Արևմտամետ ընդդիմությունը Հայաստանում դատապարտված է պարտության. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի համար դարձավ շրջադարձային՝ բացասական իմաստով, հետևապես՝ ապրիլի 5-ը Հայաստանի համար ունենալու է այն նույն նշանակությունը, որն ունեցավ Պրահան՝ Արցախի ճակատագրի համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով բրյուսելյան՝ Փաշինյան-Ֆոն Դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանը և դրա արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Բենիամին Մաթևոսյանը շեշտեց նաև, որ խնդիրը ոչ թե Հայաստանին տրված փողի չափն է, այլ այն, որ Ադրբեջանն արձանագրեց՝ անվտանգային առումով Փաշինյանի հետ հանդիպած մարդիկ որևէ անվտանգային օգնություն չեն հատկացնելու Հայաստանին։

Ինչ վերաբերում է Հայաստանին հատկացվող գումարի չափին՝ ԵՄ-ից՝ 270 մլն եվրո, և ԱՄՆ-ից՝ 65 մլն դոլար, Մաթևոսյանը խորհուրդ տվեց գումարի շատն ու քիչը մի կողմ դնել և պատասխանել հարցին՝ ո՞րն է գումարի այն չափը, հանուն որի՝ Հայաստանի պետականությունը կարելի էր տանել կառափնարան։

«Իսկ եթե ուզում եք խոսել գումարի չափի մասին, ապա ստացվում է՝ Ալիևն Արցախը գնահատել է 5 միլիարդ դոլար, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը Փաշինյանի ղեկավարած Հայաստանը գնահատեցին ընդամենը 335 մլն։ Ահա այն ամենը, ինչը պետք է իմանան այն մարդիկ, որոնք կարծում էին, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր։ Դե հիմա հասկացեք, թե աշխարհաքաղաքական առումով ինչի՞ շնորհիվ էինք մենք հետաքրքիր, ինչի՞ շնորհիվ էինք կարողանում գեներացնել այդքան անվտանգություն, որից օգտվում էինք և՛ մենք, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը։ Այս թվերը թող մարդիկ դնեն իրար կողքի և անեն հետևություններ»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ հիշեցնելով՝ Բրյուսելում ոչ մի խոսք չասվեց Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ և փաստացի ցույց տվեցին, որ Հայաստանին չեն աջակցելու անվտանգային ռիսկերը կառավարելու հարցում։

Կարդացեք նաև

«Սա նշանակում է, որ Հայաստանին փող են տվել ընդամենը շիզոֆրենիայի աստիճանի հասնող հակառուսականությունը նոր թափով շարունակելու համար»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հակառուսականությունը Փաշինյանին պետք է Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց հանելու և ուղիղ Թուրքիայի ենթակայությանը հանձնելու համար։

«Նա Հայաստանն ինտեգրում է թուրքական աշխարհին, որտեղ Արցախը հանձնելու համար իրեն ոչ թե պատասխանատվության կենթարկեն, այլ կարժանացնեն Նոբելյան մրցանակի»։

Իսկ հակառուսականություն գեներացնող, իբրև թե, Փաշինյանին ընդդիմադիր գործիչներին, որոնց նպատակն է արտահերթ ընտրությունների միջոցով հասնել խորհրդարան, Մաթևոսյանը բնորոշեց պարտության դատապարտված։

«Արևմտամետ ընդդիմությունը Հայաստանում դատապարտված է պարտության, որովհետև չի կարող այդ ընդդիմությունը հույս ունենալ, որ Արևմուտքն իրենց կսատարի և կբերի իշխանության մի բանի համար, որը բոլորից լավ անում է Փաշինյանը։ Արևմուտքի համար Հայաստանում Նիկոլից ավելի Նիկոլ լինել հնարավոր չէ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս