Չհասկացա՛նք, կարող է ասեն՝ Իջևանն էլ տվեք, թե չէ՝ պատերազմ կլինի. Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի հերթական «շանտաժի» մասին

Նիկոլ Փաշինյանը երեկ Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ՝ նոր, «ցավոտ» զիջումներին նախապատրաստելու համար: Ի դեպ, այս անգամ կառավարության առաջին խոսափողը տավուշցիներին վախեցրել է հնարավոր պատերազմով, եթե հրաժարվեն սահմանազատման և սահմանագծման հարցերից:

«Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղի մասին, 4 ոչ անկլավային գյուղի մասին, մենք բարձրաձայնում ենք 31 գյուղի մասին հարցը: Ու երբ ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, ու անգամ, երբ հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չի։

Այսինքն՝ գյուղի բնակելի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չի, և իրենք ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո՝ քննարկենք, խոսենք գյուղի կենսական նշանակության տարածքների մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը պատերազմով վախեցնելու Փաշինյանի որդեգրած ոճը համարում է շանտաժ:

Կարդացեք նաև

«Չհասկացանք, կարող է ասեն՝ Իջևանն էլ տվեք, թե չէ՝ պատերազմ կլինի: Ինքն է ղեկավարում երկիրը, և եթե նման ագրեսիա կա հարևանի կողմից, թող երկիրը նախապատրաստի պատերազմի: Սրանից հետո Ադրբեջանը Սյունիքն է ուզելու՝ «միջանցք»»,- արձագանքեց նա:

Նիկոլ Փաշինյանի ելույթն առհասարակ նախկին վարչապետը համարեց հակասությունների փունջ:

«Ինձ թվում է՝ նորից ֆռիկը միացրել էր ու բոլորին ֆռռացնում էր: Նա ասում է՝ Ադրբեջանը պնդում է, թե գյուղատեղերի տարածք եք գրավել, իսկ մենք 31 բնակավայրում նման բան չենք արել. բա Արծվաշե՞նը:

Նա ոչ մի տեղ չասաց, թե այդ անկլավները՝ մասնավորապես, Վերին Ասկեպարն ու Բարխուդարլին, ի՞նչ թղթերով են տրվել Ադրբեջանին, կա՞ նման թուղթ, թե՞ ոչ, Սոֆուլիի մասին ընդհանրապես չի հիշատակվում:

Ինքն այդ անկլավները տալիս է, բայց ցույց է տալիս Հայաստանի մակետ, որտեղ չկան դրա մասին վկայող բաց հատվածները, այսինքն՝ ինքը ոչ միայն այդ անկլավներն է տալիս, այլև հայկական տարածքը, չէ՞ որ անկլավից հետո նորից  Հայաստան է, ապա նոր՝ Ադրբեջան: Օրինակ, Տիգրանաշենում (Քյարքիում), բացի գյուղատեղից, ես վախենամ, որ պատրաստվում են Ադրբեջանին տալ ևս 12 կիլոմետր, այսինքն՝ խորանում է:

Ինքը սիրուն ֆռռացնում էր դահլիճում նստածներին, իսկ մենք գիտենք, որ դահլիճում նստած էին նաև մարդիկ, որոնց մարզպետարաններից էին բերել: Դահլիճից դուրս՝ տեսանյութեր ունենք, թե ինչպես են գյուղացիներն անպատվում այդ մարդուն:

Ուզում եմ հատուկ նշել, որ ճանապարհը, որով մենք Կիրանցով գնում-հասնում ենք Բաղանիս, այդ ճանապարհը հայկական է. դրա ձախ կողմում էր գտնվում Վերին Ասկեպարա գյուղը, այո, այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում, բայց դա ոչինչ չի նշանակում: Ինքը հիմա արդեն այդ ճանապարհն էլ է տեղափոխում, և նույնիսկ տեղափոխում է Կիրանցով շրջանցող ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հրանտ Բագրատյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ «Միասին» այլընտրանքային շարժումը լինելու է Փաշինյանի զիջումներին առնչվող գյուղերում, և գյուղացիներին բացատրելու են այդ զիջումների հետևանքները:

«Նույնիսկ նրա հետ հանդիպման գնացած գյուղացիներից շատերը, որոնք տեղանքը լավ գիտեն, չէին հասկանում, թե ինչ է լինելու։ Հասկանում էին, որ խաբում է, բայց չէին հասկանում խաբելու խորությունը»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս