Ստիպված եմ արձանագրել, որ 3 տարիների արդյունքում ռուսական կոնտինգենտը կատարել է իր ֆունկցիաները, բայց ոչ՝ առաքելությունը. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սերինե Մայիլյանը նրան հարցրել է. «Պարո՛ն Աշոտյան, Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը հեռացավ Արցախից։ Սա ի՞նչ է նշանակում»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Ռուս խաղաղապահների հեռացումն Արցախից ևս մեկ մեխ է՝ խփված Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դագաղին։ Ոմանք գուցե հրճվանքով կասեն, թե՝ տեսե՛ք, Ռուսաստանը սկսում է դուրս գալ Հարավային Կովկասից, սակայն դա դատարկ պնդում է։ Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է:

Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150.000 մեր հայրենակիցների համար։ Այս քայլը նաև լրջագույն վտանգ է առաջացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգության համար Արցախում՝ Դադիվանքից, Գանձասարից, Ամարասից սկսած։

Կարդացեք նաև

Ադրբեջանի համար սա ինքնիշխանության վերականգնման ևս մեկ ցուցանիշ կմատուցեն, իսկ Աղդամում ստեղծված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդառնա մաքուր թուրքական՝ անկախ թուրքերի հայտարարությունից։ Ռուսական կողմը փորձում է ներկայացնել սեփական կոնտինգենտի դուրսբերումը՝ որպես «миссия выполнена» թեզ։ Սակայն ողջ հարգանքով Արցախի հողում իր կյանքը տված ռուսաստանցի զինծառայողների հիշատակի նկատմամբ, ողջ երախտագիտությամբ Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար, ստիպված եմ արձանագրել, որ 3 տարիների արդյունքում ռուսական կոնտինգենտը կատարել է իր ֆունկցիաները, բայց ոչ՝ միսիան, առաքելությունը։

Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանի մեղքն Արցախի կորստի և հայաթափման գործում հսկայական  և որոշիչ է, որքան էլ պաշտոնական Մոսկվան Փաշինյանին մատնացույց անի նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հրահրման հարցում, անգամ այդ դեպքում հնարավոր չէ խուսափել «ձախողում» բառից, առնվազն 2018թ.-ից հետո Նիկոլի հետ Մոսկվայից կառուցվող հարաբերությունների համատեքստում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս