդեպս հետուրարտական դարաշրջան, էջ չկա, ուր չլինի սխալ, վրիպակ կամ անճշտություն: Սա՛ է այս դասագրքի որակը»,- ասաց Միքայել Բադալյանը:

Խոսելով աղմուկ հանած այն քարտեզի մասին, որտեղ Ադրբեջանը նշված է Տիգրան Մեծի կայսրության ժամանակներում, պատմաբանը հարց բարձրացրեց՝ իսկ ինչո՞ւ քարտեզում չկա Աղվանքը:

«Ինչո՞ւ չկա Աղվանքը, երբ հայտնի էր, որ Աղվանքը կախյալ էր Տիգրան Մեծից կամ գուցե կայսրության մաս էր կազմում: Աղվանքի չլինելը ու փոխարենը Ադրբեջանը տեղորոշելը ցույց է տալիս, որ Ադրբեջանն Աղվանքի հետնորդն է: Վիրքը գրված է, Աղվանքը՝ ոչ: Եվ նաև այս ծանր, զգայուն ժամանակաշրջանում կարելի էր այլ լուծումներով այս քարտեզը տեղադրել: Ամենահեշտ բանն անընդհատ նախկին-նախկին անելն է: Դու կրել ես պատասխանատվություն: Պետությունից ստացել ես գումար, այդ թվում՝ մեր վճարած հարկերից, բարի եղեք, գրեք նորմալ, առանց սխալների, այո՛, նաև առանց ազգային սնապարծության, բայց նախ և առաջ առանց միտումների դասագիրք, որոնք ջուր են լցնում մեր ոչ բարեկամների ջրաղացին»,- ասաց Միքայել Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս