Թշնամու հեռահար նպատակն է Հայաստանն առանց հայերի. անհնար է թուրքերի հետ խաղաղ ապրել. Թագուհի Թովմասյան

«Ցավոք սրտի, Ցեղասպանության մասին պետք է խոսենք ոչ թե անցյալով, այլ ներկայով»,- այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ, ցավոք, Ցեղասպանության վտանգը չի անցել, և այսօր մենք ունենք նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք։

«Այսօր Ցեղասպանության տուն-թանգարանում մասնակցում էի մի ցուցադրության, որտեղ պատմում էին, թե կանայք ինչ դժվարությունների միջով են անցել և ինչպես են դիմացել Ցեղասպանությանը և ինչպիսի զոհողությունների են գնացել, ինչպես են կանանց թիրախավորված սպանել։ Այդ պատմություններն ինձ հիշեցրեցին բոլորովին վերջերս Արցախում տեղի ունեցածը, կանայք խոշտանգվեցին ադրբեջանական զինուժի կողմից, նրանց մարմինների վրա փորագրեցին իրենց ջոկատի անունները, այսինքն՝ ցեղասպանությունը չի ավարտվել»,- ասաց Թովմասյանը` շարունակելով, որ մենք Ցեղասպանության մասին պետք է, ցավոք սրտի, խոսենք ոչ թե անցյալով, այլ ներկայով, որովհետև ամեն պահի այդ վտանգը կախված է մեր գլխին։

ԱԺ պատգամավորը գտնում է, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի խաղաղասիրական նկրտումները ցուցադրել, այնուամենայնիվ մենք թշնամական կողմից չենք տեսնում այդ պատրաստակամությունը։ «Այսօրվա սահմանային իրավիճակը Տավուշում հենց դրա մասին է խոսում, որ թշնամին ունի հեռահար նպատակ, նրանք ուզում են մեր բոլոր պաշտպանական միջոցները կոտրել, որպեսզի իրենց վերջնական նպատակին հասնեն, այն է՝ Հայաստանն՝ առանց հայերի»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս