Հարցի վերաբերյալ ունենք մեկ տեսակետ, եթե հայկական կողմը տարածքներ է զիջելու, Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի օկուպացրած հայկական տարածքները. Նոյեմբերյանի փոխհամայնքապետ

Այս շաբաթ խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե չցեղասպանվելու և  իրական Հայաստանի խնդիրները լուծելու համար պետք է հրաժարվել պատմական Հայաստանից։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, իրական Հայաստանն այն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և միջազգայնորեն ճանաչված սահմաններ ու այս փաստի գիտակցումով՝ միջազգային հանրության լիարժեք ու հարգարժան անդամի ինքնագիտակցություն:

«Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քկմ տարածք ունեցող երկիրն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև անդրադարձել է Տավուշի մարզից թշնամուն տարածքներ զիջելու հարցին, ընդգծելով՝ այն, ինչը Հայաստանինն է, մնալու է Հայաստանին, իսկ այն, ինչը Ադրբեջանինն է՝ վերադարձվելու է  Ադրբեջանին։

Մարտի 18-ին Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոսեց Ադրբեջանին տարածքներ տալու մասին, խոսքը Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից երկու գյուղերի մասին է, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների՝ հայկական չեն։

Կարդացեք նաև

168.am Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Սամվել Բուդաղյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունեն այս բոլոր հայտարարությունների վերաբերյալ, քանի որ նշված բնակավայրերը  գտնվում են Նոյեմբերյանի համայնքում։

«Իմ մեկնաբանությունը նույնն է, ինչ մեր համայնքապետի մեկնաբանությունը նույն այս թեմայի հետ կապված։ Այն, ինչը մեր համայնքի ղեկավարն ասել է, համարեք, որ նույն կարծիքն էլ ես ունեմ, չկրկնվեմ։ Հարցի վերաբերյալ ունենք այդ մեկ տեսակետը»,- ասաց Նոյեմբերյանի փոխհամայնքապետը։

Ավելի վաղ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ, Նոյեմբերյանի համայնքապետը հայտնել էր, որ իրենց դիրքորոշումը հայտնել են նրան՝ ներկայացնելով պահանջներ, առաջարկներ, ասելով, որ եթե այդ պահանջները կարողանում են կատարել, թող կատարեն, իսկ եթե ոչ՝ ապա կհասկանան, թե լրացուցիչ ինչ քայլերի են դիմելու։

Պահանջներից մեկը միակողմանի զիջումների չգնալն է, այսինքն, եթե հայկական կողմը տարածքներ է զիջելու, ապա Ադրբեջանն էլ իր հերթին՝ պետք է վերադարձնի 90-ականներին օկուպացրած հայկական տարածքները։

Տեսանյութեր

Լրահոս