Եթե այն ժամանակ ասվեր՝ «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին, ընտրի՛ր Նիկոլին» ես գուցե չգնայի․ Փաշինյանն այսօր սարսափում է չվերընտրվելուց․ Հակոբ Ասլանյան

Փաշինյանի՝ եկեղեցու շուրջ գեներացվող օրակարգը, ըստ նախկին ՔՊ-ական, այսօր արդեն անկախ պատգամավոր  Հակոբ Ասլանյանի՝ մեկ նպատակ ունի՝ վերընտրվել:

168am-ի հետ զրույցում Հակոբ Ասլանյանը մասնավորապես նշեց․ «Նա այսօր սարսափում է չվերընտրվելուց․ գիտի, որ պատասխան է տալու իր սխալ կառավարման համար։

Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակցությունը պետական մտածողությունից այնքան հեռու են, որ ասելու չէ։ Իրենք շարժվում են այսօրվա անհրաժեշտության ձևերով և հենվում են մեր ժողովրդի մի մասի քաղաքական անհասության վրա»:

Հարցին՝ Դուք դա ե՞րբ նկատեցիք, երբ արդեն խմբակցությունից չէի՞ք, նա պատասխանեց, որ դա ավելի վաղ է նկատել և բազմիցս փորձել է դրան հակադրվել ներսում։

Կարդացեք նաև

«Հետո եկավ մի շրջան, երբ այլևս հնարավոր չէր, և դուրս գալուց ես առաջին հարցազրույցում ասացի՝ շնորհակալ եմ ՔՊ-ին, որ իրենք Ասլանյանին վերադարձրին Ասլանյանին։

ՔՊ-ում եղած ժամանակ, բնական է, որ ես ցավեր եմ ապրել, բայց ներսից փորձել եմ ուղղորդել, հասկացնել, որ սխալ ենք գնում։ Գիտե՞ք՝ ինչ ցավալի է, երբ դու երկակի ես ապրում, երբ դու զգում ես՝ ինչ է պետք, ինչպես պետք է խոսես, բայց ստիպված ես լինում այլ բան խոսել։

Ես այնտեղ գիտեմ մարդկանց, որոնք որևէ քաղաքական գործչի կյանք չեն ուսումնասիրել»,- մանրամասնեց պատգամավորը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավորությունն անտարբերության հաղթահարումն է․ քաղաքացիները պետք է գնան ընտրության։

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սահմանադրությունը փոխել՝ Ալիևի պահանջով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է զինանշանը փոխել, նա նույն հարթության վրա է դնում փախստականների հարցը։ Մինչդեռ չկա նման բան․ Հայաստանից ադրբեջանցիները փախստական չեն դարձել։ Ադրբեջանցիները ստացել են իրենց բոլոր տեսակի փոխհատուցումները․ մենք նրանց ճանապարհել ենք։ Նիկոլ Փաշինյանը չի ասում՝ փախստականները չկան, ես ունեմ թղթեր, թե ինչքան է Հայաստանը վճարել այդ բոլոր գնացողներին։ Իսկ Ադրբեջանից փախածներն իսկապես փախստականներ են։

Արևմտյան Ադրբեջան, Արևմտյան Հայաստան թեզերը․․․ ինչո՞ւ չես հրավիրում պատմաբաններին, Նիկոլ Փաշինյան, ասում եմ՝ դեմա՛րշ արեք, հրապարակեք հոդվածները, որ իրականում Ադրբեջանն ընդամենը 100 տարվա պետություն է, որ Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության մեջ անգամ «Ադրբեջան» չի գրված, այլ  «սովետական թուրքեր», կամ «կարմիր թուրքեր»։ Բա ինչո՞ւ չես անում, եթե քեզ պետականամետ մարդ ես փորձում ներկայացնել։

Նույնը և «անկլավ»-ների մասին․ Հայաստանը մինչ օրս չի ասել՝ եթե պահանջում ես անկլավները, ապա ցույց տուր այն իրավական թղթերը, որոնք ապացուցում են, որ դրանք ադրբեջանական հողեր են․ եթե այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, չի նշանակում, որ ադրբեջանական հող է։ Հողն ապացուցվում է թղթով, հո հայտարարություններո՞վ չէ։ ․․․Ինչո՞ւ գերիները չեն վերադառնում»,- հավելեց Հակոբ Ասլանյանը։

Պատմաբանի Ձեր փորձը, Ձեր հանրային փորձառությունը 2018 թվականին չէ՞ր հուշում, որ այս տեսլականին ենք բախվելու՝ հետաքրքրվեցինք նախկին ՔՊ-ականից։

Նա ի պատասխան՝ ցավով արձանագրեց․ «Ես շատ եմ ափսոսում, որ ինքս հավատացել եմ հեղափոխության պաթետիկ վիճակին։ Մի բան էլ ասեմ՝ ես միջազգային դպրոցում էի աշխատում ավելի բարձր աշխատավարձով, քան եկա պետական ծառայության․ ես դա՛ էլ զոհեցի։

Այո՛, ես հավատացել եմ, որ հեղափոխությունը պետք է շարունակվի։

Նիկոլ Փաշինյանը հեղափոխության սկզբում ժողովրդին տարել է հետևյալով՝ «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին», բայց եթե այն ժամանակ ասվեր՝ «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին, ընտրի՛ր Նիկոլին» ես գուցե չգնայի, որովհետև ես ամենասկզբում Նիկոլին չէի հավատում։ Բայց հետո, երբ Սերժ Սարգսյանը արդեն հրաժարական էր տվել, ժողովուրդը հրապարակում գոռաց՝ Նիկո՛լ վարչապետ, ես մտորումների մեջ ընկա, բայց ասացի՝ գուցե լավ կլինի․․․ Բայց լավ չեղավ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս