«Մենք Տեր ենք լինելու ՈՒրարտուին. ինձ որոշ ճանաչողներ, ասում են, պետք ա՞ քեզ գրում ես, խառնվում ես, Էրեբունի թանգարանի տնօրենն ես, լավ աշխատանք ունես, քո համար հանգիստ գործդ արա». Միքայել Բադալյան

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի՝ իր գրառումների դեմ բերած «փաստարկներին»:

«Սիրելի բարեկամներ,

Քիչ առաջ տեղեկացա, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը պատասխանել է նույն դասագրքում տեղ գտած իմ դիտողություններին: Նրա պատասխանն ունի «ԴԱՍԱԳԻՐՔԸ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԻՐՈՒՅԹ ՉԷ»՝ ինձ համար խիստ տարօրինակ վերնագիրը:

Պարոն Հովհաննիսյանի պատասխաններն ինձ համար բավական թեական են և լղոզված: Ես դրանց անդրադառնալու եմ հատ առ հատ՝ բավական մանրամասնորեն և անդրադառնալու եմ այլ ձևաչափով:

Կարդացեք նաև

Սակայն եթե նույնիսկ իմ կողմից հնչեցրած բոլոր, կրկնում եմ՝ բոլոր դիտարկումները անհիմն լինեին, կա մի շատ կարևոր կետ, որից կարծես թե փորձում են շեղել մեզ: Դա իմ կողմից մատնանաշված քարտեզն է, որտեղ ուրարտական տերության սահմանների մեջ ընգծված չէ ներկայիս Հայաստանի հանրապետությունը, սակայն, ի հեճուկս դրան, ՈՒրարտուի կազմի մեջ են ընդգրկված ներկայիս Թուրքիայի որոշ հատվածի և Նախիջևանի տարածքներից:

Արդեն իսկ փաստ է, որ և՛ դասագրքի հրատարակիչ «Մասնակցային դպրոցի» տնօրեն հարգարժան պարոն Վահրամ Սողոմոնյանը, և՛ հարգարժան պարոն Սմբատ Հովհաննիսյանն ընդունել են, որ քարտեզը տեղադրելիս տեղի է ունեցել շփոթմունք և Իշպուինիի կառավարման չմշակված քարտեզի փոխարեն նշվել է Ք. ա. 743-700 թվականների քարտեզը: Այսինքն, արձանգրենք փաստ, որ քարտեզը տեղին չէ: Ինչո՞ւ են նշել չմշակված բառը: Ըստ ինձ, որովհետև այդ քարտեզը տեղանուններում բավական շատ են սխալները, որոնց ես անդրադարձել եմ և կրկին անդրադառնալու եմ:

Ես հարց ունեմ իմ հարգարժան գործընկերներին, ինչո՞ւ եք որոշել դնել այդ քարտեզը, նույնիսկ եթե դա Իշպուինիի ժամանակաշրջանն է պատկերում: Այսինքն, եթե դուք նշում եք, որ տեղի է ունեցել շփոթմունք և պետք է այդտեղ լիներ Իշպուինիի ժամանակաշրջանի քարտեզը, միևնույն է, դուք փաստում եք, որ ընտրել եք մի քարտեզ, որտեղ ներկայիս Հայաստանի հանրապետությունը ներառված չէ Արարատի թագավորության կազմում: Ինչո՞ւ եք այդպես արել, ո՞րն է շարժառիթը: Մի՞թե տրամաբանական չէր լինի տեղադրել այն քարտեզը, որտեղ ՈՒրարտուն Հին Մերձավոր Արևելքի հզորագույն տերություններից մեկն էր, ավելին՝ կայսրություն էր: Եվ այդ քարտեզի մեջ, իհարկե կլիներ ներկայիս Հայաստանի հանրապետությունը: Չէ՞ որ պատկերը, տեսողական հիշողությունը տպավորում են աշակերտներին ու ուսուցիչներին: Եվ այդ քարտեզով նրանք չեն կարող ամբողջական պատկերացում կազմել ՈՒրարտուի վերաբերյալ:

Լավ, եթե Իշպուինիի ժամանակաշրջանի քարտեզն եք ընտրել, ինչո՞ւ են այդ քարտեզում բացակայում ներկայիս Իրանի իսլամական հանրապետության տարածքի ուրարտական կայսրության տարածքների գրեթե ամբողջական հատվածը:

Հարգելլի պարոն Հովհաննիսյան, Նիկոլայ Հարությունյանին եք հղում, նշում եք իբր միայն Իշպուինիին միայն նկատի չեք ունեցել, այն նաև Իշպուինիիի ու Մենուայի, այսպես կոչված, համատեղ կառավարման շրջանը: Իսկ Իշպուինիի և Մենուայի համատեղ կառավարման շրջանում մերձուրմյան ավազանի առնվազն մի հատվածը Ուրարտուի կազմում չէ՞ր ընդգրկված: Իսկ գուցե Իշպուինի վերաբերյալ մեզ հասած ասորեստանյան սկզբնաղբյուրը հենց ա՞յդ տարածաշրջանն է մատնանշում:

Տալիս եմ ձեզ հարց, ընդունո՞ւմ որ այդ քարտեզը պետք է փոխվի, որ աշակերտներն իրավունք ունեն կրթություն ստանալու ստույգ քարտեզներով, ստույգ տեղեկությունների հիման վրա գրված դասագրքերով:

Այդ քարտեզին նայելիս կեղծ պատկերացում ես կազմում, թե իբր այսօրվա Հայաստանը Ուրարտուի հետ կապ չունի: Պետք է նման կարծիքներ ունեցողներին հիասթափեցնեմ, լավ էլ ունի: ՈՒ մենք Տեր ենք լինելու ՈՒրարտուին:

Մնացածին կանդրադառնամ այլ ձևաչափով:

Ի դեպ, այս օրերին, ես ստացել եմ շնորահակալության խոսքեր բազմաթիվ ուսուցիչներից, բազմաթիվ հայրենակիցներից:

Միևնույն ժամանակ, ինձ որոշ ճանաչողներ, ասում են՝ պետք ա՞ քեզ գրում ես, խառնվում ես, Էրեբունի թանգարանի տնօրենն ես, լավ աշխատանք ունես, քո համար հանգիստ գործդ արա: Այո, հենց ինձ ա դա պետք: ՈՒ ես հանգիստ անում եմ իմ գործը: Այսօր Էրեբունին համագործակցում է այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են Լուվրի, Բրիտանական թանգարանը, Էրմիտաժը: Ընդ որում, մեր համագործակցության ահռելի մասն ուղղված է կրթական տարբեր որակների բարձրացմամբ: Ես չեմ գրում այս կամ այն մեկին հրամցնելու համար, ես բարձրաձայնում եմ այս խնդիրները կրթության որակը բարձրացնելու համար, մեր ինքնության հետ կարևոր մասեր այլ կերպ ներկայացնել թույլ չտալու համար:

Պատկերացնո՞ւմ եք, երբ մի օր իմ դուստր Թարիրիան, ով կրում է Մենուա արքայի կնոջ անունը, գա նմանատիպ դասագիրք ձեռքը և ասի՝ հայրիկ ջան, դու կարծեմ ՈՒրարտուի հնագիտությամբ էիր, չէ՞, զբաղվում, կարծեմ աշխարհի տարբեր համալսրաններում դասախոսություններ ես կարդացել, աշխարհի շատ հայտնի ուրարտագետներ գալիս են մեր տուն, դու շատ հուշարձաններում պեղումներ ես արել, իմ անունն էլ դրել ես Թարիրիա ու ասում ես, որ ես կրում եմ ՈՒրարտուի ժառանգությունը, բայց հայրիկ ջան, մեր դասագրքում կա մի քարտեզ, որտեղ մեր Հայաստանը չկա ՈՒրարտուի քարտեզի մեջ: Ես պետք է արդարանամ, որ այդ քարտեզը ստույգ չի, իսկ իմ աղջիկը պետք ա հակադարձի ու ասի, եթե դու մասնագետ ես, մի՞թե չկարողացար բարձրաձայնել դրա դեմ, մի՞թե ես արժանի եմ այդ քարտեզին…

Եթե ինչ-որ մեկին կթվա, թե այս վերջին պարբերությունը հուզական էր, ուրեմն թող նրանց այդպես թվա, հասկացողը կհասկանա….

Այդ դասագիրքը պետք է ենթարկվի լուրջ քննության: Եթե պարոն Սմբատ Հովհաննիսյանը վստահ է իր գիտելիքների, դասագրքում իր շարադրանքի վրա, թող դասագիրքը մասնագիտական կարծիքի ուղարկվի Հայաստանի տարբեր գիտական հաստատություններ…»,-գրել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս