«Հայտարարում եմ՝ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ներկայացրել էր հայտարարության տեքստ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ։

«Այդ հայտարարության շուրջ տեղի ունեցան լսումներ, որոնք ապահովեցին հանրային ընդդիմադիր դաշտի գրեթե ամբողջական կոնսոլիդացիա՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի շրջանում։ Հատկանշական է մեկ փաստ, որ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից այս գործընթացի նախաձեռնումից մինչև լսումներ ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ՝ մեր երկրի համար վտանգավոր, իսկ որոշ դեպքերում՝ նաև անդառնալիությամբ վտանգավոր իրադարձություններ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ նույնիսկ հայտարարության տեքստը ներկայացնելուց հետո մինչև այս պահն արդեն իսկ տեղի են ունեցել հակաժողովրդական գործընթացներ, նոր ռեպրեսիոն ավելի ուժգին պրոցեսներ, նույնիսկ՝ դատավաճիռներ։

«Հենց այս պատճառով ենք ասում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն անհրաժեշտ է իրականացնել օր առաջ։ Դրա համար միակ գործիքն իմպիչմենտն է, որի հիմնական ուժը, այն հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է՝ փողոցային պայքարով։ Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Նա նաև հիշեցրեց՝ հունիս 7-ին, երբ նախաձեռնում էին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր, սակայն սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած լսումների և հոկտեմբերի 8-ին արդեն ձևաթղթի տակ կա 34 պատգամավորի ստորագրություն։

«Նախորդ շաբաթ ես հանդիպել եմ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ քննարկելու իմպիչմենտի գործընթացը և Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մասնակցությունն այդ գործընթացին։ Այս պահին կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմպիչմենտի գործընթացին, և քննարկումները շարունակվում են»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս