«Ինքնիշխանությունը, որի մասին Փաշինյանը թմբկահարում է, ո՞րն է՝ Վարդենիսի տարածքների օկուպացիա՞ն». Դավիթ Շահնազարյան
Օրերս Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ բաց չթողեց ոչ մի մանկապարտեզ ու մանկապարտեզի խոհանոց, լոգարան, հատիկ առ հատիկ ստուգեց ամեն ինչ, հետո գնաց դպրոցներ, նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետը։ Վարդենիս այցի ժամանակ նրան ջերմորեն դիմավորեց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։
«Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանից այսօր հետաքրքրվեցինք, թե Վարդենիսի համայնքապետն արդեն դարձել է իշխանամե՞տ։
Ի պատասխան՝ նա նշեց՝ Ահարոն Խաչատրյանը պետք է պատասխանի այդ հարցին։
«Ես իմ մասով կարող եմ ասել՝ ինչպես ընդդիմադիր եղել եմ այս իշխանություններին, այնպես էլ շարունակում եմ մնալ, իմ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա ու չի կարող լինել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյան։
Նրա խոսքով՝ վարդենիսցին հաշտ չէ այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է Վարդենիսում 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանական կողմը բազմաթիվ տարածքներ է օկուպացրել։
«Վարդենիսի տարածաշրջանում՝ ՀՀ սուվերեն տարածքում, այսօր թշնամին է գտնվում, ինչպես կարելի է հաշտ լինել սեփական երկրրի տարածքների օկուպացիայի հետ։ Փաստն այն է, որ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական դիրքեր կան, չեմ կարծում, որ որևէ մեկի համար սա ընդունելի է, ու որևէ մեկը սրա հետ հաշտ է։ Այն ինքնիշխանությունը, որի մասին Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է, ո՞րն է դա՝ Վարդենիսի տարածքների օկուպացիա՞ն, հենց սա է խոսում Փաշինյանի ասած «ինքնիշխանության» մասին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Շարունակելով՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ վարդենիսցիներն այդքան էլ չեն հավատում Փաշինյանի ասած «խաղաղությանը», հատկապես, որ կան տարածքներ, որոնք օկուպացված են արդեն մի քանի տարի։
«Առհասարակ պատերազմն ու խաղաղությունն այս պահին Նիկոլ Փաշինյանը չի որոշում, այլ Ալիևը, եթե նա վաղը որոշի, որ պետք է սկսել Հայաստանի դեմ պատերազմ, նա հաշվի չի առնելու որևէ ստորագրված թուղթ, պատերազմ կսկսի։ Այսինքն՝ պատերազմ հրահրելու հեղինակն Ալիևն է, իսկ եթե մենք խաղաղություն ենք ուզում, ուրեմն՝ պետք է հզորանանք, հզոր բանակ ունենանք։
Ցավոք, այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր երկրի դիվանագիտությունը չի աշխատում, նույնիսկ դիվանագիտական հարթակներում չեն կարողանում կամ չեն ուզում բարձրացնել մեր եկեղեցիների ավերումն ու ոչնչացումը, որոնք մնացել են օկուպացված Արցախում։ Ադրբեջանն ավերում է մեր եկեղեցիները, մեր հուշարձանները, իսկ ՀՀ իշխանությունը դրա մասին անգամ չի բարձրաձայնում, այս ամենից հետո իրենք ի՞նչ խաղաղության երաշխավոր են»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականից հետո, Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ գյուղեր հայտնվել են Ադրբեջանի թիրախում՝ շատ դեպքերում Ադրբեջանը թիրախավորում է կոնկրետ գյուղերը, ինչպես արել էր 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։



