«Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին»
Հին Ուխտը մարդկային կյանքի հիմքում դրեց արդարության օրենքը՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» (Ելք 21:23-24): Հիսուս զատում էր քրեական իրավունքը բարոյականությունից, որտեղ գործում են այլ սկզբունքներ: Մարդկանց հատուկ է թշնամիներին ատելը, բայց Աստծո որդիները պետք է բարությամբ հաղթեն չարին: Ավելին, նրանք պետք է բարին ցանկանան իրենց վիրավորողներին: Դա մեծագույն սխրանք է և հոգու ուժի իսկական հայտնություն, Իր՝ Արարչի նմանողությամբ: Մարդկային ուժերի հնարավորության սահմաններում է այն, ինչին կոչում է Ավետարանը:
Ճիշտ է, մարդկային գիտակցության համար այդպիսի բան պատկերացնելն անհավանականության աստիճանի դժվար է, սակայն այն սերն ու վստահությունը, որ մարդը տածում է իր Արարչի հանդեպ, հնարավոր է դարձնում մարդու համար անհնարինը: Տիրոջից ողորմածություն սպասելով՝ հարկավոր է ներել սովորել, քանի որ առանց Նրա մենք ոչինչ անել չենք կարող (Հովհաննես 15:5): «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ:
Այդպիսով դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև Նա Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթեոս 5:44-45),- պատգամում է Քրիստոս՝ Իր խոսքն ուղղելով Իր հետևորդներին: «Մի՛ հակառակվիր քեզ չարիք անողին: Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո՛ւ նրան» (Մատթեոս 5:39): Չարին չհակառակվելու մասին Քրիստոսի այս խոսքերը երբեմն որոշ մարդիկ մեկնաբանում են պասսիվության իմաստով: Սակայն Ինքը՝ Քրիստոսը, այդպիսի պասսիվություն չէր ցուցաբերում: Նա դուրս հանեց տաճարում առևտուր անողներին, շուռ տվեց լումայափոխների սեղանները (Ղուկաս 19:45-48): Նա ըմբոստացավ, երբ քահանայապետի ծառան հարվածեց Նրա դեմքին (Հովհաննես 18:22-23):
Վիրավորանքները տանելու մասին Քրիստոսի խոսքերը պետք է հասկանալ չարին բարիով հաղթելու կոչ. «Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմեացիներ 12:21): Այսինքն՝ չարին հակառակ չկանգնելը չի նշանակում ընդհանրապես անգործություն, այլ նշանակում է հակառակություն՝ հնազանդությամբ, խոնարհությամբ և ոչ թե բռնությամբ: Սուրբ Հովհան Ոսկեբերանն այս մասին ասում է, որ եթե մեկը վիրավորում է, նրա արարքը մեղք է, և դու չպետք է նույնպիսի մեղք գործես վիրավորողի կամ որևէ մեկի հանդեպ: Սա նմանվում է այն իրողությանը, որ ճիշտ նույն կերպ էլ կրակը հանգցնում են ոչ թե կրակով, այլ ջրով:
Իսկ Հովհաննես Ծործորեցին էլ նշում է, որ եթե վիրավորանքի դիմաց վիրավորում ես, ապա դա չարի դեմ հակառակություն չէ, այլ նրա հետ միաբանություն, որովհետև ընկերոջդ գրգռելով՝ չարը վիրավորեց քեզ, քեզ զայրացնելով էլ՝ տանջեց նրան, իսկ ինքը, երկուսիդ միջև պանծալով, իրեն հաղթող հռչակեց:
Սարգիս Կունդը, մեկնելով Ղուկասի ավետարանի հետևյալ հատվածը, թե՝ «Ով որ երեսիդ մի ապտակ խփի, մյուսն էլ դարձրու նրան», նշում է, որ եթե մյուս երեսդ էլ ես դարձնում, թեպետ հարվածողը վայրենի գազան էլ լինի, երբեք չի հանդգնի կրկին հարվածել:
Եփրեմ Ասորու մեկնության համաձայն՝ Քրիստոս այս պատվիրանով մարդկանց մեկ աստիճանով վեր բարձրացրեց Օրենքից և ճշմարտությունից: Մովսեսը, պատվիրելով «աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ», միևնույն ժամանակ պատվիրեց որևէ մեկին անարդարացիորեն չհարվածել, որով մարդուն բարձրացրեց ճշմարտության աստիճանին, իսկ Քրիստոս մարդուն բարձրացրեց շնորհի աստիճանին:
Եթե մեկը քեզ խփում է, դու նրանից վրեժ լուծելու օրինական իրավունք ունես՝ ըստ Հին Կտակարանի, սակայն Եփրեմ Ասորին ասում է. «Մեծ պարգև է նրա համար, ով ապտակին պատասխանում է ապտակով շնորհի մեջ (այսինքն՝ չի ապտակում)»: Ըստ Եփրեմ Ասորու՝ թշնամիներին սիրելու պատվիրանը տրվեց ոչ թե թշնամիների, այլ մեզ համար: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ մյուս երեսը դարձնելը հզոր միջոց է թշնամուն կատարելապես հաղթելու, որով իրապես թշնամին փոխվում է, դառնում բարեկամ և նույնիսկ՝ հավատարիմ ծառա: Իսկ վրեժխնդրության դեպքում հակառակ հետևանքներն են տեղի ունենում. այն երկուսին պատճառում է ամոթ, չարացնում նրանց և ավելի շատ բարկություն բորբոքում:
Իսկ Հովհաննես Ծործորեցու խոսքով՝ Տերն այս օգտակար խրատը հաջողությամբ մատուցում է երկու կողմին էլ: Որովհետև, երբ հարվածողն ապտակվածին տեսնում է խոնարհությամբ դաստիարակված, արագորեն զգաստանում է, թեկուզ գազանից էլ վայրենամիտ լինի, և երբեք մյուս այտին էլ ապտակ չի կամենա տալ, այլ առաջինի համար ևս կմեղադրի իրեն: Փրկիչն այս պատվիրանով սովորեցնում է առանց ոխակալության ընդունել ոչ միայն ապտակը, այլև բոլոր թշնամանքները:
Աստվածաշնչյան գրաբար բնագրում «այտի» փոխարեն «ծնոտ» է գրված: Ըստ Ծործորեցու՝ ծնոտը այլաբանորեն խոսքի գործիք է, եթե մեկը վարդապետության խոսքով սպասավորի ժողովրդին, և չար անձանցից մեկն անարգի խոսքը, թող ուսուցանողը քարոզությունը չդադարեցնի, այլ իր վարդապետությունը դարձյալ առաջ տանի՝ գիտությամբ և վարքի օժանդակությամբ հանդերձ:
Հիլլելի «Մի արա ուրիշին այն, ինչը ցանկալի չի քեզ» սկզբունքին Քրիստոս տվեց մեծ ակտիվության ու գործունեության երանգներ՝ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7:12):
«Նույն կերպ, եթե մեկը հալածի մեզ, որովհետև հետևում ենք ճշմարտությանը, վիրավորվելու փոխարեն մենք պետք է ներենք ու սիրով աղոթենք այդ մարդու համար: Եթե շարունակեն մեզ ընդդիմանալ, ոչինչ չենք կորցնի, որովհետև հանուն Տիրոջ, հանուն Ճշմարտության ենք փորձվում. դա մեր պարգևն է» (Սադհու Սունդար Սինգհ):
Կազմեց Գայանե Սուգիկյանը