«Միջանցքի» հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում, ի տարբերություն Իրանի․ Արեշև

Սկսելով սահմանազատման գործընթացը՝ ՀՀ իշխանությունների հետ ադրբեջանական պայմաններով, Ադրբեջանի իշխանությունները սկսում են է՛լ ավելի ակտիվ անդրադառնալ, այսպես կոչված, միջանցքի թեմային։ Ակտիվ քննարկումների օրակարգ է հանվել միջանցքի բացման թեման, որին օրերս նոյեմբերի 9-ի փաստաթղթի համատեքստում անդրադարձավ Իլհամ Ալիևը։

Իսկ գերմանական «Zeit» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե ըստ էության «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլև լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից։

«Այս կերպ Հայաստանը նույնպես կարող էր հաղթահարել իր մեկուսացումը։ Եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։ Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանով, և այն ընդամենը 10 կմ երկար կլինի»,- ասել է նա:

Ժամանակ առ ժամանակ, այսպես կոչված, միջանցքի մասով ադրբեջանական խոսույթը՝ դիրքորոշումները, սպառնալիքները փոփոխվում են․ ամիսներ առաջ թվում էր, թե Ադրբեջանն իբրև թե հրաժարվել է երթուղու այս տարբերակից՝ ակտիվ բանակցությունների մեջ մտնելով Իրանի հետ, սակայն Ադրբեջանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ալիևը սպառնում էր ընդհանրապես որևէ սահման չբացել Հայաստանի հետ իրենց ուզած երթուղին չստանալու դեպքում, այսօր Ամիրբեկովն ասում է, որ ծրագիրն Ադրբեջանը կիրականացնի Իրանի հետ։

Կարդացեք նաև

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր գլխավոր նպատակից, այն է՝ ունենալ չվերահսկվող հաղորդակցություն Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ տարածքով։

Նրա խոսքով, հաշվի առնելով հռետորաբանությունը՝ աշխարհաքաղաքական ինչ-ինչ դիրքավորումներ կարող է փոխվեն, սակայն 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը երբեք այդ գաղափարից չի հրաժարվել։

«Պարզապես Իրանի առաջարկը մի փոքր փոխել է և խառնել որոշ խաղաքարտեր, այդ թվում՝ արևմտյան, քանի որ Արևմուտքը դեմ է իրանական տարբերակին, հայկական տարբերակն ավելի ընդունելի է Արևմուտքին, դա է նաև պատճառը, որ որոշ շփումներից հետո կրկին վերադարձել են հայկական տարբերակին։ Սա էլ նշանակում է, որ հարկավոր է ճնշումներ բանեցնել դա ստանալու համար։ Սակայն, կարծում եմ, այսօր դա ճգնաժամային փուլում գտնվող հարց չէ, քանի որ կողմերը շփվում են և գոհ են սահմանազատման հարցում միմյանց որոշումներից, սակայն այն դեռ պետք է շարունակվի, և ցանկացած չմտածված քայլ կարող է խանգարել այս գործընթացին։ Ուստի կարծում եմ, որ այս երթուղու հարցն ակտիվ քննարկումների օրակարգ կմտնի մի փոքր ուշ»,- ասաց Արեշևը։

Նրա կարծիքով, ներկայումս Ադրբեջանի համար կարևոր է առաջիկայում հնարավոր լինի արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն ամրագրել ինչ-որ համապարփակ փաստաթղթում՝ շարունակելով չպարզաբանված հարցերի շուրջ աշխատանքը։

Արեշևի խոսքով, բացի այն, որ ապագայում, այսպես կոչված, միջանցքի հարցը բարդ է լինելու, բարդ է լինելու նաև դրա շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը, որից ադրբեջանական կողմը, նրա պնդմամբ՝ փորձում է օգտվել՝ անընդհատ մեկ այս, մեկ այն կողմի հետ տարբեր կոմբինացիաներ բանակցելով։ Սակայն դրանից, ըստ Արեշևի՝ գլխավոր նպատակը, իհարկե, չի փոխվում։

«ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ միջանցքին դեմ են, սակայն, թե կոնկրետ քաղաքական ինչ գործիքներով են դրա դեմ պայքարելու և որ գործընկ երկրների միջոցով՝ պարզ չէ։ Ամեն դեպքում այս հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում հանրային խոսույթում։ Օրինակ՝ Իրանի դեպքում նկատելի են կարմիր գծերը, իսկ Արևմուտքի դեպքում՝ ոչ։ Սակայն գործընկերներին ընտրողը Հայաստանն է, պարզապես փաստերն այդպիսին են»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս