Ադրբեջանում ցնծում են. Հայաստանում թշնամի պետության սրտով հայոց պատմության դասագիրք է գրվել
Շուրջ մեկ շաբաթ առաջ «ԲՆՕՐՐԱՆ պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ քննարկում կազմակերպվեց շուրջ 20 գիտնականների մասնակցությամբ: Խնդրո առարկան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած չարաբաստիկ «Հայոց պատմություն-7» դասագիրքն էր: Քննարկմանը հրավիրված են եղել ականավոր պատմաբաններ, նեղ մասնագետներ, հնագետներ, արևելագետներ: Հրավիրված էին նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ու դասագրքի պատվիրատուն՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը: Վերջիններս, սակայն, գերադասել են չմասնակցել քննարկմանը. Հարմար չի եղել:
Քննարկման արդյունքներով՝ հայտարարության տեքստ է հրապարակվել, որի տակ ստորագրել է գիտնականների պատկառելի կազմ, որոնցից շատերը, մեր տեղեկություններով, անգամ անձնական խնդիրներ ունեն միմյանց հետ: Բայց այս մարդիկ վեր են կանգնել միջանձնային հարաբերություններից, անձնական ամբիցիաներից՝ հանուն երեխաների, հանուն ազգային կրթության ու ազգային նվիրական նպատակների, հանուն պատմության չխեղման: Ընդհանուր առմամբ շուրջ 20 գիտնական Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը հորդորել է կասեցնել աղմկահարույց դասագրքի կիրառումը հանրակրթական դպրոցներում:
Սա, թերևս, անսպասելի էր ԿԳՄՍ նախարարության ու անձամբ Սմբատ Հովհաննիսյանի ու Վահրամ Սողոմոնյանի համար, որովհետև մինչ այդ հանդիպումը վերջիններս ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո դասագրքի դեմ արշավն անվանում էին քաղաքական, իսկ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ Ազգային ժողովի (ԱԺ) ամբիոնից հոխորտում էր՝ համակերպվեք դասագրքի գոյության հետ: Սակայն հայտարարության տեքստի տակ դրված ստորագրությունները պայթեցրին այդ քարոզչական փուչիկը, որովհետև այդ պատկառելի կազմի ճնշող մեծամասնությանը վստահաբար, անգամ մեծ ցանկության դեպքում, քաղաքականացված չես համարի:
Նույն Ժաննա Անդրեասյանն արդեն «Բնօրրանի» կազմակերպած քննարկումից հետո նույն ամբիոնից հայտարարեց՝ կհանդիպի դասագրքի կասեցումը պահանջող խմբի հետ:
Հասկանալի է, որ սա ԿԳՄՍ նախարարի կողմից «փափուկ բարձի» քաղաքականության ցայտուն դրսևորում է, ժամանակ ձգելու փորձ, մինչև դասագրքի շուրջ աղմուկը կմարի: Բարեբախտաբար, չի մարում:
Սակայն, պարզվում է, նշված հանդիպումը, բացի պետական իրավասու մարմիններից, դասագրքի հեղինակից ու պատվիրատուից, մտահոգել է նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքին և… ադրբեջանական հեռուստաընկերություններին:
Զերծ կմնանք armtimes.com-ի հրապարակումը մեկնաբանելու գայթակղությունից, բայց կանդրադառնանք ադրբեջանական քարոզչամեքենաների մեջ ուրույն տեղ ունեցող Baku TV հեռուստաալիքի պատրաստած ռուսալեզու ռեպորտաժին նշված դասագրքի վերաբերյալ:
Նկատենք, որ ադրբեջանական քարոզչամեքենայի ռեպորտաժը պատրաստված է «Բնօրրանի» նախաձեռնած քննարկումից ու հրապարակված եզրակացությունից հետո:
«Հայաստանում պատմության դասագրքի շուրջ սկանդալ է հասունանում: Կեղծիքների սովոր հայ պսևդոպատմաբանները չեն կարողանում շոկից դուրս գալ և ԿԳՄՍ նախարարության դեմ կոլեկտիվ հայց են պատրաստում»,- ասվում է դասագրքի շուրջ աղմուկի վերաբերյալ ադրբեջանական հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում:
Եվ թեև ռեպորտաժի ադրբեջանցի հեղինակները նշում են, որ 7-րդ դասարանի նոր «Հայոց պատմության» դասագրքում դեռ շատ են պատմական իրադարձությունների ստահոդ մեկնաբանությունները, նրանց հատկապես ուրախացրել են այդ դասագրքում հրապարակված քարտեզները, ինչի վերաբերյալ էլ հայ մասնագետներն ահազանգում են արդեն երկու ամիս:
Ամբողջովին ծաղրուծանակով ուղեկցված ռեպորտաժում առանձնակի հպարտության առարկա է դասագրքում թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան հիշատակությունը:
«Այո, նոր հայկական դասագրքերը մի օր կպատմեն ողջ ճշմարտությունը, այդ թվում՝ Ղարաբաղի իրական, ոչ հորինված պատկանելության ու 1915թ. ողբերգական իրադարձությունների մասին»,- ասվում է ադրբեջանական հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում:
Մնում է միայն չալարել, մտածել ու հասկանալ՝ ինչու են Ադրբեջանում ցնծում «Հայոց պատմություն-7» նոր դասագրքի հրատարակմամբ ու այդ դասագրքի՝ դպրոցներ մուտք գործելու փաստի առնչությամբ, ինչո՞ւ էր, օրինակ, ուրարտագետ Միքայել Բադալյանն ասում՝ դասագիրքը ներկայացնում է թուրքական ազգայնամոլական պատմագիտության շահերը, ինչո՞ւ էին բարձրաձայնում այն մասին, որ Տիգրան Մեծի ժամանակների քարտեզում Ադրբեջան չեղած պետության պատկերումը մեծ նվեր է ադրբեջանական հորինված պատմագիտության ու քաղաքական նկրտումների համար, և ի վերջո, ինչո՞ւ դասագրքում չկա Մասիս սարի գեթ մեկ պատկեր, իսկ Էրեբունին էլ Ուրարտուի և Երևանի հետ կապ չունի: