Բազմավեկտորությունն ու արևմտամետությունը տարբեր երևույթներ են. Սիմոնովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Լինելով ԵԱՏՄ կազմում՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես հնարավորինս փորձում է «հեռավորություն» պահպանել այդ կառույցից։ Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում նա նշել է, որ ԵԱՏՄ տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։

«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և հատկապես՝ աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ»,- ասել է Փաշինյանը՝ շարունակելով, թե ՀՀ-ն շարունակում է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, դա, ըստ նրա, կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի: «Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում»,- շեշտել է նա։

Ամիսներ առաջ ևս Ռուսաստանում ԵԱՏՄ հերթական միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ ԵԱՏՄ-ն չպետք է ունենա աշխարհաքաղաքական բաղադրիչ։

Կարդացեք նաև

168am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ նման հայտարարությունները տարօրինակ են, քանի որ ԵԱՏՄ գործունեության բնույթը չի փոխվել, ԵԱՏՄ հիմնադիրներն այն փոփոխելու հավակնություններ չեն ներկայացրել՝ փորձելով շարունակել բնականոն աշխատանքը։

Ըստ նրա, ՌԴ-ն ԵԱՏՄ իր գործընկերներին չի փորձել ներքաշել աշխարհաքաղաքական իր պայքարի շրջանակ, և ստացվել է, որ միայն Բելառուսն է, որը որպես գործընկեր՝ անխտիր բոլոր հարցերում աջակցում է ՌԴ իշխանություններին։

Սակայն, վերլուծաբանի կարծիքով, ՌԴ-ում այս երևույթը բնական են համարում, և աշխարհաքաղաքականացման լուրջ փորձեր չեն եղել։

«Սակայն, երբ անակնկալ կերպով սկսվում են այս կառույցում քաղաքական բաղադրիչը բացառելու անհրաժեշտության մասին հայտարարություններ հնչել, նշանակում է, որ դրանք նախատեսված են ծառայելու ինչ-որ բանի։ Այս դեպքում, ըստ իս, այս ամենն արևմտյան լսարանի համար է, ումից ՀՀ իշխանությունները որոշակի ակնկալիքներ ունեն։ Ի սկզբանե ԵԱՏՄ-ն եղել է տնտեսական կառույց, սակայն, իհարկե, տնտեսությունը կապվում է քաղաքականության միջոցով, ուստի լիովին բացառել քաղաքականությունը՝ մեծ ցանկության դեպքում, չի հաջողվի»,- ասաց վերլուծաբանը։

Նա նաև գտնում է, որ նման հայտարարություններ արվում են նրա համար, որովհետև ՀՀ-ն դեռ չի ծրագրում լքել ԵԱՏՄ-ն, սակայն, որպեսզի դա ընկալելի լինի Արևմուտքում, պետք է հայտարարել, որ դեմ են դրա քաղաքականացմանը։

Ինչ վերաբերում է Ղազախստանի ու Հայաստանի նմանություններին (իբրև թե նմանությունները Ռուսաստանի հանդեպ Ղազախստանի դիրքավորման հետ), ապա, Սիմոնովի դիտարկումների համաձայն, ՀՀ իշխանությունների համեմատությունները խիստ չափազանցված են, քանի որ Ղազախստանն արևմտամետ երկրի դիրքորոշում չի ստանձնել, չի արել այնպիսի հայտարարություններ, ինչ Հայաստանում են արվում։

«Հասկանալի է, որ ավելի հեշտ է իրագործել քաղաքականությունը հատկապես նման բարդ հարցերում և նմանություններ գտնել Ղազախստանի քաղաքականության հետ, սակայն Ղազախստանն այլ բան է անում, իսկ ՀՀ-ն «քայլում է» դեպի Արևմուտք՝ մինիմումի հասցնելով ՌԴ-ի հետ կապերը. դրանք տարբեր երևույթներ են։ Ղազախստան-Հայաստան արտաքին քաղաքական համեմատություններն անտեղի են, քանի որ խոսքն ամեն ինչով միմյանցից տարբեր, տարբեր ռեգիոններում, տարբեր խնդիրներ, առաջնահերթություններ, շահեր, անվտանգություն ունեցող երկու երկրների մասին է։ Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա անցած տարվանից Ղազախստանն ամրապնդել է իր բազմավեկտոր քաղաքականությունը՝ հայտարարելով Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների պահպանման մասին։

Բազմավեկտորությունը Ղազախստանն ամրապնդում է, որոշակիորեն փոխելով վերջին տարիների իր արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, խորացվում են հարաբերությունները միջինասիական երկրների ու Թուրքիայի, Ադրբեջանի, Չինաստանի հետ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս