Անդրանիկ Քոչարյանի անհաջող և վտանգավոր սրբագրումը, կամ՝ ինչպես փաշինյանական ոճով մեղքը բարդել բանակի վրա
Ապրիլի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ադրբեջանական խախտումներին, որի հետևանքով վերջերս հայկական կողմը զոհ էր ունեցել, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է.
«Մենք էլ ենք կրակում։ Ամենակարևոր բանը եկեք արձանագրենք. այն, ինչ մերն է, մերն է։ Եթե կրակեն, մենք կրակելու ենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Եթե առաջ մենք ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ»:
Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը, թերևս, իշխանական շրջանակներին դուր չի եկել, կամ գուցե ինքն է հետո գիտակցել իր արած հայտարարության հետևանքը, և, որ հնարավոր է՝ դրա համար իրենից «բացատրություն» պահանջեն, ուստի ավելի ուշ «Ֆակտորի» հետ զրույցում սրբագրել է իր խոսքերը, ինչո՞ւ չէ՝ բառախաղի դիմել՝ ասելով, որ նկատի է ունեցել հոգեբանական գործոնները։
«Ով ասեց՝ հրամանով չէին կրակել, հոգեբանական բարդույթ ունեինք, որը հաղթահարված է: Դա կոչվում է հետպատերազմյան բարդույթ, այսինքն՝ կաշկանդված էին, շփոթված՝ զինվորից մինչև հրամանատար: Այսօր պատկերը լրիվ այլ է»,– պարզաբանել է Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի անհաջող և վտանգավոր սրբագրումը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի այս բառախաղը բավականին անհաջող է և հակասական:
Ինչո՞ւ է հակասական Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը. իր սրբագրված խոսքում ևս, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանը չի հերքում հայկական կողմից եղած՝ չկրակելու հրամանի փաստը, այն դեպքում, երբ 2021 թվականի մայիսին նա դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցում ադրբեջանական կրակոցների և դրանց պատասխանելու խնդրին անդրադառնալով՝ նշել էր. «Եթե մեր վրա կրակում են, մենք էլ պետք է կրակենք։ Ի՞նչ գիտեք, որ չենք կրակում: Ճիշտ չեք ասում: Հակառակ դեպքում մենք կտանք զոհեր՝ չպաշտպանելով մեզ»: Սա՝ առաջին:
Երկրորդ, Անդրանիկ Քոչարյանը գործում է Նիկոլ Փաշինյանի տրամաբանության մեջ և երկրի ղեկավարության՝ չկրակելու հրամանի պատճառով տարածքային կորուստների մեղքը գցում է սպայի, զինվորի վրա, իսկ 2021-2022 թվականներին ավելի քան 150 քկմ տարածք է Ադրբեջանն օկուպացրել:
Երրորդ, Անդրանիկ Քոչարյանը միգուցե ասի՝ ինչո՞ւ են պատերազմից հետո զինվորն ու սպան բարոյահոգեբանական ծանր վիճակում եղել, և, որ խնդիրը նաև այն է, որ պատերազմից հետո Ադրբեջանին են հանձնվել այն տարածքները, որտեղ ոչ մի նահանջ և տարածքային կորուստ չենք ունեցել՝ Քարվաճառ, Քաշաթաղ, Ակնա և այլն: Բարոյահոգեբանական առումով պակաս կարևոր չէ նաև զինվորին թշնամուն դեմ հանդիպման առանց լուրջ սպառազինության ու վրանային պայմաններում թողնելը: Այսինքն, զինվորի, սպայի, հրամանատարի, բանակի թիկունքն ամուր չի եղել, և այս առումով շատ բան չի փոխվել:
Չորրորդ, կարո՞ղ ենք ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանը զինվորին, սպային մեղադրում է վերադասի՝ կրակելու հրամանը չկատարելու մեջ:
ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք-օրենքի հոդված 11-ը սահմանում է՝
Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք: Զինծառայողի կողմից զենքը պահելու, կրելու կանոնները և գործադրելու կարգը սահմանվում են սույն Կանոնագրքով:
Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
– պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով,
– զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով,
– զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով,
– հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:
Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:
Հրամանատարը (պետը) դրանից բացի իրավունք ունի անձամբ զենք գործադրել կամ հրամայել զենք գործադրելու կարգապահության և կարգուկանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:
Այնուհետ հոդված 12-ում շարունակվում է՝
«Զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում այն գործադրելու մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում…»:
Ըստ այս հոդվածի՝ «զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին)»:
Իսկ միանձնյա ղեկավարման մասին հոդված 31-ում նշվում է՝
«Միանձնյա ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ղեկավարման և զինծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է: Դա հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար:
Միանձնյա ղեկավարությունը դրսևորվում է հրամանատարի (պետի)` իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու զինվորական կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ:
Հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն»:
Օրենքով հրամանը կարող է տրվել գրավոր, բանավոր, կապի տեխնիկական միջոցներով` մեկ զինծառայողի, զինծառայողների խմբին կամ զորամասին (ստորաբաժանմանը):
Բայց ըստ հոդված 39-ի, հրամանատարը (պետը), նախքան հրաման տալը, պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար:
Հրամանատարը պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների համար, օրենսդրությանը հրամանի համապատասխանության համար, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի չարաշահման կամ ծառայողական լիազորությունների գերազանցման դեպքում և հրամանի կատարման գործում միջոցներ չձեռնարկելու համար:
Հրամանը պետք է ձևակերպվի հստակ, թույլ չտա երկիմաստություն և չպետք է կասկածներ հարուցի ենթակայի մեջ:
«Պաշտպանության մասին» մասին օրենքի 15-րդ հոդվածում էլ նշվում է.
«Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքներին դիմակայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդ որում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախապես ստանալով պաշտպանության նախարարի հաստատումը, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ արագ իրազեկելով նրան կայացրած որոշման մասին, կարող են որոշում կայացնել զինված ուժերի սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման և (կամ) հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ: Այդպիսի որոշումների կայացման, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանած պարբերականությամբ և կարգով:
Անմիջական պատասխան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության, զինված հարձակումը կասեցնելու և (կամ) դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման գործողությունների մասին որոշումը կայացնում է տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարը` նախապես համաձայնեցնելով այդպիսի որոշումներն ըստ վերադասության, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ սեղմ ժամկետում զեկուցելով վերադաս ղեկավարությանը կայացրած որոշման մասին: Բոլոր նման դեպքերում ձեռնարկվող քայլերը պետք է լինեն համաչափ և սահմանափակվեն անմիջական վերահաս վտանգը կանխելու նպատակով»:
Հինգերորդ, Անդրանիկ Քոչարյանն իր ավելի վաղ ասված խոսքը սրբագրել է, թերևս, հիշելով նաև, որ 2020 թվականից 2021 թվականի հուլիսի 20-ը Պաշտպանության նախարար է եղել Վաղարշակ Հարությունյանը, որին ոչ միայն հաճախ էր հյուրընկալում ԱԺ-ում, այլ նաև ինքն էր հաճախ հյուր լինում նրան ՊՆ-ում: Ավելին, այդ ժամանակահատվածում անգամ կեսկատակ-կեսլուրջ ասում էին, թե Անդրանիկ Քոչարյանը դե ֆակտո պաշտպանության նախարարն է, Վաղարշակ Հարությունյանը՝ դե յուրե միայն:
Իսկ Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածում սահմանային և բնագծային հատվածներում հայ զինվորները հաճախ էին ստիպված լինում ձեռնամարտի բռնվել ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորների հետ, և հենց այդ շրջանում էր չկրակելու հրամանի մասին ամենաշատը խոսվում:
Այս փաստը 2021 թվականի մայիսի 20-ին ԱԺ-ում հաստատել էր անգամ Նիկոլ Փաշինյանը:
«Ես գրառում եմ արել, ասել եմ, որ Անվտանգության խորհրդի նիստում ելույթից հետո տեղեկացա, որ սահմանում լարվածությունն աճում է: Հետո հանդարտվեց այդ իրավիճակը: Ի՞նչ էր տեղի ունեցել: Ես չգիտեմ, լա՞վ եմ անում, որ սա ասում եմ, ըստ երևույթին չպետք է բանը սրան հասներ, բայց ասեմ՝ այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև: Ասում են՝ ՊՆ-ն ինչի հերքեց, հետո հաստատեց: Երբ որ դա հրապարակվեց, գիտեք, ՊՆ-ին զեկուցում են, որ հարձակվեցին, մենք փախա՞նք, չեն զեկուցում նման բան: Վերջնարդյունքն են զեկուցում, դեպք եղավ՝ լուծեցինք: 2 ժամանոց վիդեոյից Ադրբեջանը 2 րոպե կտրում է ու տալիս իր տեղեկատվական ազդեցության գործակալներին: Այդ գործակալներն են տարածում են: Այդ մարդիկ հակապետական են»:
Այս թեման շատ ավելի ուշ դարձյալ շրջանառվել էր ԱԺ-ում: Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 30-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց էր ուղղել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ սահմանին կրակել-չկրակելու հրամանի վերաբերյալ։
«Անցնող առնվազն 3 տասնամյակներում սահմանագծում, առաջնագծում ծառայող զինվորը իմացել է՝ իրեն ինչպես պահի, երբ հակառակորդը կամ թշնամին է իր դիմաց։ Վերջին օրերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Մայիսի 20-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։ Այդ ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նման բան էր հայտարարում, տրամաբանորեն Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է անդրադառնա, որ ամբողջ սահմանում կրակոցներով սահմանը չի պահվում՝ ուղղակի փայտերով իրար ծեծում են։ Այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը որևէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչու առաջնագծում դիրքապահ, մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ստորաբաժանումները որևէ կրակոց չեն արձակել»,- հարցրել էր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորի դիտարկմանը Արման Սարգսյանը պատասխանել էր. «Միայն կարող եմ պնդել, որ չկրակելու հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել, վստահաբար։ Ինչ վերաբերում է ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող, հենց զինվորականների այդ պահի թելադրանքով իրականացրած գործողություններ են»։
Չկրակելու հրամանը պետական դավաճանություն է
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:
Եթե Փաշինյանի այս հայտարարությունն ուղիղ դատենք, ապա կարող ենք ի հակադրում՝ հիշեցնել հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում արած նրա հայտարարությունը՝ «Ես եմ տվել զորքի հետքաշման հրամանը Սյունիքից, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»:
Իհարկե, իրեն ապահովագրելու համար Նիկոլ Փաշինյանն ասել էր նաև, որ քննարկում է եղել, այսինքն՝ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները ներկա են եղել դրան, միանձնյա որոշում չի եղել:
Ավելին, 2021-ի մայիսի 28-ին Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշել էր․
«ԽՍՀՄ քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ սահմանի վերևի մի հատվածն անցնում է ջրի միջով՝ 20-30 տոկոս: Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք՝ եթե, իրոք, այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ ասենք՝ Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու։ Ո՛չ, այդպես չի լինում ուղղակի, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»:
Փաշինյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությանը հակադրող այլ օրինակներ էլ կարող ենք բերել:
Վերևում արդեն օրենքի շրջանակում պարզաբանեցինք կրակել-չկրակելու հրամանը, և ըստ այդմ՝ ինչպես Անդրանիկ Քոչարյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի դեպքում գործ ունենք հրամանատարության վրա ստեղծված իրավիճակի մեղքը բարդելու փորձի հետ, որովհետև «ի բնե հնարավոր չի այնպիսի բան….» ասելով՝ Փաշինյանն այլ կերպ ասում է՝ օրենքով նման բան չի կարող լինել, իսկ լինելու դեպքում…
Այս պնդումն արել ենք նաև ժամանակին, և զարգացումները ցույց տվեցին, որ չէինք սխալվում:
2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում հայտարարեց 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Այս պահին նա գտնվում է կալանքի տակ:
Դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:
Նշենք, որ այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:
Իսկ 2021 թվականին Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս: Արդյոք այդ տեսանյութը քննության առարկա դարձե՞լ է, հայտնի չէ, հնարավոր է՝ ոչ:
Հավելենք, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարած զորամիավորման պատասխանատվության գոտում եղած ՀՀ ինքնիշխան տարածք 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, նա նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր այս տարվա փետրվարին:
Ավելի ուշ 168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանի՝ հրամանատարներին և զինվորներին ուղղված անմեղ և անուղղակի մեղադրանքը ևս կունենա ինչ-ինչ հետևանքներ, ժամանակը ցույց կտա:
Ի դեպ, 2021 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանին փոխարինած Արշակ Կարապետյանը ՊՆ կոլեգիայի նիստում կրակելու հրաման էր տվել։
Ըստ ստացված տեղեկությունների, Արշակ Կարապետյանը հրամայել էր անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել էր, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են։ Սրանից հետո, սակայն, Ադրբեջանը շարունակեց ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ «պոկել» և վերահսկողության տակ առնել:
2021 թվականի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց:
168.am-ը գրել էր, որ պատճառներից մեկը եղել է դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնությունները:
Իսկ վերադառնալով կրակել-չկրակելու հրամանին առնչվող Անդրանիկ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի բառախաղերին, նշենք՝ չկրակելու հրաման չտալ, չի նշանակում՝ կրակելու հրաման տալ: