«Պատերազմի շանտաժով Փաշինյանը գնացել է նոր զիջումների, և ստացել ենք նոր սպառնալիք ու նոր պատերազմ». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Տավուշից տարածքների հանձնման մասին, նշել է, որ այս խնդիրները, որոնք այսօր առաջանում են ստեղծված քաղաքական դիսկուրսում, ունենալու են խորքային հետևանքներ: Այսինքն, դրանց մի մասը տեղավորվում է բանակցային գործընթացում զիջողական քաղաքականության մեջ, որը շանտաժի լայն դաշտ է բացում հետագայում ՀՀ-ից այլ զիջումներ կորզելու համար, երկրորդը, այս ամենն անվտանգային մեծ խնդիրներ է ստեղծում:
«4+4 տարբերակը, այսինքն, 4 Ադրբեջանի հետ սահմանակից, իսկ հետագայում՝ քննարկվող 4 անկլավների հանձնման թեման: Սա դիրքային, մեխանիկական առումով զուտ կոմունիկացիայի կամ խրամատների տեղափոխության հարց չէ, որը ժամանակ պահանջի, և դու նոր ճանապարհի և խրամատի միջոցով կարողանաս տեղափոխություն անել: Այն առանցքը, որտեղով անցնում են մայրուղիները, կոմունիկացիաները և որոշակի դիրքային ինժեներական կառույցներ, դրանք կոնկրետ տեղամասի համար ունեն մարտավարական և ռազմավարական նշանակություն, և հետագայում թիկունքային հատվածում նոր կառույցների և կոմունիկացիաների տեղափոխումը չի լուծելու բոլոր այն հարցերը, որոնք այսօր առկա են»,- մանրամասնել է Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի հանձնման ժամանակ իշխանությունները խոստանում էին նոր և ժամանակակից ճանապարհների կառուցում, հարցը կոմունիկացիաների դաշտ էին տանում, բայց ի՞նչ ունենք այսօր Սյունիքում այդ հատվածում:
«Ունենք բնակավայրեր, որոնց մի մասը հանձնված է, ունենք հանձնված կոմունիկացիաներ, ունենք նոր ճանապարհներ, որոնք նախկին իրենց ռազմավարական խնդիրն ամբողջության մեջ չեն լուծում, ունենք կիասամեկուսացման մեջ հայտնված գյուղեր: Այսինքն, ինչպես Սյունիքի մարզի խոցելիությունը մեծացավ, այնպես էլ մեծանալու է Տավուշի մարզինը»,- շեշտել է ընդդիմադիր պատգամավորը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մի մարզը կապում է մեզ Վրաստանի հետ, մյուսը՝ Իրանի:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պիտի սկսի Տավուշից, Տիգրան Աբրահամյանը նշել է, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ պարզ չէ՝ կա՞ն կոնսենսուսային քարտեզներ և իրավական փաստաթղթային բազա, որոնց հիման վրա ցանկացած երկրում իրականացվում է այդ գործընթացը:
Ըստ այդմ՝ իրավական փաստաթղթային բազայի բացակայության պայմաններում Տավուշի 4 գյուղի հանձնումը սահմանազատում և սահմանագծում իրականացնել չէ:
«Իմիջիայլոց, լուռ ձևով այդ գործընթացն իրականացվեց մի քանի տարի առաջ Սյունիքում, Գորիս-Կապան ճանապարհային հատվածում, երբ ներքին կարգով, առանց քարտեզների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունները գնացին «ճշգրտումների» ճանապարհով, և Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ և չի ստանալու նաև Տավուշի դեպքում»,- հիշեցրել է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ պատերազմով վախեցնելու շանտաժի էլեմենտն իշխանությունները տարբեր փուլերում կիրառել են, այդ թվում՝ 2021 թվականի ընտրական գործընթացի շրջանակում:
«Արդյո՞ք 4 կամ 4+4 բանաձևով տարածքների հանձնումը խաղաղություն է ապահովելու ՀՀ-ի համար, իհարկե՝ ոչ: Հայաստանը գնացել է նոր զիջումների և ստացել նոր սպառնալիք և նոր պատերազմ»,- ընդգծել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում