«Թող խոսեր, ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր». Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանրային տրանսպորտում երեկ իր և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ երիտասարդն անցել է բոլոր սահմանները, հետևաբար՝ օրենքի առաջ պետք է պատասխան տա։
Եվ իր տեսակետը հիմնավորելու համար Հակոբ Ասլանյանը հղում կատարեց երեկ համացանցում շրջանառվող տեսանյութին, որից, ըստ նրա, ամեն ինչ պարզ երևում է։
«Ես բարձրացա, որպեսզի վճարեմ վարորդին և իջնեմ, բայց ինքը իմ ճանապարհը փակում ու սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որն ասելու չէ։ Նույնիսկ այդ պայմաններում ես իրեն ասացի՝ ճանապարհ տուր, ես իջնեմ, բայց չի թողնում, այդ ժամանակ ես իրեն հրում եմ, որ իջնեմ»,- նշեց Հակոբ Ասլանյանը։
Լրագրողի հիշեցմանը՝ երբ Ալեն Սիմոնյանը թքում էր քաղաքացու երեսին, ասում էր, թե էմոցիոնալ պոռթկում եմ ունեցել, դա էլ այդ երիտասարդ քաղաքացու էմոցիոնալ պոռթկումն է եղել, պատգամավորը հակադարձեց, թե դա էմոցիոնալ պոռթկում չէր, այլ հստակ, կանխամտածված մոտեցում։
«Ես ինձ համար հանգիստ նստած եմ, գալիս եմ, որ կանգառում իջնեմ, ինքն իմ դեմը փակում է։ Ես նույնիսկ իր փաստաբաններին եմ ասել, ասում են՝ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, ասում եմ՝ բայց ձեր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը։ Չի կարելի այդպես՝ ես այսինչ բանի իրավունքն ունեմ, բայց ես ինչի՞ իրավունք ունեմ։ Նույնիսկ, եթե խոսքի ազատության տեսանկյունից նայենք, նա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանել՝ նշանակում է մտնել իմ սեփական տարածք։ Ասում են՝ Եվրոպայում պապարացիները նկարում են, ասացի՝ դրա համար էլ նրանց գլուխը ջարդում են։ Թող խոսեր, ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»,- շեշտեց նա։
Լրագրողի հաջորդ դիտարկմանը՝ բայց Հակոբ Ասլանյանը սովորական քաղաքացի չէ, այլ պատգամավոր է և պետք է հանդուրժող լինի նաև նման դրսևորումների դեպքում, պատգամավորը վստահեցրեց, թե ինքը հանդուրժող է։
«Ես իրեն ասացի՝ թող ես անցնեմ, չեմ ուզում իր հետ խոսակցություն։ Դա ուղղորդված դեպք էր»,- ասաց նա։
Հարցին՝ ո՞ւմ կողմից էր ուղղորդված, ավտոբուսի վարորդի՞, Հակոբ Ասլանյանը պատասխանեց, թե երիտասարդն ուղղորդված է եղել «իրենց կողմից», իսկ թե ովքեր են «իրենք»՝ հարցի պատասխանը չտվեց, միայն ասաց, որ երիտասարդին չի հարվածել, միայն հրել է մի կողմ, որպեսզի անցնի։
« Օրենքը պետք է գործի բոլորի համար։ Ես իրավապահներին դիմելու մտադրություն չունեի, ես դա չէի հանրայնացնի, եթե այդ երիտասարդն այն չգցեր համացանց։ Ինձ դրանից հետո զանգել են Քննչականից, ասել են, որ հրավիրում են, որովհետև ճշտել են ամբողջ միջադեպը։
Նման դեպքեր շատ քիչ են լինում ինձ հետ, երեք տարվա մեջ երեք դեպք էլ չկա: Երիտասարդի հետ առերսում եղել է»,- եզրափակեց Հակոբ Ասլանյանը։
Հիշեցնենք՝ երեկ Սամվել Վարդանյանի և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև հանրային տրանսպորտում վեճ էր ծագել, ինչից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր։ Պատճառն իշխանությունների կողմից Հայաստանի տարածքների հանձնելն է եղել, որի դեմ բողոքել էր երիտասարդը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում