Երբեք այնքան դժվար չի եղել լրագրողների և խմբագիրների համար աշխատելը, որքան նախկին խմբագրի իշխանության օրոք․ Արմինե Օհանյան
Երբեք այնքան դժվար չի եղել լրագրողների և խմբագիրների համար աշխատելը, որքան նախկին խմբագրի իշխանության օրոք։ Իրավիճակը բոլոր առումներով է բարդացել՝ և՛ հոգեբանական ճնշումների, և՛ դատական գործերի, և՛ ուղղակի մարդու նյարդերի հետ խաղալու։ Այս իշխանությունն այդպիսի քաղաքականություն է վարում։ Այդ թիմի առաջատար անձինք իրենց գրառումներով ու ելույթներով անընդհատ անդրադառնում են լրատվամիջոցներին, թիրախավորում խմբագիրներին և լրագրողներին, կարծես այս երկրում ուրիշ խնդիր չկա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Լրագրողներն իմունիտետ ունեն այսպիսի վիճակներում աշխատելու, դրանք հաղթահարելու կամ արհամարհելու։ Ինչ-որ մի փուլից սկսած՝ կարծես ընդդիմությունը մղվեց հետին պլան, և լրագրողներն ու խմբագիրները եկան առաջին պլան՝ որպես պայքարի մարտիկներ, երկրի համար ցավող մարդիկ։ Հասարակությունը բարեբախտաբար սկսեց դա գնահատել, դրան արձագանքել, արժևորել լրագրողների աշխատանքը՝ անկախ նրանից, որ լրագրողական միջավայրում էլ կան բավականին մերժելի երևույթներ, ցածր որակի լրագրություն, նաև մարդիկ, որոնք վարկաբեկում են մեր դաշտը»,- ասաց խմբագիրը:
«Լրագրողական համայնքն այսօր կազմված է հայրենիքին նվիրված, երկրի համար ցավող մարդկանցից։ Օրինակ, երբ սկսվեց եկեղեցու դեմ այս արշավը, լրագրողական համայնքը համախմբված, միահամուռ և հստակ արձագանքեց այդ գործընթացին՝ ցույց տալով, որ այդ գաղափարը ոչ միայն հասարակությունն է մերժում, այլև հենց լրագրողներն են բացասաբար վերաբերվում դրան։ Հայ լրագրողները ձգտում են ծառայել ոչ թե քաղաքական ուժերին, այլ քաղաքացիական արժեքներին, հայ լինելուն, հայապահպանության խնդիրներին։ Երբ դու հասկանում ես, որ քո կեցվածքը, գործունեությունը, խոսքը ինչ-որ դեր է խաղալու, գործընթաց է գեներացնելու, ստիպված ես լրագրության կանոնները դնել մի կողմ»,- նշեց Օհանյանը:
Հասարակական գործչի պնդմամբ՝ էթիկայի կանոնագրքերի կեղծ արժեքները կարելի էր պահպանել, երբ երկիրն այս վիճակում չէր, այսքան մարտահրավերներ չկային, մենք գերիներ չունեինք Բաքվում, Արցախը կորսված չէր, եկեղեցու նկատմամբ վայրագ հարձակում չէր իրականացվում.

«Մեր ինքնությանը, պետականությանը, ապագային ուղղված լուրջ վտանգներ կան։ Կան իշխանության հետ փոխկապակցված ՀԿ-ներ, որոնք ընդամենը քարոզիչներ են, կերակատաշտին մոտեցած մարդկանց խումբ, ու թեև ներկայանում են մամուլի անունից, իրականում ոչ մի կապ չունեն լրագրողական դաշտի հետ։ Նրանք միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել այս 30 տարվա ընթացքում, բայց իրենք ինչո՞վ են նպաստել ազատ խոսքի կայացմանը, միայն խանգարել են, վնասել»:
«Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան կոչվածն անընդհատ գրում է՝ լրատվամիջոցները, լրագրողական դաշտը կործանվում են։ Ա՛յ կործանվածներ, դուք երկիր եք կործանում, դուք ձե՛ր մասին մտածեք։ Մի հրապարակումը լավը կլինի, մյուսը՝ վատը, մեկն անթերի կլինի, մյուսը թերություն կունենա, դա ի՞նչ կապ ունի։ Դուք ի՞նչ գործ ունեք մամուլի հրապարակումների հետ»,- ասաց Արմինե Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
