Ինչո՞ւ է առաջանում երկաթի, վիտամին B12-ի, ֆոլաթթվի դեֆիցիտ, սառույց, կավ, թուղթ ուտելու ցանկություն, ո՞ր դեղերն են առաջացնում սակավարյունություն

Անեմիան մի վիճակ է, երբ մարդը չունի բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջներ, որպեսզի թթվածին տեղափոխեն մարմնի հյուսվածքներ։ Դեֆիցիտային անեմիաների մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, արյունաբան Հայկ Գրիգորյանի հետ։

 – Բժիշկ, օրգանիզմում քանի՞ տեսակի արյան բջիջ է արտադրվում, ի՞նչ ասել է՝ արյան կարմիր բջիջ։

– Արյան ձևավորող տարրերը երեքն են՝ էրիթրոցիտներ կամ արյան կարմիր բջիջներ, լեյկոցիտներ և տրոմբոցիտներ։ Լեյկոցիտների մի քանի տեսակ ևս առանձնացնում են։ Դրանց մեջ մտնում են հատիկավոր լեյկոցիտները, որոնց պատկանում են նեյտրոֆիլները, էոզինոֆիլները և բազոֆիլները։ Ոչ հատիկավոր լեյկոցիտներին պատկանում են լիմֆոցիտները և մոնոցիտները։ Արյան բջիջներն առաջանում են արյունաստեղծ հիմնական հյուսվածքում՝ կարմիր ոսկրածուծում, որը հիմնականում տեղակայված է մեր տափակ ոսկրերում։

– Երբ ասում ենք՝ մարդն ունի երկաթի դեֆիցիտ, ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս է այն առաջանում։

Կարդացեք նաև

– Տարբեր հաշվարկներով երկրագնդի բնակչության շուրջ քառորդի մոտ առկա է սակավարյունություն, և այդ մարդկանց կեսի մոտ այն պայմանավորված է երկաթի անբավարարությամբ։ Դրա հետ առնչվում են մասնավորապես կանայք, երեխաները և ցածր տնտեսական զարգացում ունեցող երկրների բնակիչները, ուստի հանրային առողջապահության կարևորագույն նպատակներից է երկաթի անբավարարության կանխարգելումը և բուժումը։ Առողջ, չափահաս մարդու օրգանիզմում միջինում 4-4,5 գրամ երկաթ է առկա․ տղամարդու մոտ՝ մոտավորապես 4-5 գրամ, կնոջ մոտ՝ 3-4 գրամ։ Առողջ նորածնի օրգանիզմում մոտավորապես 75 միլիգրամ երկաթ է պարունակվում։ Երկաթի մեծ մասը՝ մոտավորապես 75 տոկոսը, գտնվում է հեմոպրոտեինների, այսինքն, հեմոգլոբինի և միոգլոբինի կազմի մեջ։ Երկուսն էլ թթվածնակիր սպիտակուցներ են։ Հեմոգլոբինը թթվածինը տեղափոխում է հյուսվածքներ, իսկ նյութափոխանակության հետևանքով առաջացած ածխաթթու գազը՝ թոքեր։ Այսինքն, իրականացնում է շնչառության հիմնական գործառույթը՝ հյուսվածքներին թթվածնի մատակարարում և ածխաթթու գազի հեռացում։ Ինչ վերաբերում է երկաթի մնացած մասին, ապա դրանք գտնվում են պահեստներում՝ առավելապես լյարդի, փայծաղի, ոսկրածուծի մոնոցիտ-մակրոֆագար բջիջներում։

Երկաթի օրական պահանջը չափահաս մարդու մոտ սննդի միջոցով մոտավորապես 18 մգ է։ Սակայն ամբողջ երկաթը չէ, որ աղիներից ներծծվում է արյան մեջ։ Տեղի են ունենում նաև օրգանիզմից երկաթի կորուստներ։ Տղամարդկանց և ոչ վերարտադրողական տարիքի կանանց մոտ երկաթի ֆիզիոլոգիական կորուստները տեղի են ունենում մեզի, քրտինքի, մաշկի թեփոտվող էպիթելի և կղանքի միջոցով։ Այդ ուղիներով երկաթի կորուստը չի գերազանցում օրական 1մգ-ն։

Ինչ վերաբերում է վերարտադրողական տարիքի կանանց, ապա երկաթի վերը նշված կորուստներին նրանց մոտ ավելանում են նաև դաշտանային արյունահոսությունների, հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրման ժամանակ դիտվող կորուստները։ Այսինքն, բարձրանում է սակավարյունության հավանականությունը։ Եթե հաշվի առնենք, որ նորմայում դաշտանային արյունահոսության ծավալը 30-60 միլիլիտր է, իսկ 1 մլ արյան միջոցով կորսվող երկաթի քանակությունը մոտավորապես կես միլիգրամ է, ապա նման ծավալով արյան կորստի դեպքում երկաթի կորուստը կկազմի մոտ 15-30 մգ։ Լիարժեք սնուցման, երկաթի դեֆիցիտի այլ պատճառների բացակայության դեպքում կանանց մոտ համեմատաբար ցածր կլինի երկաթի դեֆիցիտը։ Այլ է՝ երկարատև և առատ դաշտանի դեպքում։

Որո՞նք են ախտանշանները, ինչպե՞ս մարդը հասկանա, որ ունի երկաթի դեֆիցիտ։

– Ախտանշաններից են՝ ընդհանուր թուլությունը, աշխատունակության անկումը, մտավոր գործունեության թուլացումը, հիշողության անկումը, քնկոտությունը, գլխացավը, գլխապտույտը, աչքերի առջև մթագնումը, հևոցը, օդի անբավարարության զգացումը, սրտխփոցը, ուշագնացության էպիզոդները, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատությունը։ Սակայն այս գանգատները բնորոշ են ոչ միայն երկաթի դեֆիցիտի դեպքում, այլև ցանկացած սակավարյունության։ Նշեմ, որ երկաթի անբավարարությունը սկզբում չի դրսևորվում սակավարյունությամբ։ Մնացած գանգատները պայմանավորված են հյուսվածքներում երկաթի անբավարարությամբ։

Կան երկաթ-պակասորդային ախտանիշներ, օրինակ՝ այսպես կոչված, «պիկա»-ն, որը սնունդ չհանդիսացող նյութեր ուտելու հակումն է։ Տերմինն առաջացել է լատիներեն «պիկա» բառից, որը նշանակում է կաչաղակ։ Թռչունը հայտնի է ոչ սննդային առարկաներ հավաքելով։ Սա կարող է դրևորվել այնպիսի նյութեր ուտելու հատկությամբ, ինչպիսին հողն է, մոխիրը, ածուխը, ցեխը, կավը, կիրը, կավիճը, սուրճի մրուրը, թղթե արտադրանքները, այդ թվում՝ պատի պաստառը, ստվարաթուղթը, զուգարանի թուղթը, օսլա ուտելու մեծ ցանկությունը, հում բրինձը, մակարոնեղենը, ինչպես նաև սառույց ուտելու մեծ ցանկությունը։ Հղիության ժամանակ «պիկա»-ն կարող է սխալ գնահատվել և չկապվել երկաթի դեֆիցիտի հետ։

Նշեմ, որ «պիկա»-ն կարող է հանդիպել նաև կապարով թունավորումների, ցինկի անբավարարության դեպքում։ Երկաթի դեֆիցիտի ախտանշաններից է նաև ճակնդեղ ուտելուց հետո մեզի կարմիր երանգ ստանալը։ Դա պայմանավորված է ճակնդեղում պարունակվող բետալին գունանյութով, որը երկաթի իոնների ազդեցությամբ նորմայում գունազրկվում։ Այսինքն, օրգանիզմում երկաթի նորմալ քանակության դեպքում գունանյութը գունազրկված է և մեզին այլ երանգ չի հաղորդում։ Երկաթի դեֆիցիտի պայմաններում բետալինը չի գունազրկվում, և մեզը դրանից կարմրում է։ Հետաքրքիր է նաև անհանգիստ ոտքերի համախտանիշը, երբ ոտքերը շարժելու տհաճ ցանկություն է առաջանում։ Այս ախտանիշը կարող է հանդիպել նաև նյարդային հիվանդությունների, քնի խանգարումների, հղիության ժամանակ։ Երկաթի դեֆիցիտին բնորոշ է նաև հոտառության խեղումը, երբ հիվանդին դուր է գալիս բենզինի, ացետոնի, մազութի, մեքենայի արտադրած գազերի հոտը։ Երբեմն հակում են ունենում կծու, թթու, աղի սննդի նկատմամբ։ Չեն կարողանում միս և ձուկ օգտագործել։ Հետաքրքիր ախտանշաններից է նաև բերանի անկյունների ճաքը, լեզվի բորբոքումը։ Տարածված է մաշկի չորությունը, մազաթափությունը, եղունգների շերտավորումը, երբեմն՝ գդալաձև տեսք ստանալը։

– Հնարավո՞ր է երկաթի դեֆիցիտը վերականգնել սննդի միջոցով, թե՞ անպայման դեղորայք է պետք օգտագործել։

– Երկաթի դեֆիցիտի հիմնական պատճառն օրգանիզմից արյան կրկնվող կորուստն է՝ երբեմն երկարատև և ոչ առատ։ Կանանց մոտ հիմնական պատճառը երկարատև և առատ արգանդային արյունահոսություններն են․ դաշտանային, արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսությունը, միոմաները, արգանդի չարորակ նորագոյացությունները, ներարգանդային պարույրը։ Իսկ ոչ վերարտադրողական տարիքի կանանց ու տղամարդկանց մոտ հիմնական պատճառը ստամոքս-աղիքային համակարգից դիտվող քրոնիկ արյան կորուստներն են, այդ թվում՝ լնդային արյունահոսությունները, արյունահոսող թութքը, խոցային հիվանդությունը, պոլիպները, պարազիտար հիվանդությունը։ Ստամոքս-աղիքային համակարգի քրոնիկ արյունահոսության պատճառ կարող է լինել նաև ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Սպորտով ակտիվ մարզումները թաքնված արյան առաջացմանը կարող են նպաստել, որը պայմանավորված է ստամոքսի և աղիների լորձաթաղանթի վնասմամբ։ Քրոնիկ են նաև հեմոդիալիզի ժամանակ արյան կորուստները։ Համաձայն հետազոտության՝ մեկ տարում հեմոդիալիզ ստացող մարդը կարող է կորցնել մոտ 2 գրամ երկաթ, որն առանց երկաթի պրեպարատների օգտագործման բարձրացնում է անեմիայի հավանականությունը։ Երկաթի դեֆիցիտը հնարավոր չէ լրացնել սննդի միջոցով։ Անկախ նրանից, թե սնունդը որքան երկաթ է պարունակում, աղիների կողմից ներծծվող երկաթի առավելագույն քանակը օրական 2 միլիգրամ է։ Առողջ, լիարժեք սնունդով կարելի է հնարավորինս կանխել երկաթի դեֆիցիտի զարգացումը։

– Ինչպե՞ս կանխել, ի՞նչ ուտել։

– Երկաթով հարուստ են և՛ բուսական, և՛ կենդանական մթերքները։ Ներծծման առումով մեծ արժեք է ներկայացնում կենդանական ծագման մթերքներում առկա երկաթը։ Դրանք են՝ կարմիր միսը, ձուկը, լյարդը, երիկամը, թոքը, փայծաղը, սոյան, մեղրը, հացը, հնդկաձավարը, ոլոռը, բրինձը, շոկոլադը, խնձորը։ Ռիսկի խմբի մեջ մտնում են խիստ բուսակերները։

– Դեղերը, օրինակ, «Ասպիրին»-ը, արդյո՞ք նպաստում է սակավարյունության առաջացմանը։

– Գոյություն ունի ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի մի մեծ խումբ, որոնք հելիկոբակտեր պիլորիից հետո ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների լորձաթաղանթը վնասող երկրորդ պատճառն են։ Դրանք են «Ասպիրին»-ը, «Իբուպրոֆեն»-ը, «Դիկլոֆենակ»-ը, «Կետոպրոֆեն»-ը, «Կետորոլակ»-ը և այլն։

– Մասնագետները նշում են, որ հատկապես երեխաների դեպքում վիտամին D-ի ցածր մակարդակը հանգեցնում է սակավարյունության, այդպե՞ս է։

Վիտամին D-ն, իհարկե, դեր ունի սակավարյունության առաջացման մեջ, նպաստում է, սակայն հիմնական պատճառներից մեկը չէ։

Խոսենք նաև ֆոլաթթվի և B12-ի ցածր մակարդակի մասին։ Ի՞նչ հիվանդություններ են զարգանում մարդու մոտ, ի՞նչ ախտանշաններ կան։

Դրանք համարվում են նաև արյունաստեղծ վիտամիններ, և անբավարարությունը կբերի արյունաստեղծ համակարգի՝ ոսկրածուծի գործունեության խանգարման։ Բացի սակավարյունությունը՝ ախտահարվում են նաև նյարդային և ստամոքս-աղիքային համակարգերը,  մասնավորապես B12-ի անբավարարության հետևանքով։ Նյարդային համակարգի ախտահարման ամենավաղ ախտանիշները զգայունության խանգարումներն են, որոնք հիմնականում հանդիպում են ոտքերում և աստիճանաբար բարձրանում են դեպի վեր։ Կարող են դրսևորվել ծակոցներով, թույլ ցավային զգացողություններով, սառնության զգացողությամբ, վերջույթների թմրածությամբ։ Երբեմն առաջանում է «բամբակե ոտքերի» ախտանիշ, երբ քայլելիս մարդը ներբանները չի զգում, և թվում է, թե բամբակի վրայով է քայլում։

– Երկաթը, B12-ը, ֆոլաթթուն վերականգնելու համար մարդիկ հաճախ օգտագործում են վիտամիններ, հավելումներ։ Որքանո՞վ են օգտակար։

Վիտամին B12-ը պարունակվում է բացառապես կենդանական սննդում։ Բուսական ոչ մի մթերքում չի պարունակվում։ Հատկապես մեծ քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, մսում, ձվում, կաթնամթերքի մեջ։ Օրգանիզմում վիտամին B12-ի պաշարը մոտավորապես 2-5 միկրոգրամ է։ Օրական պահանջը 2-3 միկրոգրամ է։ Ֆոլատ պարունակվում է և՛ բուսական, և՛ կենդանական մթերքներում։

Ի տարբերություն B12-ի՝ ջերմազգայուն է, 10 րոպեից ավելի եփելիս ամբողջությամբ քայքայվում է, հետևաբար՝ նրա հիմնական աղբյուրը կարող է լինել թարմ միրգն ու բանջարեղենը։ Մեծ քանակությամբ առկա է լոլիկի, սոխի, սնկերի, բանանի, ավոկադոյի մեջ։ Լյարդի և մսի մեջ ևս պարունակվում է, բայց քանի որ անկայուն է ջերմային մշակման նկատմամբ, հետևաբար՝ դժվար թե մսեղենը հիմնական աղբյուր լինի։ Ի տարբերություն B12-ի՝ ֆոլատի անբավարարության հիմնական պատճառը թարմ մրգերի, բանջարեղենի օգտագործման անբավարարությունն է, ալկոհոլիզմը, հղիությունը, կաթնարտադրությունը, սեռահասունացումը, հեմոլոտիկ սակավարյունությունը, որոշ դեղամիջոցների, օրինակ, «Բիսեպտոլի» օգտագործումը։ B12-ի ներծծման խանգարում կարող է դիտվել աուտոիմուն թիրեոդիտի, 1-ին տիպի շաքարային դիաբետի, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անբավարարության ժամանակ, աղաթթվի արտադրության նվազման, պարազիտների՝ լայն երիզորդների դեպքում։ Ռիսկի խմբում գտնվում են խիստ բուսակերները։

Ինչ վերաբերում է վիտամինային և միներալային հավելումներին՝ նշեմ, որ ֆոլատի հավելումներն ուսումնասիրվել են մի շարք հիվանդությունների կանխարգելման համար։ Միակ հաստատված առավելությունը նյարդային խողովակի արատների կանխարգելումն է։ Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մի շարք երկրներում խորհուրդ է տրվում օգտագործել ֆոլատի հավելումներ, իսկ ՀՀ-ում՝ հղիություն պլանավորելիս և դրա ընթացքում։ Ինչ վերաբերում է վիտամին B12-ի հավելումներին, թեև չկա ոչ մի ապացույց, բայց ռիսկի խմբում գտնվող որոշ մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել։ Նրանք հատկապես խիստ բուսակերներն են։ Ռիսկի խմբում են նաև աղիների ներծծման խանգարում ունեցողները, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող և «Մեդֆորմին» դեղամիջոց օգտագործող, աուտոիմուն ատրոֆիկ գաստրիտ ունեցող մարդիկ, տարեցները, որոնց մոտ դիտվում է լորձաթաղանթի ապաճ, ինչպես նաև ստամոքսի և բարակ աղիների լայնածավալ մասնահատման ենթարկված պացիենտները։ Ինչ վերաբերում է մուլտիվիտամինային հավելումներին, պետք է դիտարկել դրանց օգտագործումը վիտամինային անբավարարության բարձր ռիսկ ունեցող մարդկանց շրջանում։

– Հեմոլոտիկ անեմիայի մասին խոսեցիքգիտական ամսագրերում հոդվածներ տպագրվեցին, որ մարդկանց մոտ զարգացել է հեմոլոտիկ անեմիա՝ COVID-19-ով վարակվելուց հետո։ Դա ապացուցվե՞ց։

Համավարակի ժամանակ հաճախ բժիշկները տեսնում էին նման պացիենտների։ Ասեմ, որ ոչ միայն հեմոլոտիկ սակավարյունության պատճառ է դառնում կորոնավիրուսը, այլև, ինչպես ցանկացած քրոնիկ բորբոքային հիվանդությունների դեպքում՝ առաջանում է, այսպես կոչված, քրոնիկ բորբոքային հիվանդության սակավարյունություն։ Կորոնավիրուսի ժամանակ նվազում էր լյարդում հեպսիդին-պեպտիդին նյութի արտադրությունը, որը երկաթի փոխանակության կարևորագույն կարգավորիչն է։ Այո, կորոնավիրուսը հայտնի է իմուն համակարգի խեղաթյուրման առաջացմամբ, որոնցից մեկն էլ աուտոիմուն պրոցեսների զարգացումն է, երբ իմուն համակարգը սեփական հյուսվածքներն օտար է ճանաչում՝ սկսելով պայքարել դրանց դեմ, արտադրում հակամարմիններ կամ սպեցիֆիկ բջիջներ, որոնք վնասում են այդ հյուսվածքներին։ Դրանցից մեկն էլ աուտոիմուն հեմոլոտիկ սակավարյունությունն է, երբ առաջանում են հակամարմիններ՝ սեփական արյան կարմիր գնդիկների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս