Աբու Դաբիից հետո Փաշինյանն արագացված քննարկումների մեջ է եվրոպական առաջնորդների հետ. ի՞նչ հարցեր են օրակարգում

Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև 5 ժամ տևած բանակցություններից օրեր անց Փաշինյանն արագացված աշխատանքային այցերով ԵՄ-ում է՝ Բրյուսել-Փարիզ կանգառներով:

Բրյուսել այցի առաջին իսկ ժամերին Փաշինյանը եռակողմ ձևաչափով հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Դրան հաջորդել է նաև նրա հանդիպումը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, ապա՝ Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ:

Աշխատանքային օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Բրյուսելից մեկնել է Ֆրանսիա, և Ելիսեյան պալատում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Տեղեկացնենք, որ Անտոնիու Կոշտայի ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հայտարարություն՝ արձանագրելով, որ հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունել են ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար:

Կարդացեք նաև

«Նրանք նաև գոհունակությամբ նշեցին վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։

2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին»,- ասված էր հայտարարությունում:

ԵՄ-ն նաև վերահաստատել է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: «Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը նաև նշեցին Հայաստանի շարունակական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում կայունության խթանմանը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով: Առաջնորդները նաև ընդգծեցին Հայաստանը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակներում ներգրավելու հնարավորության կարևորությունը։

Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ»,- նշված էր հաղորդագրությունում:

Ըստ հայտարարության, անվտանգության ոլորտում համագործակցությունը ևս քննարկվել է, առաջնորդները ողջունել են ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:

Հաղորդագրության համաձայն, անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները:

«Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»,- ասված էր հաղորդագրությունում:

Փաշինյան-Կոշտա հանդիպմանն, ըստ պաշտոնական հաղորդագրության, արձանագրվել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում:

Փաշինյանի հանդիպումն Անտոնիու Կոշտայի ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հիշեցրեց անցյալ տարի ապրիլի 5-ին Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որով եվրոպական կողմը ցույց տվեց, թե իր հովանու ներքո է առնում Հայաստանի Հանրապետությունն առանց ԵՄ անդամակցության հեռանկարի: Այս եռակողմ հանդիպմամբ ևս ըստ էության եվրոպական կողմը վերահաստատում է իր նույն մոտեցումը, ողջունում ՀՀ ԱԺ «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը առանց հստակ հեռանկարի անդամակցության հարցում՝ շեշտը դնելով գործընկերության օրակարգի վրա:

Թերևս պատահական չէ, որ Փաշինյանի այցը Բրյուսել տեղի է ունենում նրա Աբու Դաբի կատարած այցից ու այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցություններից հետո: Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո տարածված հաղորդագրությունում որևէ խոսք չկար ապաշրջափակման շուրջ բանակցությունների մասին, սակայն փորձագիտական համայնքում կա հիմնավոր կասկած ու կարծիք, որ կողմերը բավականին հանգամանալից կերպով հենց ապաշրջափակման օրակարգն են քննարկել, ինչպես նաև համաձայնագիր ստորագրելու հեռանկարը: Իսկ ԵՄ-ն Հարավային Կովկասում ապաշրջափակման օրակարգով շահագրգիռ հիմնական կենտրոններից մեկն է, որը պատրաստվում է նաև ներդրումներ կատարել ենթակառուցվածքների վրա, ուստի ամենայն հավանականությամբ Փաշինյանը եվրոպական առաջնորդների հետ քննարկում է Ալիևի հետ բանակցությունների արդյունքները:

Թերևս նույն օրակարգով Փարիզում է Փաշինյանը, և այս արագորեն կազմակերպված այցերի նպատակն ընթացիկ կարևոր հարցերը ԵՄ-ի հետ քննարկելու ցանկությունն է: Այս ամենի ֆոնին ուշագրավ էր նաև այսօր հայտնված այն տեղեկատվությունը, որ Փաշինյանը հուլիսի 16-ին ասուլիսով է հանդես գալու:

Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Աբու Դաբիի բանակցություններից անմիջապես հետո այցերը Բրյուսել և Փարիզ խոսում են հրատապ հարցեր քննարկելու, եվրոպացիների հետ խորհրդակցությունների անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով, ուշագրավ է նաև այն, որ հայկական կողմն այդ ամենը քննարկում է հենց եվրոպական կողմի հետ:

«Սա ևս ինֆորմատիվ նշան է, որը ցույց է տալիս ՀՀ արտաքին քաղաքական վեկտորալ փոփոխությունը և Արևմուտքի հետ ապաշրջափակման հարցերում համագործակցելու ցանկությունը: Սակայն հստակ ասել, թե ինչ հարցեր են քննարկվում՝ բարդ է, քանի որ Աբու Դաբիի բանակցությունները ևս, կարծում եմ, եղել են բարդ, բազմաշերտ, բնականաբար, պաշտոնական հայտարարությունը չի կարող ներառել բանակցությունների ողջ բովանդակությունը, հատկապես, երբ կան չհամաձայնեցված հարցեր»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս