Մեծ մտավախություն ունեմ. պետականությունն այնքան արագ կփլուզվի, որ մենք սկսելու ենք փնտրել՝ մեր «Լաչինի միջանցքը» որն է. Վահե Հովհաննիսյան
Ապրիլ 24-ին ընդառաջ՝ Թուրքիայից սպառնալիքների ու ժխտողականության հերթական տարափն ուղղվեց Հայաստանին ու հայ ժողովրդին. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ հրաժարվելով «անհիմն հիշողություններից»:
Տարիներ շարունակ կրկնվող ուրացման այս արարը, սակայն, ուներ մեկ նորամուծություն՝ Էրդողանն առաջին անգամ իր խոսքում հղում էր անում Հայաստանի իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին:
Նրա խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը. «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ»:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ այս հայտարարությունները նախ վկայումն են այն մասին, որ այսպես շարունակվելու դեպքում՝ Թուրքիան լրջագույն ազդեցություն է ունենալու ՀՀ ներքին կյանքի վրա, Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքական ու հանրային պրոցեսների վրա:
«Էրդողանի ձևակերպումը, թե ռեգիոնում փոխվել է աշխարհակարգը, պատահական չէ. դա այդ թվում նաև նշանակում է՝ ՀՀ թույլ տված կոպիտ սխալների պատճառով՝ Թուրքիայի ազդեցությունն ահռելի է տարածաշրջանում,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով,- Եթե դու խախտում ես ուժերի բալանսը, ակնհայտ մտնում ես ՌԴ-ի հետ սուր առճակատման մեջ, փնտրում ես մի այլ հովանավոր, իսկ Արևմուտքն ասում է, որ այս ռեգիոնի օպերատորը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, Թուրքիան ուղղակի անցնում է իրեն շնորհված լիազորությունների կատարմանը: Թուրքիան մտնում է մեզ համար արդեն «մեծ եղբոր» դերակատարման մեջ, և խառնվելու է ոչ միայն ՀՀ արտաքին հարցերին, այլև ներքին կյանքի՝ ընդհուպ մինչ թատրոններում բեմադրվող ներկայացումներ, եթերից տրվող այս կամ այն հաղորդումներ ու ֆիլմեր. այդ տիպի մանր հարցերով նույնիսկ՝ մտնելու է մեր կյանքը կանոնավորելու: Մենք այս վտանգի առաջ ենք»:
Վերլուծաբանը հիշեցրեց՝ Թուրքիան, շատ այլ խոշոր պետությունների նման, փոքր պետությունների կյանք մտնելու ու իրենց արժեհամակարգով «վերադաստիարակելու» փորձ ունի:
«Մենք հիմա այդ փուլում ենք. սա մեզ համար շատ կարևոր ընտրության հարց է, որը բառիս բուն իմաստով ամիսների խնդիր է՝ կամ կարող ենք կասեցնել, կամ հետո ուշ կլինի»,- հավելեց նա:
Հարցին՝ չկայի՞ն արդյոք օբյեկտիվ պատճառներ՝ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները խնդրահարույց համարելու համար, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Կային օբյեկտիվ խնդիրներ, և շատ կարևոր է՝ օբյեկտիվ խնդիրը ֆիքսելուց հետո, փորձել գտնել լուծումներ. սառեցնելը, կտրելը, սառը պատերազմ հայտարարելն այլ նպատակներ հետապնդող որոշումներ էին:
Իհարկե, ՌԴ և ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներ կային, բայց խնդիրների շուրջ աշխատելն այլ բան է, դեմարշների լեզվով խոսելը և հրաժարումը՝ այլ»:
Ըստ նրա՝ եթե ցուցադրաբար, արհեստականորեն սառեցնում ու խորացնում ես արդեն իսկ օբյեկտիվ հիմքով գոյություն ունեցող պրոբլեմը, դա այլ նարատիվ է և նշանակում է՝ «ես ուղղակի ուզում եմ քեզնից թռնել և գնալ այլ՝ ավելի այլանդակ միավորի գիրկը»:
«Սա է խնդիրը. ոչ ոք չի ասում, որ մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք: Իսկ մենք Արևմուտքի հետ խնդիրներ չունե՞նք. ապրիլի 5-ը ցույց տվեց, որ Արևմուտքը մեզ ասեց՝ ցտեսություն, կգնաս-կխոսես Թուրքիայի հետ,- ասաց վերլուծաբանը՝ ցավով արձանագրելով,- Ես մեծ մտավախություն ունեմ: Արցախի պետականության փլուզումը շատ արագ գնաց, և Հայաստանում լայն շրջանակները՝ նույնիսկ կրթված, քաղաքականապես հասուն ու գրագետ շրջանակները, չէին պատկերացնում, որ օրերի ընթացքում այդ փլուզումը կգնա: Հայաստանը գնում է այդ ճանապարհով. պետականությունն այնքան արագ կփլուզվի, որ մենք սկսելու ենք փնտրել, թե մեր «Լաչինի միջանցքը» որն է»:
Արդյո՞ք Տավուշում մեկնարկած անհնազանդության պայքարը կարող է դառնալ այս գործընթացի կասեցման սկիզբը, ինչ-որ բան կանխորոշել ապագայում՝ մեր վերջին հարցադրմանն ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը նկատեց. «Տա Աստված՝ այդպես լինի: Տավուշն ամենևին լոկալ խնդիր չէ. սա իսկապես պետականության փլուզման սկզբի խնդիրն է: Բայց այդ պրոցեսը կբերի ընդգրկուն և գրագետ լուծումների, եթե էմոցիոնալ փուլը վերածվի քաղաքական բանաձևերի: Այդ բանաձևերը կարևոր են՝ ինչպես պետության ներսում, այնպես էլ՝ հարևանների ու միջազգային հանրության համար հասկանալի լինելու տեսանկյունից, թե ինչ ենք ուզում մենք, ինչ ենք առաջարկում մենք:
Գնդակն արդեն տավուշցու դաշտում չէ. արդեն գնդակը երևանյան շրջանակների մոտ է»: