Ավանտյուրա է, ի՞նչ դիվերսիֆիկացիա
Վերջին շրջանում իշխանությունների համար մոդայիկ է դարձել հայտարարել, թե Հայաստանը դիվերսիֆիկացրել է իր տնտեսությունը, ինչը թույլ կտա արտաքին քաղաքական վեկտորը փոխելու պարագայում խուսափել տնտեսական հնարավոր հետևանքներից։
Բայց սա բացահայտ սուտ է, որը որոշ պաշտոնյաներ անընդհատ կրկնում են՝ քաղաքական վեկտորի փոփոխության հետ կապված՝ հասարակության շրջանում առաջացած մտահոգությունները փարատելու համար։
Հայաստանի տնտեսության մեջ բացարձակ դիվերսիֆիկացիա չի եղել։ Չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ տնտեսության արտահանելի հատվածի պոտենցիալը վերջին տարիներին նույնիսկ նվազել է։
Իսկ այն, որ որոշ երկրներ մեծացրել են տեսակարար կշիռը մեր արտաքին առևտրում, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի հետ ոչ մի կապ չունի։ Դա եղել է գերազանցապես վերարտահանումների հաշվին։
Մեր տնտեսության արտահանելի հատվածում շատ ավելի քիչ արդյունք է ստեղծվում, քան արտահանման այն ծավալներն են, որոնք արձանագրվում են։
Օրինակ՝ այս տարվա հունվարին, պաշտոնական տվյալներով, մեր ամբողջ արդյունաբերության թողարկումը կազմել է 500-510 մլն դոլար, այնինչ՝ ապրանքների արտահանումը հասել է 934 միլիոնի։
Եթե անգամ ամբողջ արդյունաբերության արտադրանքը դուրս հանվեր, միևնույն է, չէր կարող այդքան արտահանում լինել։ Դեռ չենք ասում, թե ներքին արտադրության որ մասն է իրացվում ներսում։ Ու այդ պայմաններում ունենք որոշ երկրներ արտահանման չափազանց բարձր աճեր։ Այդ աճերի շնորհիվ էլ դրանք մեծացրել են իրենց կշիռը Հայաստանի արտաքին առևտրի մեջ։ Բայց դա եղել է ոչ թե մեր տնտեսության արտաքին շուկաների դիվերսիֆիկացիայի, այլ վերարտահանումների հաշվին։
Տարօրինակ չէ, որ հունվարին արձանագրված 934 մլն դոլար արտահանման կեսից ավելին բաժին է ընկել ընդամենը մեկ ապրանքախմբի։ Խոսքը թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների մասին է։
Այդ ապրանքների արտահանումը հունվարին կազմել է 587 մլն դոլար։ Ավելի շատ, քան այդ ամսին Հայաստանի ամբողջ արդյունաբերության թողարկած արտադրանքը։
Թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների արտահանումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 9 անգամով։ Անցած տարի կազմել էր ընդամենը 65 մլն դոլար։
Տնտեսությունից անկախ արձանագրված այս թռիչքի արդյունքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների կշիռն արտահանման մեջ հասել է գրեթե 63 տոկոսի։
Տնտեսության մյուս բոլոր ճյուղերին բաժին է ընկել արտահանման ընդամենը 37 տոկոսը, որը կազմել է հազիվ 347 մլն դոլար։
Ընդ որում, սրա մեջ ևս կա վերարտահանման բավական մեծ բաղադրիչ։
Ներքին տնտեսության մեջ արտադրվող բազմաթիվ ապրանքների արտահանումը տարեսկզբին արձանագրված արտահանման 2,1 անգամ աճի պայմաններում, ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է։ Մինչդեռ՝ այդ ապրանքներից կամ ապրանքախմբերից որոշները միշտ էլ առանցքային կշիռ են ունեցել Հայաստանի արտահանման մեջ։ Խոսքը, մասնավորապես, մշակող արդյունաբերության այնպիսի ճյուղերի մասին է, ինչպիսին, ասենք՝ սննդարդյունաբերությունը։
Պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը Հայաստանից տարեսկզբին կրճատվել է գրեթե 22 տոկոսով։ Անցած տարի արտահանվել էր՝ 63 մլն դոլարի, այս տարի արտահանվել է՝ 49 միլիոնի ապրանք։
Կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է ավելի քան 32 տոկոսով, քիմիայի և դրա հետ կապված ճյուղերինը՝ 39 տոկոսով, պլասմասսե իրերինը՝ 39 տոկոսով, և այդպես շարունակ։
Ավելի քան 19 տոկոսով նվազել է նաև հանքահումքային ապրանքների արտահանումը։
Ու այս ամենի մեջ թռիչքային ձևով աճել է թանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղների արտահանումը՝ էապես մեծացնելով արտահանման բևեռացվածությունն ու կախվածությունն այդ մի ապրանքատեսակից։
Միայն այս խմբի ապրանքների արտահանման ավելացումն ավելին է, քան ամբողջ արտահանմանը։
Թանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղների արտահանումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 522 մլն դոլարով, ամբողջ արտահանումը՝ 485 միլիոնով։
Արտահանման 63 տոկոսը բաժին է ընկել մի ապրանքախմբի, որը հիմնականում կապ չունի մեր տնտեսության հետ։ Դա չափազանց վտանգավոր երևույթ է արտաքին առևտրի համար։ Եթե վաղը հանկարծ փակվեց դրա վերարտահանման ճանապարհը՝ արտահանումը գահավիժելու է։
Գերազանցապես այսպիսի երևույթների շնորհիվ է, որ որոշ երկրների կշիռը մեր արտաքին առևտրում ավելացել է։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններին, որը դարձել է Հայաստանի արտահանման առաջատարը, և որին վերջին շրջանում մատնացույց են անում իշխանությունները՝ տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին խոսելիս։ Բայց դա դիվերսիֆիկացիա չէ. Ռուսաստանից թանկարժեք քարերն ու ոսկին բերել են և արտահանել Էմիրաթներ։
Դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանից ներմուծումները Հայաստան անգամներով աճել են։ Հունվարին 2,9 անգամ ավելի շատ ապրանք է բերվել, քան անցած տարի։ Ներմուծումը 211 միլիոնից հասել է 614 միլիոնի։
Այնպես չէ, որ հանկարծ Հայաստանը սկսեց գրեթե 3 անգամ ավելի շատ ռուսական ապրանքներ սպառել, քան սպառում էր մեկ տարի առաջ։
Այս ներմուծումների գերակշիռ մասը հենց վերարտահանվող ապրանքներն են և առաջին հերթին՝ թանկարժեք քարերն ու թանկարժեք մետաղները։
Եթե մինչև անցած տարի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում գերակշռում էին արտահանման աճերը, նույն վերարտահանումների արդյունքում, այս տարվա սկզբին հակառակ միտումն է նկատվում։ Արտահանման աճերը Ռուսաստան գրեթե դադարել են, փոխարենը՝ ներմուծումն է սկսել կտրուկ ակտիվանալ։
Սրանք երևույթներ են, որոնք տեղի են ունենում գերազանցապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանակներում։ Որոշ ուղղություններով ռուսական ապրանքների արտահանումը բախվել է խնդիրների, Հայաստանը դրանց համար դարձել է տարանցման ճանապարհ։
Սա մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի հետ բացարձակ կապ չունի։ Ինչպես միշտ, ավանտյուրայով են զբաղված։ Փորձում են խաբել հասարակությանը, ովքեր վաղն իրենց վրա կրելու են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ողջ տնտեսական ու սոցիալական հետևանքները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ