
Բան ու գործ թողած՝ խարդավանքներով են զբաղված

Ահագնացող հասարակական դժգոհությունների ու խորացող սոցիալական լարվածության ֆոնին՝ իշխանությունները նոր թափով են լծվել քաղաքական բռնաճնշումների իրականացմանը։ Ակնհայտ ապօրինի ու շինծու մեղադրանքով մարդկանց կալանավորում են, քրեական գործեր են հարուցում, տանում կալանքի ու պահում փակի տակ։
Հոգևորականների, պատգամավորների ու հասարակ քաղաքացիների իսկական որս են սկսել։ Նույնիսկ խոշոր գործարարին ու բարերարին չխնայեցին։
Իրավապահներին գործի են դրել, ամենուրեք խուզարկություններ են իրականացնում, աջ ու ձախ բոլորին բռնում են։
Այսպիսի գործողություններով նպատակ ունեն լռեցնել ընդդիմախոսներին, ահաբեկել մարդկանց, խեղդել հասարակության շրջանում մեծացող դժգոհությունները, որոնք կապված են՝ ինչպես երկրում ձևավորված քաղաքական մթնոլորտի, այնպես էլ՝ սոցիալական պայմանների հետ։ Սոցիալական իրավիճակը երկում լարվում է, ու դա գնալով շատերի համար անտանելի է դառնում։ Մի կողմից՝ մարդկանց եկամուտները չեն ավելանում, մյուս կողմից՝ համատարած թանկացումներ են։
Վերջին շրջանում գնաճը Հայաստանում ակտիվացել է, ու դա նկատելի է հատկապես սննդամթերքի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում։ Սննդամթերքի գնաճն առաջ է անցել աշխատավարձերի տեսքով քաղաքացիների ստացած եկամուտներից։ Շատերի պարագայում, սակայն, նույնիսկ դա չի պահպանվել։ Տարիներ շարունակ մարդիկ աշխատավարձերի հավելում չեն ստացել ու դրան զուգահեռ՝ բախվել են գնաճային այնպիսի բարձր ճնշումների, որոնք առանձին կարևոր ապրանքների դեպքում հասնում են ընդհուպ 40-50 տոկոսի։
Կտրուկ թանկացել են հատկապես գյուղմթերքները։ Այսօր քաղաքացին պարտադրված է 25 տոկոսով ավելի շատ վճարել նույնքան բանջարեղեն գնելու համար, որքան անցած տարի։ Այնպիսի ամենօրյա օգտագործման գյուղմթերք, ինչպիսին է կարտոֆիլը, այս տարի 67 տոկոսով ավելի թանկ է։ Կաղամբը նախորդ տարվանից թանկ է ավելի քան 36 տոկոսով, վարունգը՝ գրեթե 48 տոկոսով, լոլիկը՝ շուրջ 16 տոկոսով, կանաչ լոբին՝ 51 տոկոսով, խնձորը՝ 18 տոկոսով, ծիրանը՝ 15 տոկոսով, նարինջը՝ 26 տոկոսով, կիտրոնը՝ 24 տոկոսով, ելակը՝ 10 տոկոսով։
Սա այն գյուղմթերքների մի փոքր մասն է, որոնց համար այս տարի քաղաքացին ստիպված է անհամեմատ ավելի շատ վճարել։ Բայց դա միայն այս գյուղմթերքներով չի սահմանափակվում։ Բազմաթիվ են այն առաջնային կարևորության ապրանքները, որոնք էապես թանկացել են՝ մեծացնելով սոցիալական ճնշումը հատկապես այն մարդկանց վրա, որոնց եկամուտները փոփոխություն չեն կրել, կամ այդ փոփոխությունները շատ չնչին են եղել. Կարագն այս տարի 14 տոկոսով ավելի թանկ է, քան անցած տարի էր։ Արևածաղկի բուսական յուղը նախորդ տարվանից թանկ է 17,5 տոկոսով, սուրճը՝ 14,3 տոկոսով, շոկոլադը՝ 14,8 տոկոսով, կակաոն՝ ավելի քան 20 տոկոսով։ Ալյուրի գնաճը կազմել է 7,1 տոկոս, մակարոնեղենինը՝ 5,3 տոկոս, հացինը՝ 3,9 տոկոս։
Եթե այս ամենի ազդեցությունը միացնենք՝ կլորիկ գումար կնստի քաղաքացու գրպանի վրա։ Չնայած դա էլ այն ամբողջ ազդեցությունը չէ, որը թանկացումների տեսքով քաղաքացին զգում է։
Թվարկենք նաև որոշ ծառայություններ, որոնք վերջին 1 տարում կտրուկ թանկացել են ու էական դեր ունեն քաղաքացիների ծախսերի մեջ։ Այսպես՝ տրանսպորտային ծառայությունների գնաճը հասնում է 27 տոկոսի։ Վարսավիրական ծառայությունները թանկացել են 12,8 տոկոսով, հանգստի կազմակերպումը՝ 14,7 տոկոսով, նախադպրոցական ու տարրական կրթությունը՝ 12,3 տոկոսով, բարձրագույն կրթությունը՝ 7 տոկոսով։
Ու այս ամենը դուրս է գալիս քաղաքացու գրպանից։ Այն քաղաքացու, որի եկամուտները չեն ավելացել։
Կառավարությունն ու իշխանությունները, փոխարենը մտածեին այս մարդկանց եկամուտներն ինչ-որ ձևով ավելացնելու, գնողունակությունը բարձրացնելու, սոցիալական լարվածությունը թուլացնելու, թանկացումների ազդեցությունը նրանց վրա մեղմելու մասին՝ զբաղված են քաղաքական բռնաճնշումներով, ահաբեկումներով ու խարդավանքներով։
Բարձիթողի վիճակ է տնտեսության մեջ, հատկապես՝ տնտեսության արտադրական հատվածում։ Տնտեսական աճը մնացել է շինարարության ու ծառայությունների հույսին։ Արտադրական հատվածը հազիվ է շնչում. 5 ամսում արդյունաբերության անկումը գերազանցել է 14 տոկոսը, մշակող արդյունաբերությանը՝ 21,5 տոկոսը։
Բազմաթիվ ոլորտներում արտադրության ծավալները ոչ միայն նախորդ, այլև անգամ տարիներ առաջվա մակարդակներին չեն հասնում։
Հանքագործական արտադրությունն է կրճատվել։ Բայց կրճատումը ո՛չ մեկ, ո՛չ էլ երկու տարվա կտրվածքով է։ Եթե 2022թ. հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալը հասնում էր 248 մլրդ դրամի, այս տարի կազմել է ընդամենը 177 միլիարդ։
Ավելանալու փոխարեն՝ 4 տարում 71 միլիարդով կամ ավելի քան 28 տոկոսով կրճատվել է։ Թե ինչո՞ւ, պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը։
Չորս տարի առաջ Հայաստանում ավելի շատ հագուստ էր արտադրվում, քան հիմա, ավելի շատ ոսկյա իրեր էին արտադրվում, քան հիմա, ավելի շատ հիմնային մետաղներ էր արտադրվում, քան հիմա։ Ու երբ փորձում են այս տարի արդյունաբերության մեջ տեղի ունեցող անկումները կապել ոսկու անցած տարվա թաքնված վերամշակումների հետ, պետք է իմանան, որ տնտեսության խնդիրները բոլորովին էլ դրա հետ չեն կապված։ Պատահական չէ, որ եթե 2022թ. առաջին 5 ամիսներին հիմնային մետաղների ոլորտում արտադրության ծավալները հասնում էին գրեթե 83 մլրդ դրամի, այս տարի կազմել են ընդամենը 77 միլիարդ, նույնը նաև ոսկյա իրերի արտադրության պարագայում է՝ 2022թ. 14,2 մլրդ դրամ էր, այս տարի՝ ընդամենը 9,5 միլիարդ։
Այսինքն՝ այնպես չէ, որ անցած տարվա բարձր աճերի ֆոնին արդյունաբերության այս ճյուղերում արտադրության անկում է տեղի ունենում։ Անկումներ են նաև 3-4 տարվա կտրվածքով, ու դա նշանակում է, որ ժամանակին պետք էր ոչ թե ուրախանալ այս ճյուղերում ձևավորված արհեստական աճերով, այլ մտածել կուտակված խնդիրները լուծելու մասին, որպեսզի տարիների հեռվից չունենայինք այսպիսի խղճուկ իրավիճակ։
Եվ դա միայն ոսկեգործությանն ու հիմնային մետաղների արտադրություններին չի վերաբերում, նույնը խմիչքների դեպքում է, որը տարիներ շարունակ եղել է մշակող արդյունաբերության առաջին երկու ճյուղերից մեկը, սակայն վերջին տարիներին հայտնվել է տեղապտույտի մեջ։ Երեք տարի առաջ Հայաստանում ավելի շատ խմիչք էր արտադրվում, քան այսօր։
Տնտեսության մեջ, սոցիալական հատվածում խնդիրները բազմաթիվ են, դրանք հրատապ լուծումներ են պահանջում, բայց լուծելու փոխարեն, բան ու գործ թողած՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է երկրում քաղաքական մթնոլորտը պղտորելով, սրան-նրան վարկաբեկելով, քրեական հետապնդումների, հալածանքների ենթարկելով, ահաբեկելով, գործեր կարելով ու կալանավայրերը լցնելով։ Եվ դեռ հայտնի չէ, թե սա ինչքա՞ն է շարունակվելու։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ