
Մենք ցանկություն ենք ունենում ուտել այն, ինչի պակասը կա օրգանիզմում

Պարզվում է` մեր սննդային նախասիրությունները կապված են սննդարար նյութերի դեֆիցիտի, հորմոնալ ու մետաբոլիկ փոփոխությունների, հոգեբանական խնդիրների հետ:
Շոկոլադ
Աշխատանքային օրվա կեսին հանկարծ շոկոլադ ուտելու ուժեղ ցանկությո՞ւն եք ունենում, դառնում եք անուշադիր, ցրված ու միայն շոկոլադի մասին եք մտածում: Սա կարող է պայմանավորված լինել մագնեզիումի պակասով: Քաղցր ուտելու անհագ ցանկություն կարող է առաջանալ նաև նաև օրգանիզմում քրոմի, ֆոսֆորի, ինչպես նաև գլյուկոզի պակասի դեպքում:
Լուծում` կերեք ընկույզ, հացահատիկ, դդումի սերմեր, կամ թարմ մրգեր ու բրոկոլի:
Կծու
Եթե օրվա ընթացքում հաճախ որևէ կծու բան ուտելու ցանկություն եք ունենում, նշանակում է՝ ձեր մարմինը կծու ուտելիքի կարիք ունի քրտարտադրությունը դրդելու և «հովանալու» համար: Հնարավոր է` պատճառը ցինկի, ծծումբի պակասն է կամ վահանագեղձի հետ կապված խնդիրները:
Լուծում` ոչ յուղոտ միս կերեք, ծովամթերքներ, սխտոր, կանաչ բանջարեղեն։
Միս
Եթե հաճախ եք երազում սթեյք ուտելու մասին, ապա, ամենայն հավանականությամբ, դուք ունեք B վիտամինի, մագնեզիումի, ֆոլաթթվի կամ երկաթի պակաս:
Սպիտակուցային սննդի հանդեպ հակվածությունը կարող է վկայել նաև շաքարի մակարդակի նորմայից շեղման մասին: Եվ, իհարկե, ամենատրամաբանական բացատրությունը՝ վաղուց միս չեք կերել:
Լուծում` կերեք ձու և միս, բնականաբար, բանջարեղենի համադրությամբ:
Աղ
Եթե անդադար ուտում եք փոփքորն, չիփսեր, ֆրի և չեք կարողանում այն սահմանափակել, հնարավոր է՝ ձեր օրգանիզմը նատրիումի պակաս է զգում: Սրան կարող են նպաստել սթրեսն ու ջրազրկումը։ Աղի որևէ բան ուտելու ցանկությունը կարող է մակերիկամների դեֆիցիտի և ցինկի պակասի մասին ահազանգ լինել:
Լուծում` Ձեր սննդակարգում ընդգրկեք վարունգ, նեխուր, ձուկ և օրը 8-10 բաժակ ջուր խմեք:
Հաց և այլ ածխաջրային մթերքներ
Կան մարդիկ, որոնք հաց ու մակարոն ուտելու անդիմադրելի ցանկություն ունեն: Դա կարող է վկայել արյան մեջ շաքարի ցածր կամ ինսուլինի բարձր պարունակության մասին: Ածխաջրերի դեֆիցիտը կարող է սերոտոնինի անբավարարության հետևանքով տրամադրության տատանման և դեպրեսիայի պատճառ լինել:
Գազավորված ըմպելիք
Օրգանիզմում կալցիումի պակասը կարող է անընդհատ սառը ըմպելիքների ցանկություն առաջացնել։ Հնարավոր է նաև, որ գազավորված ըմպելիքների ցանկությունը պայմանավորված լինի հեմոգլոբինի կամ երկաթի դեֆիցիտի հետ:
Լուծում` ամեն անգամ հյութ գնելու փոխարեն մի կտոր պանիր կերեք կամ ջուր խմեք: Օգտագործեք նեխուր, բազուկ, քունջութ, կաթ ու յոգուրտ օգտագործեք:
Սուրճ և թեյ
Սուրճի կամ թեյի անբացատրելի կարիքը կարող է առաջանալ վիտամին C-ի կամ երկաթի դեֆիցիտի դեպքում: Կոֆեինը, որը կա և՛ սուրճի, և՛ թեյի բաղադրության մեջ, ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքն ու դրդում է ադրենալինի արտազատել, ինչը թույլ է տալիս օրվա ընթացքում ունենալ թարմ ու լավ տրամադրություն: Ըստ մասնագետների՝ թեյի ու սուրճի հակումը հանդիպում է նաև օրգանիզմում ֆոսֆորի և ծծումբի անբավարարության ժամանակ:
Լուծում՝ փորձեք առողջ սնունդ օգտագործել թարմ բանջարեղեն, չրեր:
Ճարպ
Յուղոտ ուտելիքի հանդեպ հանկարծակի սերը կարող է կալցիումի կամ անփոխարինելի ճարպաթթուների պակասի ահազանգ լինել: Սա կարող է տեղի ունենալ նաև դիետայի կամ վատ տրամադրության ժամանակ:
Լուծում. յուղոտ ուտելիքի քաղցը հագեցնում են գազարը, ավոկադոն, ընկույզը… Կանաչ բանջարեղենը նպաստում է կալցիումի պաշարների համալրմանը: Իսկ տրամադրությունը կարող է լավացնել ֆիզիկական վարժությունը: