Սարսանգի ջրամբարի հարցն Ադրբեջանի օրակարգում է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր դարձյալ հիշել է Սարսանգի ջրամբարի մասին՝ երգելով «ջրային տեռորի մասին» իր հին երգը:

Հիշեցնենք, որ 2016-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կողմ էր քվեարկել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանամետ զեկույցի բանաձևի ընդունմանը:

Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցի բանաձևի օգտին կողմ էր քվեարկել՝ 98, դեմ՝ 71 պատգամավոր:

Նախքան զեկույցի մշակումը Միլիցա Մարկովիչը երկու անգամ այցելել էր Ադրբեջան, սակայն չէր այցելել Արցախ՝ չնայած Արցախի իշխանությունների գրավոր առաջարկությանը: Արդյունքում՝ ներկայացվել էր զեկույց մի ջրամբարի մասին, որը զեկուցողը նույնիսկ չէր տեսել:

Նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել էր, որ զեկույցը չի կարող օբյեկտիվ համարվել և ընդունվել, քանի որ հեղինակը չի այցելել Սարսանգի ջրամբար: Ռուստամյանն առաջարկել էր զեկույցը լրամշակման համար հետ ուղարկել ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողով, սակայն ԵԽԽՎ անդամները դեմ էին քվեարկել այս առաջարկությանը:

Սարսանգի ջրամբարը հայկական կողմին մնացած կարևոր ռազմավարական օբյեկտ է: Այն գտնվում է Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի միջին հոսանքում: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Սարսանգը կառուցվել է ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն ունեցող Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Սարսանգի ջրամբարն ունի ավելի քան 600 խմ ջրատարողություն, որից 500 մլն խմ-ն՝ օգտակար:

Հոկտեմբերին Ադրբեջանին հաջողվեց տիրանալ Մատաղիսի ջրամբարին, որը 5 մլն խորանարդ մետր ջրատարողություն ունի, հետևաբար՝ չի կարող բավարարել Ադրբեջանի ջրային մեծ պահանջարկը: Թշնամու թիրախում շարունակում է մնալ Սարսանգը:

168.amգրել էր, որ տարածաշրջանում ապագա պատերազմները լինելու են ջրային ռեսուրսների համար, և Ադրբեջանը փորձում է ռազմական օպերացիաների միջոցով տեղավորվել հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա:

44-օրյա պատերազմից հետո Արցախի ջրային ռեսուրսների մի մասը, ըստ տարբեր գնահատականների՝ 24 ջրամբարներից 22-ը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սակայն ամենամեծը համարվող Սարսանգի ջրամբարը մնացել է Ստեփանակերտի վերահսկողության տակ, որին տիրանալը ևս Ադրբեջանի մեծագույն նպատակներից է:

Ի դեպ, դեռևս 2013թ. օգոստոսին այն ժամանակ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը բարձրաձայնել էր Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները, ինչպես նաև Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերն Ադրբեջանի հետ համատեղ օգտագործելու հնարավորության մասին:

«Սարսանգի ջրամբարի հնարավորություններն ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվի և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Արթուր Աղաբեկյանը:

2015 թվականին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Արցախին և Ադրբեջանին Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու հարցում:

Ուորլիքն իր Instagram-ի էջում գրել էր. «Մենք պետք է երաշխավորենք, որ ջրամբարը շարունակի Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապահովել անվտանգ և հուսալի էլեկտրաէներգիայով։ Կարևոր է նաև, որ ջրամբարն անվտանգ լինի, և Ադրբեջանում հոսանքի ներքևում գտնվողները ջուր ունենան, երբ դա անհրաժեշտ է: Սա երկուստեք շահավետ առաջարկ է: Ինչո՞ւ կողմերը չեն կարող համագործակցել, երբ դա բխում է նրանց փոխադարձ շահերից»:

Այսինքն, «ջրային հրադադարը» տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարթակ էր համարվում, որին Ադրբեջանը չի գնացել, և այս հարցը ևս ռազմական ճանապարհով փորձեց լուծել և շարունակելու է լուծել:

Տեսանյութեր

Լրահոս